Լրահոս
Օրվա լրահոսը

Ստիպված ենք արձանագրել, որ միջազգային իրավունքն ուժեղների համար չի գործում. Արմեն Բաղդասարյան

Հունվար 04,2026 18:45

«Ես կարծում եմ այդտեղ ուղիղ զուգահեռներ անցկացնել պետք չէ, որովհետեւ իրավիճակները տարբեր են: Ընդհանուր նմանությունն այն է, որ երկու գերտերություններ փորձում են իրենց անմիջական ներկայությամբ, ինչպես իրենք են համարում, իրենց ազդեցության գոտում թույլ չտալ այլ ազդեցություններ։

Իհարկե, միջազգային իրավունքի տեսանկյունից, նման բաներն իմ պատկերացմամբ, անընդունելի են, բայց նորություն չէ այն, որ աշխարհաքաղաքական հարաբերությունները ուժով են որոշվում:

Ինչպես արդեն նշեցի, այս երկու դեպքում իրավիճակն ուղիղ զուգահեռների կարիք չունի, որովհետեւ Վենեսուելան ԱՄՆ-ի համար անվտանգային սպառնալիք չէր ներկայացնում, այնպես ինչպես Ուկրաինան կարող էր լինել Ռուսաստանի համար»,- Aravot.am-ի խնդրանքով անդրադառնալով Ռուսաստան-Ուկրաինա եւ ԱՄՆ-Վենեսուելա զուգահեռներին ու երկու երկրներում էլ արտաքին միջամտությամբ քաղաքական որոշումներ պարտադրելուն՝ նշեց քաղաքական վերլուծաբան Արմեն Բաղդասարյանը:

«ԱՄՆ-ը Լատինական Ամերիկայի հետ միշտ է այդպես վարվել, դա առաջին դեպքը չէ, ժամանակին ճիշտ այդպես վարվել է Պանամայի, Էկվադորի հետ, հիմա էլ Վենեսուելայի հերթն է, ճիշտ այնպես, ինչպես Ռուսաստանն է դեռեւս Խորհրդային տարիներից այդպես վարվել Աֆղանստանի հետ, հիմա՝ էլ Ուկրաինայի հետ:

Միշտ է եղել այդպես, ուղղակի հիմա ավելի բացահայտ են գործում, ինչը ցավալի է, որովհետեւ ստիպված ենք արձանագրել, որ միջազգային իրավունքը ուժեղների համար չի գործում, դա նշանակում է, որ միջազգային իրավունքի կարմիր գծեր չկան, ինչն արդեն ոչ միայն մեզ, այլեւ բոլորին հուշում է, որ պետք չէ շատ վստահել միջազգային նորմերին ու իրավունքներին, այլ հարկ է ավելի ճկուն եւ խելամիտ քաղաքականություն վարել եւ այնպես անել, որ հանկարծ Հայաստանը եւ տարածաշրջանն էլ չդառնան նման ուժի կիրառման, զավթման թատերաբեմ»,-հավելեց քաղաքական վերլուծաբանը:

 

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031