«Իմ գնահատմամբ՝ կան եւ որոշակի նմանություններ, եւ զգալի տարբերություններ, սակայն ամենակարեւոր նմանությունն, այսպես կոչված, խոշոր պետությունների կամ գերտերությունների կողմից պետական ազդեցության գոտիների ստեղծման հայեցակարգն է:
Կարծես թե 21-րդ դարում դառնում է ընդունելի հայեցակարգ, որ յուրաքանչյուր գերտերություն կամ պետություն, որ առնվազն ձգտում է լինել գերտերություն, պետք է ունենա եւ ունի իր ազդեցության գոտին, որը սովորաբար իր անմիջական կամ ընդարձակ հարեւանության տարածքն է, եւ իր ազդեցության գոտում տվյալ պետությունը պետք է ունենա որոշակի իրավունքներ, որոնք որեւէ կերպ չեն բխում միջազգային իրավունքից ու օրենքից:
Դա, թերեւս, հիմնական նմանությունն է, որ Ռուսաստանը պնդում է, թե իրավունք ունի ունենալու իր ազդեցության գոտին հետխորհրդային տարածքում, եւ ԱՄՆ-ն էլ Թրամփի երկրորդ նախագահության օրոք հստակ հայտարարում է (եթե նայենք վերջերս հրապարակված ազգային անվտանգության ռազմավարությանը), որ պետք է ունենա իր ազդեցության գոտին՝ հանձին արեւմտյան կիսագնդի, այսինքն՝ ԱՄՆ, Կանադա, Մեքսիկա, Կենտրոնական Ամերիկա եւ Հարավային Ամերիկայի պետություններ։ Սկզբունքային առումով՝ սա է նմանությունը, որ գերտերությունը պետք է ունենա իր ազդեցության գոտին եւ իրավունք՝ իր ազդեցության գոտում պաշտպանելու իր շահերը, այդ թվում՝ այնպիսի մեթոդներով, որոնք ուղղակի հակասում են ընդունված միջազգային իրավունքին կամ միջազգային կանոններին»,- Aravot.am-ի խնդրանքով անդրադառնալով Ռուսաստան-Ուկրաինա եւ ԱՄՆ-Վենեսուելա զուգահեռներին ու երկու երկրներում էլ արտաքին միջամտությամբ քաղաքական որոշումներ պարտադրելուն՝ ասաց ԱՊՐԻ Արմենիա վերլուծական կենտրոնի ավագ փորձագետ Բենիամին Պողոսյանը:
«Եթե խոսենք տարբերությունների մասին, դրանք բավականաչափ զգալի են: Վերջին հաշվով, Ուկրաինան 2014թ. վերջից ինտենսիվ պատրաստվում էր Ռուսաստանի դեմ պատերազմին, այդ թվում՝ Արեւմուտքի եւ ՆԱՏՕ-ի աջակցությամբ: 2022թ սկզբին Ուկրաինան արդեն 350-400 հազարանոց բանակ ուներ, որը վերապատրաստվել էր եւ զինված էր ՆԱՏՕ-ի աջակցությամբ, ի տարբերություն Վենեսուելայի, որը վերջին 25 տարիների ընթացքում գրեթե մշտական տնտեսական ճգնաժամի եւ կոլապսի մեջ է: Այդ առումով Ուկրաինան եւ Վենեսուելան դժվար համեմատելի են, եւ Ուկրաինան իրենից ավելի մեծ ուժ էր ներկայացնում 2022թ. սկզբին, քան Վենեսուելան 2026թ. հունվարի 2-ին կամ 3-ին:
Կարդացեք նաև
Բացի դրանից, հատկապես 2014թ դեպքերից հետո երկրի ներսում էլ տասնյակ միլիոնավոր ուկրաինացիների համար Ռուսաստանը դարձել էր համար 1 թշնամի, իսկ հակառուսականությունը՝ միավորող գործոն: Նման բան, սակայն Վենեսուելայում չենք տեսել, ու այնպես չէր, որ Վենեսուելայի բնակչության մեծամասնության համար ԱՄՆ-ի դեմ պայքարելը կյանքի գերնպատակ էր:
Վենեսուելայում Չավեսի՝ վերջին եւ Մադուրոյի կառավարման տարիներին կային տարատեսակ տնտեսական եւ սոցիալական ճգնաժամեր, միլիոնավոր մարդիկ դատապարտված էին ծայրահեղ աղքատության, եւ Մադուրոյից կար զգալի դժգոհություն միլիոնավոր վենեսուելացիների մոտ, որոնք ծանր պայմաններում էին ապրում, տնտեսությունը քաոսի էր մատնված, ինֆլյացիան տարեկան հարյուրավոր տոկոսների էր հասնում: Այս բոլորը հաշվի առնելով՝ կարող ենք ասել, որ նաեւ սրանք են հիմնական տարբերությունները»,-հավելեց ԱՊՐԻ Արմենիա վերլուծական կենտրոնի ավագ փորձագետը:
