«Անցյալ տարի Ամանորի կեսգիշերին հոսանքազրկված է եղել մեր հանրապետության 32000 բաժանորդ, այս տարի Ամանորի նախօրեին հոսանքազրկված է եղել 9200 բաժանորդ՝ գրեթե չորս անգամ պակաս»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը։
Նա հորդորեց՝ ՀԷՑ-ին աջակցեք, մի թիրախավորեք, քանի որ ՀԷՑ-ը մեր պետության և ազգային հարստությունն է․ «Բոլորդ գիտեք՝ ինչ մաշված ու ոչ բարեկարգ վիճակում է գտնվում ՀԷՑ բաշխիչ ենթակայանը, ահա այդ իրավիճակով պայմանավորված, ինչպես նաև վերջին շրջանում էլ սպառման շեշտակի աճի պայմաններում, որոշ ենթակառուցվածքներում ունեցել ենք վթարային իրավիճակ։ Վարդաշեն էլեկտրակայանը, որ սպասարկում է Էրեբունի վարչական շրջանը, նախատեսված որոշակի թվով բաժանորդների համար բեռը 25-30 տոկոսով բարձրացել էր, այդ հրդեհը, ապա նաև անջատումը պայմանավորված էր դրանով, սենսացիա մի սարքեք, նման բաներից անգամ եվրոպական երկրներն ապահովագրված չեն։ 48-52 ժամ աշխատանքներ են տարվել ահռելի ծավալի»։
Լրագրողները հարցրին՝ ի՞նչն է պատճառը ՀԷՑ-ում համատարած պայմանագրեր խզման, աշխատանքից ազատումների, Ռոմանոս Պետրոսյանը վստահեցրեց՝ որևէ պայմանագիր, որը պայմանավորված է օպերատիվ կառավարման ենթակառուցվածքների նորացման, ցանցի վերազինման հետ, չի խզվել, վերաբանակցվել է․ «Խզվել են այն պայմանագրերը, որոնց համաձայն՝ ուռճացված կառավարման հետևանքով ձեռք են բերվել սարքավորումներ, որոնք ամիսներով կարող էին պահեստներում մնալ, ուռճացված ծախսերը կրճատելու համար են պայմանագրերը խզվել։ Մասնագիտական ներուժը չի տուժել․ հայեցողական պաշտոնների հետ կապված էլ նշեմ՝ թիմային քաղաքական վստահություն վայելող շրջանակներին պետք է դիտարկենք։ Որևէ արկածախնդրության հարց չկա»։ Լրագրողների հարցին՝ Ձեր՝ միլիոնավոր դրամների աշխատավարձը ուռճացված չէ՞, այս հարցին Ռոմանոս Պետրոսյանը չպատասխանեց։ Հետաքրքրվեցին՝ որքա՞ն աշխատավարձ է ստանում, ՀԷՑ ժամանակավոր կառավարիչն արձագանքեց․ «Ես հայտարարատու անձ եմ, կհայտարարագրեմ, կտեսնեք։ Իմ կենսակերպը ձեր աչքի առաջ է․ ոչինչ չունեմ թաքցնելու»։
Կարդացեք նաև
Լրագրողները հետաքրքրվեցին՝ ինչպե՞ս է վերաբերվում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին, երբ ասում է, որ եկեղեցին ու պետությունն այլևս միասին են, բայց փաստ է, որ ըստ Սահմանադրության՝ եկեղեցին ու պետությունն անջատ են, Ռոմանոս Պետրոսյանն արձագանքեց․ «Խնդրում եմ չխեղաթյուրել․ Սահմանադրությամբ պետությունն անջատ է եկեղեցուց, բայց եկեղեցին չպիտի գործի պետության ու պետականության դեմ։ Վարչապետի ասածը դա էր։ Եկեղեցին պետք է լինի միակամ պետության հետ»։
Ամբողջությամբ՝ տեսանյութում
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ



















































Իյա, իրոք?,
Փաստորեն ռոմանոս անկարողի ականջին ինչ-որ մեկը փսփսացել է, որ եվրոպական երկրներում էլ են հոսանքազրկումներ լինում, բայց նրան չեն ասել, որ դրանք այնտեղ շատ կարճ են տևում և նման դեպքերում Եվրոպայում բնակիչներից ներողություն են խնդրում, վթարը արագ վերացնում, տուգանքներ վճարում և քո նման գործը չեն թողնում ու գնում ՈւՂՏերթի մասնակցելու, որ Կաթողիկոս փոխեն։
Եվ ընդհանրապես, քո նման ոչ մասնագետը Եվրոպայում չէր կարող էլեկտրաէներգիա մատակարարող ընկերության ղեկավար նշանակվել։