Լրահոս
Օրվա լրահոսը

«Օտար դավեր»… բայց՝ ո՞ւմ կողմից

Հունվար 07,2026 10:00

Երբ Միխեիլ Սաակաշվիլին եւ նրա թիմն իշխանություն էին, նրանք ուղիղ տեքստով տալիս էին այն երկրի անունը, որը, նրանց կարծիքով դավեր էր նյութում Վրաստանի դեմ: Ցանկացած ընդդիմախոսի հարեւան երկրի այն ժամանակվա իշխանության ներկայացուցիչներն անվանում էին «Կրեմլի գործակալ»: Դա անում էին իշխանավորներն անձամբ, ոչ թե՝ միայն իշխանական-մերձիշխանական քարոզչությունը կամ իշխանական արբանյակ կուսակցությունները: Չնայած դա ակնհայտ պարանոյա էր, բայց այդ մոտեցման մեջ ես որոշակի ազնվություն, անկեղծություն եւ, եթե ուզում եք, տղամարդկություն եմ տեսնում:

Հայաստանի իշխանավորներն այդքան համարձակություն չունեն. նրանք խոսում են ակնկարկներով՝ «այլ երկրի շահեր», «օտար միջամտությունը», «դրսի դավադրություն» եւ այլն: Թեեւ պարզ է, որ խոսքը Ռուսաստանի մասին է, Փաշինյանը եւ նրա թիմն առաջնորդվում են «Հարի Փոթերում» ընդունված բանաձեւով՝ «նա, ում անունը չի կարելի տալ»: Թե չէ, եթե անունը սկսեն տալ, բացառված չէ, որ Մոսկվայից խնդրել պարզաբանել, թե ինչ նկատի ունեն եւ այդ ինչի հիման վրա են պնդում, որ Հայաստանի ընդդիմությունն ավելի մոտ է Կրեմլին, քան Հայաստանի իշխանությունը:

Ավելին՝ իշխանության քարոզիչներն ու արբանյակները պնդում են, որ «պուպուշ» ԱՄՆ-ը եւ «պուպուշ» ԵՄ-ն ուզում են, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ «հաստատված խաղաղությունը» հարատեւ լինի, իսկ ահա չարամիտ Ռուսաստանը ցանկանում է, որ մեր մեջ նոր պատերազմ սկսվի: Բայց այդ ամբողջ առասպելաբանությունը կոտրում է ինքը՝ Փաշինյանը, որը Մոսկվայում շնորհակալություն է հայտնում Պուտինին՝ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղությանը նպաստելու համար: Դա մի քիչ նման է ոչ այնքան լավ ու գովելի բնավորությանը, երբ մարդու երեսին մի բան են ասում, իսկ մեջքի հետեւում՝ մեկ այլ բան:

Իրականում, իհարկե, ամեն ինչ պարզ է. սեփական հարթուղեղ ընտրազանգվածին պետք է «կերցնել» առասպելն այն մասին, որ Ռուսաստանն ու հայաստանյան ընդդիմությունը անվերջ պայքար են մղում Հայաստանի ինքնիշխանության դեմ, իսկ Փաշինյանը դրան հերոսաբար դիմադրում է: ԵՄ-ն էլ դրա տակ փող է տալիս: Իսկ ահա Ռուսաստանի ղեկավարության հետ շփումներում այդ ամենը մոռացվում է եւ տանն առյուծ ձեւացողը դառնում է փիսիկ:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Aha says:

    Նրա համար կարևորը թշնամու կերպար ստեղծելն է։

    2018-ի կամ 2019-ի ամռանը (ճշգրիտ չեմ հիշում), վարչապետը Իրան կատարած այցի ժամանակ պատասխանում է լրագրողների հարցերին և ասում է մոտավորապես հետևյալը. Մեր հետախուզական ծառայություններում շատ օտարերկրյա լրտեսներ կան, և մենք նաև կարծում ենք, որ Ղարաբաղի ղեկավարությունը կարող է մինի պատերազմ կազմակերպել՝ մի քանի շրջաններ Ադրբեջանին հանձնելու և մեր կառավարության վրա մեղքը բարդելու համար։

    Վարպետության դաս՝ ձեր հակառակորդներին երևակայական և կեղծ մեղադրանքներով (զրպարտություններով) չեզոքացնելու վերաբերյալ։

  2. ՓՀՀ բոլոր ընդդիմադիր ուժեր, միացեք:

    Կայացնել Փլուզվող Հայաստանի Հանրապետության, ՓՀՀ, Վերականգնողական Խորհրդի հիմնադիր նիստ: Հիմնադիր հայտարարությամբ ձևակերպել սկզբունքներն ու նպատակները:

    Հաջորդող, առաջին նիստի ընթացքում քննարկվել
    ա) պետության բարենորոգման գործընթացի հիմնական ուղղությունները;
    բ) կազմակերպչական քայլերը և
    գ) առաջիկա աշխատանքների շրջանակը:
    Կարևորել գործընթացի իրականացումը ներառականության, հանրային վստահության, թափանցիկության և պատասխանատվության սկզբունքներով՝ նաև ընդգծելով հայրենասերների և մոլորվածների [նիկոլականների] մերձեցման ուղղված քայլերի անհրաժեշտությունը:

    Վերականգնողական Խորհուրդը ողջունելու է բոլոր ընդդիմադիր ուժերի ներդրումը ի նպաստ պետականության սյուների վերանորոգման, վերահաստատման գործում։
    Նիստում անհրաժեշտ է քննարկել Վերականգման համակարգող խորհրդին կից աշխատանքային, Մասնագիտական Խորհրդի կազմը` ողջունելով բոլոր մասնակցող ուժերի ներկայացրած թեկանածուների մասնագիտական դիմումները:

    Վերականգման Համակարգող խումբը ստեղծում է ճանապարհային քարտեզ (հիմնադիր նիստում, հունվա՞ր) և Մասնագիտական խորհուդը կայացնում է անհրաժեշտ որոշումներ (առաջին, երկրորդ նիստերում` փետրվար) ուղղված արագ ու որակյալ վերականգման գործընթացներին:
    Ճանապարհային քարտեզին տալ քաղաքական ձևակերպում և առաջնորդվել ընտրություններում: Ամեն ընդդիմադիր ուժ կարող է ավելացնել (բայց ոչ հակառակը) սկզբունքներն ու նպատակները:

    Գործընթացները կսկսվեն ընտրություններից հետո: Մինչդեռ, ամբողջ ուղեղային աշխատանքը պետք է անել նախքան:
    Ուշանալը մահացու է:

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031