«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանի ֆեյսբուքյան գրառումը
Մթնոլորտային օդի որակի «թվերի» թակարդը
Վերջին շրջանում լայն տարածում է ստացել օդի որակի կենցաղային տվիչների (sensor) գնումը տարբեր կայքերից և դրանց տեղադրումը ամենաանսպասելի վայրերում․
- տնային գազի կաթսաների ծխատարների մոտ,
- ավտոկայանատեղիներում,
- պատշգամբներում, որտեղ պարբերաբար ծխում են,
- խոհանոցների կամ բուխարիների հարևանությամբ։
Արդյունքում ստացվում են չափազանց բարձր և իրականությանը չհամապատասխանող ցուցանիշներ, որոնք հետո տարբեր կայքերում ներկայացվում են որպես «քաղաքի օդի իրական վիճակ»։
Կարդացեք նաև
Պետք է հստակ հասկանալ․
կենցաղային տվիչները չեն չափում շրջակա միջավայրի ֆոնային օդի որակը։ Դրանք արձագանքում են տեղային աղբյուրներին՝ ծխախոտի ծխին, գազօջախին, մեքենայի արտանետումներին, անգամ խոհարարական գոլորշիներին։
Օդի որակի իրական գնահատման համար չափումները պետք է իրականացվեն՝
- ստանդարտացված բարձրության վրա,
- տեղային աղտոտման աղբյուրներից հեռու,
- հավաստագրված սարքավորումներով,
- միասնական մեթոդաբանությամբ և շարունակական հսկողությամբ։
Հակառակ դեպքում ստացվում է ոչ թե օդի որակի պատկեր, այլ մեկ կոնկրետ ծխախոտի կամ արտանետման աղբյուրի ազդեցության պատկեր:
Հետևաբար՝ օդի որակի վերաբերյալ եզրակացություններ անելիս անհրաժեշտ է հետևել բացառապես պաշտոնական, հաստատված դիտարկումների տվյալներին, որոնք հավաքվում են մասնագիտական կայաններում և համեմատելի են միջազգային չափանիշների հետ։
Տարեվերջին կառավարության կողմից ընդունվեց որոշում (25.12.2025թ. 1958-Ն), որով սահմանվում են մթնոլորտային օդի պետական մոնիթորինգի և օդի որակի տվյալների տրամադրման կարգը, մոնիթորինգի իրականացման, տվյալների հավաքման, վերլուծության, գնահատման և հանրությանը տրամադրման ընթացակարգերը։ Որոշմամբ ամրագրված է, որ պետական մոնիթորինգը իրականացնում է միայն ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը, և օդի որակի տվյալներ կարող է տրամադրել միայն ՊՈԱԿ-ը։
Հարգելի քաղաքացիներ, օդի որակի վերաբերյալ տեղեկատվության համար օգտվեք միայն պաշտոնական աղբյուրից՝ ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ։


















































