Գրենլանդիայի վարչապետ Յենս-Ֆրեդերիկ Նիլսենն «անհարգալից» է անվանել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նոր հայտարարությունները կղզու վերաբերյալ, որոնք նա հնչեցչել է Վենեսուելայում ԱՄՆ ռազմական գործողության քննարկման ֆոնին, իսկ Դանիայի կառավարության ղեկավար Մետտե Ֆրեդերիկսենը ԱՄՆ-ին կոչ է արել դադարեցնել սպառնալիքները։ Այս մասին հայտնում է «Դոյչե Վելլե»-ն:
«Բացարձակ անիմաստ է խոսել Գրենլանդիան Միացյալ Նահանգների կողմից գրավելու անհրաժեշտության մասին։
ԱՄՆ-ն որևէ իրավունք չունի անեքսիայի ենթարկել Դանիական թագավորության կազմի մեջ մտնող երեք երկրներից որևէ մեկը (Դանիա, Գրենլանդիա, Ֆարերյան կղզիներ – խմբ.)», – Reuters գործակալությունը մեջբերում է Դանիայի վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենի հայտարարությունը, որով նա ԱՄՆ-ին կոչ է արել «դադարեցնել սպառնալիքները պատմականորեն մտերիմ դաշնակցի, ինչպես նաև այլ երկրի և այլ ժողովրդի հասցեին»։
Ֆրեդերիկսենը հիշեցրել է, որ Վաշինգտոնն արդեն ստացել է Գրենլանդիայի պատասխանը․ կղզին վաճառքի ենթակա չէ։
Կարդացեք նաև
Նմանատիպ դիրքորոշում է հայտնել նաև Գրենլանդիայի վարչապետ Յենս-Ֆրեդերիկ Նիլսենը։ «Երբ Միացյալ Նահանգների նախագահն ասում է՝ «մեզ Գրենլանդիան է պետք» և կապում է մեզ Վենեսուելայի ու ռազմական միջամտության հետ, դա պարզապես սխալ չէ, դա անհարգալից վերաբերմունք է», – Նիլսենի խոսքն է մեջբերում Reuters-ը:
«Մենք այն իրավիճակում չենք, որ մտածենք, թե երկրի գրավումը կարող է տեղի ունենալ մեկ գիշերվա ընթացքում: Դուք չեք կարող Գրենլանդիան Վենեսուելայի հետ համեմատել։ Մենք ժողովրդավարական երկիր ենք», – Reuters-ի փոխանցմամբ՝ մայրաքաղաք Նուուկում կայացած մամուլի ասուլիսում նշել է վարչապետ Յենս-Ֆրեդերիկ Նիլսենը։
Թրամփի խոսքով Գրենլանդիան Չինաստանի և Ռուսաստանի նավերով է «շրջապատված»
Ֆրեդերիկսենի և Նիլսենի հայտարարությունները արձագանք էին Թրամփի խոսքին, որը նա հնչեցրել էր The Atlantic պարբերականի լրագրող Մայքլ Շերերի հետ զրույցում։
Լրագրողը ԱՄՆ նախագահին հարցեր էր ուղղել Վենեսուելայում իրականացված ռազմական գործողության և այնտեղի ղեկավար Նիկոլաս Մադուրոյի ձերբակալման վերաբերյալ։ Այդ համատեքստում Թրամփը նշել էր, թե Վենեսուելան կարող է ԱՄՆ միջամտության վերջին երկիրը չլինել։
«Մեզ բացարձակապես անհրաժեշտ է Գրենլանդիան», – ասել է Սպիտակ տան ղեկավարը՝ հավելելով, որ կղզին «շրջապատված է ռուսական և չինական նավերով»։ Միևնույն ժամանակ Թրամփը հայտարարել է, որ «ուրիշները պետք է որոշեն, թե Վենեսուելայում ԱՄՆ ռազմական գործողությունները ինչ են նշանակում Գրենլանդիայի համար»։ Մայքլ Շերերի խոսքով՝ այստեղ Թրամփը նկատի է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյին, որը Վենեսուելայի գործողությունների ֆոնին կոչ էր արել «ուշադրություն դարձնել» Գրենլանդիայի իրավիճակին և նշել, որ Թրամփը «լուծում է այն խնդիրները, որոնց մասին խոսում է»։