Մեր հարցին՝ այս ամենի անդրադարձերը ինչպիսի՞ն կլինեն մեր տարածաշրջանի վրա, Բենիամին Պողոսյանը հետեւյալ կերպ արձագանքեց. «Ես ուղղակի ազդեցություն չեմ տեսնում, թեեւ կան կարծիքներ, որ Ռուսաստանը՝ Արեւմուտքի հետ Ուկրաինայում ընթացող պատերազմի պատճառով թուլացել է, չի կարողանում իր դաշնակիցներին օգնել. 2024-ի դեկտեմբերին Ասադը տապալվեց, հիմա Մադուրոն, եւ կան ընկալումներ, որ սա կարող է ուժեղացնել այն տպավորությունը, թե Ռուսաստանը բավականաչափ թույլ է, այդ ընկալումը կա նաեւ Թուրքիայի մոտ, որը կարող է քայլեր ձեռնարկել Հարավային Կովկասում Ռուսաստանին դուրս մղելու եւ Հարավային Կովկասում նրանից ավելի ազդեցիկ խաղացող դառնալու ուղղությամբ: Կարող է նման բան տեղի ունենալ, որ սա Թուրքիայի մոտ ստեղծի ընկալում, որ եկել է պահը (որովհետեւ վերջին 200 տարում Հարավային Կովկասում թիվ 1 արտաքին խաղացողը Ռուսաստանն էր), որ ինքը կարող է օգտվել Ռուսաստանի թուլացումից եւ դառնալ թիվ 1 խաղացողը:
Սա կարող է լինել հետեւանքներից մեկը, Թուրքիայի հաշվարկները կարող են փոխվել, կարող են փոխվել, նաեւ Ադրբեջանի հաշվարկները, Հայաստանի քաղաքական ուժերի հաշվարկները, որ եթե Ռուսաստանը թույլ է, ուրեմն TRIPP ուղի նախագծում Ռուսաստանի հնարավոր ներգրավածության առումով Ռուսաստանի շահերը որոշակիորեն կարելի է անտեսել: Այսինքն, նմանատիպ ընկալումներ են հնարավոր, բայց եթե ավելի լայն իմաստով դիտարկենք, վատն այն է, որ ամեն դեպքում, անկախ նրանից՝ ով ինչպես է վերաբերվում Վենեսուելային կամ Մադուրոյին, մի բան հստակ է՝ եւս մեկ քայլով մոտեցանք միջազգային իրավունքի, իրավակարգի վերջնական քայքայմանը»:
Մեր զրուցակիցն ընդգծում է. «Տեղի է ունեցել օտարերկրյա պետության ղեկավարի փաստացի առեւանգում, ինչը չենք կարող Իրաքի հետ համեմատել, որովհետեւ Հուսեյնի ձերբակալությունը Իրաքի տարածքում է եղել, նրան դատել է Իրաքի դատարանը, թեեւ Իրաքը օկուպացված էր ԱՄՆ-ի կողմից, եւ դատարանը գտնվում էր ամերիկյան ազդեցության ներքո, բայց ֆորմալ առումով Սադամ Հուսեյնին դատեց Իրաքի դատարանը՝ Իրաքի քրեական օրենսգրքի հիման վրա, Իրաքի տարածքում:
Իսկ Վենեսուելայի պարագայում փաստացի երկրի ղեկավարին առեւանգում են իր երկրից, տեղափոխում՝ այլ երկրի բանտ:
Սա եւս մեկ անգամ փաստում է, որ միջազգային իրավունքը, միջազգային կարգը, միջազգային կանոնը ինտենսիվ կերպով անցնում է պատմության գիրկը:
Դա վատ նորություն է ցանկացած փոքր եւ ոչ շատ ուժեղ պետության համար, իսկ Հայաստանը տեղավորվում է փոքր եւ ոչ շատ ուժեղ պետությունների դասակարգման մեջ, որովհետեւ ավելի ու ավելի ենք հայտնվում ջունգլիներում, որտեղ ուժեղն անում է՝ ինչ ուզում է, եւ ոչ մի այլ հնարավորություն չկա: Մենք շրջապատված ենք պետություններով, որոնք մեզանից ուժեղ են եւ առանձնապես մեր հանդեպ դրական զգացումներ չեն տածում, ինչն ընդհանուր առմամբ վտանգավոր է:
Ի՞նչ տեղի կունենա, եթե որեւէ ժամանակ անց մեր հարեւան որեւէ պետություն որոշի, որ ինքն էլ կարող է գալ եւ Երեւանից առեւանգել երկրի ղեկավարին կամ հարված հասցնել երկրին, ինչը փաստորեն դառնում է ընդունելի նորմ:
Փոքր եւ ոչ ուժեղ պետությունների համար սա լավ բան չի նշանակում՝ երկարաժամկետ կտրվածքով: Ընդհանուր այս մթնոլորտի, կանոնների փոխությունը կամ բացակայությունը Հայաստանի համար կարող է խնդիրներ ստեղծել, հատկապես որ, ինչպես արդեն նշեցի, շրջապատված ենք մեզանից հզոր պետություններով, որոնք մեր հանդեպ բարեկամաբար տրամադրված չեն:
Ինչո՞վ ենք վստահ, որ նման խնդիրների առաջ չենք կանգնի, եթե այսօր հնարավոր է դառնում, որ X պետությունը առեւանգի եւ գերեվարի Y պետության ղեկավարին։
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ















































