Լրահոս
Օրվա լրահոսը

Սուրբ Ծնունդը պարզապես մեծ տոն չէ։ Այն նաև հնարավորություն է՝ տրված մեզ խորհելու, զգալու և գիտակցելու համար. Մեսրոպ Առաքելյան

Հունվար 05,2026 21:21

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Այսօր, երբ մենք նշում ենք Սուրբ Ծնունդը, կցանկանայի հիշեցնել Հիսուս Քրիստոսի խոսքերը. «Ամեն թագավորություն, որ ինքն իր մեջ բաժան-բաժան է լինում, կործանվում է, և ամեն քաղաք կամ ընտանիք, որ ինքն իր մեջ բաժանված է, կանգուն չի մնում»։

Վերջին տարիներին այս խոսքերը, առավել քան երբևէ, դարձել են խիստ արդիական և ձեռք են բերել առանձնահատուկ նշանակություն։

Մի բան է, երբ թշնամիդ արտաքին է․ նրա չարագործությունը հասկանալի է, կանխատեսելի է և տրամաբանական։ Դարեր շարունակ թշնամին ավիրել է մեր երկիրը, կոտորել մեզ, ոտնահարել մեր ինքնությունը։

Արդյունքում մենք ցրվել ենք աշխարհով մեկ՝ պետականության երազանքը սրտերում պահած։ Սակայն անհամեմատ ավելի սարսափելի է, երբ հարյուրամյակներ անց, վերջապես ձեռք բերելով բաղձալին, մենք հայտնվել ենք մի իրավիճակում, երբ երկիրը «կործանվում է», որովհետև «բաժան-բաժան է»։

Որովհետև «ինքն իր մեջ բաժանված է» «ընտանիքը»։ Ընտանիքները․․․

Մի կարճ արտահայտությամբ Տերը բացատրում է, որ ներքին թշնամանքը, պառակտվածությունն ու անհաշտությունը շատ ավելի կործանարար են, քան ցանկացած արտաքին միջամտություն։ Եվ հենց այդ պատճառով այսօր մեզ համար կենսական նշանակություն ունի միասնականությունը։ Միասնականությունը՝ հանուն այն բանի, որ մեր տունը «չբաժանվի ինքն իր մեջ», որպեսզի այն վերջնականապես «չկործանվի»։

«Ով ինձ հետ չէ, հակառակ է ինձ…» Տիրոջ այս խոսքը բարու և չարի միջև ընտրության մասին է։ Այն ընտրության, որը մեզանից յուրաքանչյուրը պարտավոր է կատարել։

Հատկապես այս տարի, երբ մեր ընտրությունն է որոշելու՝ արդյոք մենք կշարունակենք ԼԻՆԵԼ, թե կկործանվենք՝ բաժանվելով մենք մեր մեջ։ Սուրբ Ծնունդը պարզապես մեծ տոն չէ։

Այն նաև հնարավորություն է՝ տրված մեզ խորհելու, զգալու և գիտակցելու համար։ Հնարավորություն՝ ինքն իր հետ հաշտվելու, ինքն իր մեջ բաժան-բաժան եղած մեր Երկրին, մեր Տանը։

Մեր մեծ Ընտանիքին, որը մենք այլևս իրավունք չունենք թույլ տալու, որ քանդվի-քայքայվի ներսից։ Շնորհավոր Սուրբ Ծնունդ, Ընտանիքի սիրելի անդամներ»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031