«Օրվա խորհուրդը Աստծո լույսի եւ հավատքի հանդիպման մասին է։ Իսկ Աստծո լույսը հանդիպում է այն հավատավորներին, ովքեր ոչ միայն հավատում են, այլեւ համբերում եւ սպասում են։ Ուստի, չի կարելի շեղվել օրվա խորհրդից։ Քրիստոնեական հանդարտությամբ պետք է վերաբերվել այն ամենին, ինչ տեղի է ունենում մեր շուրջ։ Չեմ կարծում, թե մեր հավատքին, մեր հազարամյակների պատմություն ունեցող եկեղեցուն կարող է ինչ-որ թուղթ, ստորագրություն շեղել հավատքի գծից»,- Մայր աթոռի բակում Ճրագալույցի պատարագից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը՝ անդրադառնալով երեկ հայտարարված եկեղեցու «բարենորոգման» գործընթացին եւ Նիկոլ Փաշինյանի կողքին կանգնած 10 եպիսկոպոսների վարքագծին։
Մամիկոն Ասլանյանը գտնում է, որ այդ ամենը ժամանակավոր են, խայտաբղետ երեւույթներ, այդպիսիք միշտ են եղել։ Բայց համոզված է՝ բոլորիս սպասումները կարդարացվեն։
«Ես չգիտեմ՝ գործնական քայլը ո՞րն է՝ բացի հավատալը, աղոթելը։ Առ Աստված խոսք ու միտք ունենալուց զատ ի՞նչ գործողություն պետք է անել։ Շեշտում եք տաս հոգուն կարգալույծ անելը․ ենթադրենք եպիսկոպոսաց դասը ընդհանրապես չկա՝ Հայ առաքելական եկեղեցին վերացա՞վ․․․ ինչ 10, 11, 6, 7»,- ասաց նա՝ հավելելով, որ պետք է ավելի լայնախոհ լինել եւ չտրվել պատրանքներին, գայթակղություններին, չգնալ խայծերի ետեւից։
Կարդացեք նաև
Պատարագի մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ


















































