Լրահոս
Օրվա լրահոսը

Մոնրոյի դոկտրինի հիշատակումը եւ Թրամփի հավելումը նրա՝ պատմության մեջ մնալու փառասիրական ձգտման արդյունք է․ Արի Անդրանիկյան

Հունվար 05,2026 10:16

Մոնրոյի դոկտրինը կորցրել է իր արդիականությունը, Aravot.am-ի հետ զրույցում ասաց «Ամերիկյան ապրելաոճը երկընտրանքի առաջ» գրքի հեղինակ Արի Անդրանիկյանը՝ մեկնաբանելով Վենեսուելա ամերիկյան ներխուժումը հիմնավորելու համար նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Մոնրոյի դոկտրինի հիշատակումը։

 

Մոնրոյի դոկտրինը կիրառվում է 1823-ից

Մոնրոյի դոկտրինը Միացյալ Նահանգների արտաքին քաղաքականության հիմնադրույթ է դարձել 1823 թվականին՝ հինգերորդ նախագահ Ջեյմս Մոնրոյի պաշտոնավարման օրոք։

Ըստ այդ դոկտրինի՝ ամերիկյան մայրցամաքները այլեւս անհասանելի են եվրոպական տերությունների կողմից գաղութացվելու համար, եւ եվրոպացիների կողմից ցանկացած միջամտություն արեւմտյան կիսագնդում դիտվելու է որպես վտանգ Միացյալ Նահանգների անվտանգության եւ խաղաղության հանդեպ։

 

«Հիմա այն կոչում են «Դոնրոյի փաստաթուղթ»․ Թրամփ

Շաբաթ կեսօրին Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի գերեվարմանը նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ նախագահ Թրամփը պնդել էր, որ Մադուրոն տարածաշրջանում տեղակայել է վարձկանների, իրենց զենք-զինամթերքով, որը հակասում է ԱՄՆ շահերին եւ վտանգում է ամերիկացիների կյանքերը։

«Բոլոր այս գործողությունները կոպտորեն խախտում էին ավելի քան երկու դար ձգվող ամերիկյան արտաքին քաղաքականության հիմնական սկզբունքները, Մոնրոյի դոկտրինը։ Դա լուրջ բան է։ Բայց մենք խոշորապես գերազանցել ենք դա։ Հիմա այն կոչում են «Դոնրոյի փաստաթուղթ» (բառախաղ է՝ Դոնալդ → Դոնրո – հեղ․)։ Ոնց որ թե մոռացել էինք Մոնրոյի դոկտրինի մասին։ Շատ կարեւոր էր, բայց մոռացել էինք», – ասել է Թրամփը եւ շարունակել՝ «Այլեւս չենք մոռանալու։ Ազգային անվտանգության մեր նոր ռազմավարության շրջանակում այլեւս հարցականի տակ չի դրվի արեւմտյան կիսագնդում մեր գերիշխանությունը։ Չի լինելու նման բան»։

 

«Ըստ ամենայնի՝ պատմության մեջ մնալու փառասիրական ձգտման արդյունք»

Բայց ինչպե՞ս է եվրոպական տերությունների գաղութատիրական նկրտումները զսպելուն ուղղված դոկտրինը Թրամփի կողմից կիրառվում լատինաամերիկյան երկիր ներխուժելու եւ պետության ղեկավարին գերեվարելու համար։

«Մոնրոյի դոկտրինը կորցրել է իր արդիականությունը, նույնիսկ Օբամայի պետքարտուղար եւ 2004-ին Բուշ կրտսերի մրցակից Ջոն Քերին հայտարարել էր, որ Մոնրոյի դոկտրինի դարաշրջանը ավարտվել է։

Թրամփը Ձեր կողմից հիշատակված ելույթում խոսել էր իր կողմից Մոնրոյի դոկտրինի փոփոխվելու մասին՝ անվանելով այն Դոնրոյի դոկտրին։

Մոնրոյի դոկտրինի հիշատակումը եւ Թրամփի հավելումն, ըստ ամենայնի, նրա՝ պատմության մեջ մնալու փառասիրական ձգտման արդյունք է, չարժե դրան շատ ուշադրություն դարձնել։ Պատմության մեջ մնալու համար ներկա վարչակազմը պետք է հաջողությամբ ավարտին հասցնի Վենեսուելայում ժողովրդավարության կառուցման գործընթացը, ինչը ոչ միշտ է Միացյալ Նահանգների համար հաջող ստացվում», – ասում է Անդրանիկյանը։

Վենեսուելայի ճակատագիրը, կարծում է Անդրանիկյանը, կարող է վնասել ԱՄՆ-ի եւ 2028-ին նախագահի հնարավոր թեկնածու, Թրամփի փոխնախագահ Ջեյ Դի Վենսի հեղինակությանը։

 

Բարդություններ Վենսի համար

«Վենեսուելայում ժողովրդավարության կառուցման ձախողման պարագայում այս գործողությունը դիտելու է սոսկ շահադիտություն` նավթի համար, եւ այն խիստ կվնասի թե՛ Միացյալ Նահանգների հեղինակությանը, թե՛ Թրամփի ենթադրյալ ժառանգորդ Վենսի նախագահական ամբիցիաներին։ Հանրապետական կուսակցության ներսում ճանապարհ կբացվի հակա-ինտերվենցիոնիստների համար՝ ի դեմս Թոմաս Մասսիի, եւ դեմոկրատները լուրջ առավելություն կունենան. Թրամփի «խաղաղարար նախագահի» համբավը խիստ կվնասվի», – ասաց զրուցակիցս։

Անդրանիկյանը զարմանալի չհամարեց, որ Թրամփը, ինչպես ԱՄՆ այլ նախագահներ, շրջանցեց պատերազմական գործողություններ մեկնարկելուց առաջ Կոնգրեսից թույլատվություն ստանալու օրենսդրական պահանջը։

 

«Անսպասելիության տարրը գուցե էլ չլիներ»

«Մանավանդ Թրամփի դեպքում շատ օրինաչափ է, որ առանց Կոնգրեսի հավանության պետք է դա լիներ։ Հետո, հավանություն ստանալիս գուցե խնդիրներ ունենային, անսպասելիության տարրը գուցե էլ չլիներ։ Որքան էլ ամիսներ շարունակ խոսվում էր, որ Միացյալ Նահանգները նման գործողության է պատրաստվում, բայց ամեն դեպքում անսպասելի էր», – ասում է նա։

Անդրանիկյանի խոսքով՝ երաշխավորված չէր, որ հանրապետական մեծամասնությամբ Կոնգրեսը կարտոներ Թրամփի գործողությունը։

«Հանրապետական մեծամասնությունը միանշանակ չէ, մանավանդ այսպիսի հարցերում։ Եթե միանշանակ լիներ, նախորդ տարում նման երկարատեւությամբ government shutdown (ԱՄՆ կառավարության աշխատանքի դադարեցում – հեղ․) չէր լինի»։

 

 «Իրավապահ գործողություն էր»․ Ռուբիո

Ավելի վաղ ԱՄՆ պետական քարտուղար Մարկո Ռուբիոն բացատրել էր, որ Կոնգրեսից թույլատվություն ստանալու անհրաժեշտություն չկար, քանի որ «սա ներխուժում չէր, սա ձերբակալության գործողություն էր, իրավապահ գործողություն էր»։

 

Արսեն ԱՅՎԱԶՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031