Երիտասարդությունը ցանկացած հասարակության շարժիչ ուժն է, և նրա ներուժի բացահայտումը հաճախ դառնում է պետական քաղաքականության առաջնահերթություն։ Ռուսաստանն ու Հայաստանը, որոնք պատմական ու մշակութային ամուր կապեր ունեն, 2020 և 2025 թվականներին համապատասխանաբար ընդունել են երիտասարդական քաղաքականության մասին հատուկ օրենքներ։ Այս երկու փաստաթղթերը, թեև ունեն ընդհանուր նպատակներ, բայց արտացոլում են տարբեր մոտեցումներ և ազգային առաջնահերթություններ։
Երկու օրենքներն էլ սահմանում են երիտասարդի տարիքային միջակայքը․ Հայաստանը՝ 13-35 տարեկան, իսկ Ռուսաստանը՝ 14-35 տարեկան, ինչպես նաև տալիս են «երիտասարդ ընտանիքի» սահմանումը։ Սա ցույց է տալիս, որ երկու երկրներն էլ ճանաչում են երիտասարդության՝ որպես հասարակության առանձին հատվածի նշանակությունը։
Սակայն, եթե մանրամասն ուսումնասիրենք, կտեսնենք հետաքրքիր տարբերություններ։ Ռուսաստանի օրենքը շատ ավելի մանրամասն և կառուցվածքային է. այն պարունակում է 21 հստակ թվարկված հիմնական ուղղություն՝ սկսած հայրենասիրական դաստիարակությունից ու միջէթնիկական համերաշխությունից մինչև բնակարանային խնդիրների լուծում և ձեռնարկատիրական աջակցություն։ Հայաստանի օրենքն ավելի շատ կենտրոնացած է ընդհանուր սկզբունքների վրա՝ առանց կոնկրետ ուղղությունների, այն ավելի դեկլարատիվ է։
ՀՀ օրենքը ներկայացնում է յուրահատուկ հասկացություններ, որոնք բացակայում են ռուսականում։ Դրանցից են «երիտասարդական նախաձեռնող խմբերը»՝ որպես իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ինքնակազմակերպված միավորումներ, և «երիտասարդական կազմակերպությունների միացյալ մարմինը»՝ որպես պետության հետ սոցիալական գործընկերությամբ գործող ներկայացուցչական կառույց։
Կարդացեք նաև
Ռուսաստանի օրենքը, իր հերթին, մեծ ուշադրություն է դարձնում ենթակառուցվածքներին և տեղեկատվական համակարգին։ Այն ներկայացնում է «երիտասարդական քաղաքականության ենթակառուցվածք» հասկացությունը և նախատեսում դաշնային ավտոմատացված տեղեկատվական համակարգի ստեղծում՝ ծրագրերի, միջոցառումների և մոնիտորինգի տվյալների համար։ Այս մոտեցումը արտացոլում է կենտրոնացված և տեխնոլոգիական լուծումների նկատմամբ ՌԴ կողմնորոշումը։
Պետական կառավարման ոլորտում էլ հանդիպում ենք հիմնարար տարբերությունների։ Հայաստանի համակարգում հստակ դեր է վերապահվում կենտրոնական լիազորված մարմնին, որը պատասխանատու է մեթոդաբանության մշակման, համակարգման և մոնիտորինգի համար։ Ռուսաստանում լիազորություններն ավելի հավասարակշռված են և բաշխված դաշնային, տարածաշրջանային և տեղական մակարդակների միջև։
Հետաքրքիր է նաև տեղական ինքնակառավարման դերի տարբերակումը։ Հայաստանի օրենքը մանրամասն նկարագրում է համայնքների պարտականությունները, ներառյալ երիտասարդական կենտրոնների հիմնադրումը և համայնքային երիտասարդական քաղաքականության մշակումը, չնայած՝ ըստ էության, այն որևէ բան չի պարտադրում։ Ռուսական մոդելում տեղական մարմինների դերը ավելի շատ սահմանափակվում է մասնակցությամբ և մունիցիպալ ծրագրերի իրականացմամբ։
Երկու օրենքներն էլ արտացոլում են իրենց համապատասխան հասարակությունների արժեքներն ու մարտահրավերները։ Հայաստանի օրենքում հաճախակի շեշտադրում է կատարվում երիտասարդությանը որպես զարգացման շարժիչ ուժի և ստեղծագործ, նախաձեռնող անձի ձևավորման վրա։ Ռուսաստանի փաստաթղթում մեծ ուշադրություն է հատկացվում հայրենասիրական դաստիարակությանը, միջէթնիկական համերաշխությանը և պետական անվտանգության հարցերին՝ երիտասարդական քաղաքականության համատեքստում։
Հիմնական տարբերությունները.
– Ռուսաստանի օրենքն ավելի ընդարձակ է, պարունակում է հստակ թվարկված նպատակներ և 21 հիմնական ուղղություն, մինչդեռ Հայաստանի օրենքն ավելի կենտրոնացած է ընդհանուր սկզբունքների և մեխանիզմների վրա։
– Հայաստանի օրենքն առաջարկում է հատուկ կառույցներ, ինչպիսիք են «երիտասարդական նախաձեռնող խմբերը» և «երիտասարդական կազմակերպությունների միացյալ մարմինը», որոնք բացակայում են ռուսական օրենքում։ Ռուսաստանի օրենքն ընդգծում է «երիտասարդական քաղաքականության ենթակառուցվածքը» և համապարփակ տեղեկատվական համակարգը։
Հայաստանի օրենքում ընդգծված է լիազորված մարմնի՝ նախարարության դերը, մինչդեռ Ռուսաստանի օրենքում լիազորություններն ավելի հավասարակշռված են, բաշխված դաշնային, տարածքային և տեղական մակարդակների միջև։
Այսպիսով, որպես եզրակացություն, կարելի է ընդգծել, որ մենք տեսնում ենք ձևով՝ նույն, սակայն բովանդակության երկու տարբեր մոտեցումներ։ ՌԴ օրենքն ավելի կառուցվածքային է, համակարգված և շեշտադրում է կենտրոնացված կառավարումն ու երիտասարդ սերնդին ազգային արժեքների փոխանցման կարևորությունը։
Ժամանակակից դինամիկ զարգացող պետությունները գիտակցում են, որ երիտասարդության ներուժի լիարժեք օգտագործումը անհրաժեշտ է ոչ միայն սոցիալական արդարության, այլև երկրի առաջանցիկ զարգացման ու մրցունակության համար։ Մոտեցումների տարբերությունը գործնականում կայանում է նրանում, թե ինչպես է յուրաքանչյուր երկիր տեսնում այդ ներուժի բացահայտման ուղին՝ մեծացնելով երիտասարդության մասնակցությունը, թե՞ ուժեղացնելով պետական կառավարումը, խրախուսելով երիտասարդների նախաձեռնողականությունը, թե՞ ապահովելով համակարգված պետական աջակցությունը։
Ատոմ Մխիթարյան
Երիտասարդական ակումբների դաշնություն ՀԿ


















