«Երեկ Մարկոն շատ բարեհաճ խոսեց իմ մասին», – ասել է Թրամփը։ – Գիտեք, այդ պահին ես նկատի չունեի Գրենլանդիան։ Բայց մեզ Գրենլանդիան իսկապես պետք է, անկասկած։ Այն մեզ պետք է պաշտպանության համար»։
Թրամփի խորհրդականի կինը հրապարակել է Գրենլանդիան ԱՄՆ դրոշի գույներով պատկերող նկար
Գրենլանդիայի վերաբերյալ Թրամփի հավակնությունների մասին հիշեցրել է ոչ միայն Մարկո Ռուբիոն։ Հունվարի 4-ին Թրամփի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Սթիվեն Միլլերի կինը՝ Քեթի Միլլերը, X սոցիալական ցանցում նկար է հրապարակել , որում Գրենլանդիա կղզին պատկերված է ԱՄՆ դրոշի գույներով։ Պատկերի մակագրությունը եղել է՝ «Շուտով»։
Այս քայլն աննկատ չի մնացել Կոպենհագենում։
«Իմ երկիրը պահանջում է Դանիայի տարածքային ամբողջականության անվերապահ հարգում», – գրառումն այսպես է մեկնաբանել է ԱՄՆ-ում Դանիայի դեսպան Յեսպեր Մյոլլեր Սյորենսենը։ Նրա խոսքով՝ Դանիան և ԱՄՆ-ը «մոտ դաշնակիցներ են և պետք է շարունակեն համատեղ աշխատանքը հենց այդ կերպ»։
Գրենլանդիան Դանիայի կազմում գտնվող ինքնավար տարածք է, որը գտնվում է Արկտիկայում։ Դոնալդ Թրամփի երկրորդ նախագահական ժամկետի սկզբից նա բազմիցս ընդգծել է, որ ազգային անվտանգության «նկատառումներից ելնելով» մտադիր է Գրենլանդիան միացնել ԱՄՆ-ին։
2025 թվականի վերջում Սպիտակ տունը Գրենլանդիայի հարցերով հատուկ բանագնաց էնշանակել, որը խոստացել է աշխատել կղզին ԱՄՆ-ի մաս դարձնելու ուղղությամբ։
Դանիայում և հենց Գրենլանդիայում այս որոշումը բացասաբար է ընդունվել:
Հիշեցնենք, ԱՄՆ-ն հարվածներ էր հասցրել Վենեսուելային: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել էր, որ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն և նրա կինը՝ Սիլիա Ֆլորեսը «գերեվարվել են ու օդային ճանապարհով դուրս բերվել երկրից»:
Fox News հեռուստաալիքի «Fox & Friends»-ի հաղորդավարների հետ հեռախոսազրույցում Թրամփը նշել է, թե դա ուղերձ չէր Մեքսիկային, սակայն շեշտել. «Մեքսիկայի հետ ինչ-որ բան պետք է արվի»:
Թրամփն ասել է, թե ինքը Մեքսիկայի նախագահ Կլաուդիա Շեյնբաումին առաջարկել է, որ ԱՄՆ-ն «վերացնի» կարտելները։
«Մենք նրա հետ բարեկամական հարաբերություններ ունենք, նա լավ կին է։ Բայց Մեքսիկան կառավարում են կարտելները։ Նա՛ չի կառավարում Մեքսիկան, կարտելներն են կառավարում Մեքսիկան», – ասել է Թրամփը։



















































