Լրահոս
Օրվա լրահոսը

«Եվրոպական ինտեգրման հետ կապված պարտավորությունների կատարում» ցուցանիշի գծով «6» հնարավոր միավորից SIGMA-ն Հայաստանի կառավարությանը շնորհել է «0». Արտակ Քյուրումյան

Հունվար 07,2026 11:47

Ֆինանսավորման և կառավարման փորձագետ Արտակ Քյուրումյանի ֆեյսբուքյան գրառումը

ԵՄ-ին ինտեգրման ջատագովների համար լուր կա։ Լուրը դեռ 2025թ դեկտեմբերի 5-ին էր հրապարակվել։ Ենթադրում էի, որ ԵՄ ինտեգրման կողմնակիցներն այն կօգտագործեն, ՀՀ կառավարության գործունեությունն եվրաինտեգրման տեսակետից բնութագրելու համար, սակայն, հերթական անգամ պարզ դարձավ, որ կամ միջազգային գործընկերների զեկույցները չեն կարդում (ով էդքան կարդալու զահլա ունի), կամ ․․․

Ինքս եվրաինտեգրման գաղափարը կրելով և երկարաժամկետ հեռանկարում այն հստակ տեսնելով, մասնավոր խոսակցություններում միշտ ասում եմ, որ չեմ հավատում, որ Փաշինյանի կառավարությունն իրական կյանքում դրա կողմնակիցն է։ Բարձրաստիճան պաշտոնյաներն ասում են, խոսում են, ուրախանում են, գնում են եվրոպաներում ֆռֆռում գալիս են, ԵՄ-ից և առանձին անդամ երկրներից տարբեր տեսքով օգնություններ են ստանում։ Լավ է։ Յոլա են տանում։ Կարևորը՝ միշտ «դվիժենի» կա։

Ինչպես արդեն նշել եմ 2025թ դեկտեմբերի 21-ին և դրանից հետո կատարած գրառումներում, դեկտեմբերի 5-ին SIGMA-ն Հայաստանի հանրային կառավարման բարեփոխումների վերաբերյալ զեկույց է հրապարակել, որտեղ ․․․ (ով այդքան զահլա ունի)

Գնահատման ցուցանիշ 3-ը կոչվում է «Քաղաքականությունների պլանավորման և հաշվետվությունների ներկայացման որակը»: Թարգմանությունն իմն է։ Թարգմանության որակի համար՝ ներող եղեք։

Այդ ցուցանիշի 9-րդ և 10-րդ ենթացուցանիշները համապատասխանաբար կոչվում են «Եվրոպական ինտեգրման հետ կապված պարտավորությունների կատարում» և «Եվրոպական ինտեգրման գործընթացի մշտադիտարկման և հաշվետվությունների ներկայացման որակը և թափանցիկությունը»։

Ուրեմն

«Եվրոպական ինտեգրման հետ կապված պարտավորությունների կատարում» ցուցանիշի գծով «6» հնարավոր միավորից SIGMA-ն Հայաստանի կառավարությանը շնորհել է «0»։

«Եվրոպական ինտեգրման գործընթացի մշտադիտարկման և հաշվետվությունների ներկայացման որակը և թափանցիկությունը» ցուցանիշի գծով «4» հնարավոր միավորից SIGMA-ն Հայաստանի կառավարությանը շնորհել է «0»։

Այսինքն, Հայաստանի կառավարությունը Եվրոպական ինտեգրման հետ կապված պարտավորությունները չի կատարում, իսկ գործընթացն ընդհանրապես թափանցիկ չէ։

Մարդիկ կան, կասեն՝ բայց ի՞նչ պարտավորություն ունենք։ «Եվրոպական Միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքը ընդունել են, հո չենք ասել՝ անդամակցելու ենք։ Ասել են՝ անդամակցելու գործընթացը մեկնարկել է։ Դա հո չի նշանակում, որ անդամակցելու են։

Արևավառ հեռուներում լավ է, բայց որպեսզի Հայաստանը ինտեգրվի ԵՄ-ին հսկայական աշխատանք կա կատարելու։

Հիշում եք, չէ՞, որ մի շարք խնդիրների լուծում ներկա կառավարությունը սկսել է 0-ական կետից։ Եթե SIGMA-ն «0» է գնահատում, նշանակում է դեռ 0-ական կետում ենք։ Առաջընթաց չկա։ «Դվիժենի» կա, առաջընթաց՝ ոչ։

Արևելյան Եվրոպայի և նախկին ԽՍՀՄ երկրների կառավարություններում աշխատող կամ աշխատած գործընկերներ ունեմ, որոնց մեծ մասի հետ ծանոթացել ենք դեռ 1990-ականների երկրորդ կեսին։ Պարբերաբար շփվում և քննարկում ենք մեր երկրներում կատարվող իրադարձությունները և զարգացումները։ Արդեն մոտ 2 տարի է Մոլդովայի գործընկերներիս հետ խոսակցությունների ժամանակ, երբ նկարագրում են, թե ինչ ահավոր արագ և կազմակերպված ռեժիմով են աշխատում ԵՄ ինտեգրման հետ կապված փաստաթղթերի և գործընթացների վրա՝ ապշում եմ։

ԱՄՆ 40-րդ նախագահ Ռոնալդ Ռեյգանը սիրում էր կրկնել․ Доверяй, но проверяй: Լավ խորհուրդ է։ Հաճախ հետևում եմ դրան։ Այս դեպքում ևս, մոլդովացի գործընկերներիս ասածը հալած յուղի տեղ չեմ ընդունում։ Ստուգեցի Մոլդովայի հանրային կառավարման վերաբերյալ SIGMA-ի հաշվետվությունը։ Ավաղ, ամենաթարմ հաշվետվությունը վերաբերում է 2023թ, երբ վերլուծությունը կատարվում էր և առաջընթացը գնահատվում էր այլ մեթոդաբանությամբ։ SIGMA-ն բան ու գործ չունի, մի քանի տարին մեկ մեթոդաբանությունը «զարգացնում է»։ ԵՄ ինտեգրման հետ կապված աշխատանքներին վերաբերող մի շարք ցուցանիշների գծով Մոլդովայի կառավարության 2023թ կատարած աշխատանքը ևս «0» է գնահատվել։ Սակայն, նաև էական աշխատանքը բնութագրող ցուցանիշներ կան: Մասնավորապես, 2023թ SIGMA-ն «Ազգային օրենսդրությունը Եվրոպական Միության օրենսդրությանը համապատասխանեցնելու Կառավարության կարողությունը» ցուցանիշ է ունեցել, որի գծով SIGMA-ն Մոլդովայի կառավարությանը 5 հնարավորից 4 միավոր է շնորհել։ Հենց այդ կարողությունն էլ այսօր աշխատում է Մոլդովայում։

Հայաստանը ջրամբար կամ կայարան կառուցելու կարողությունն է սպառել, սակայն մեծ-մեծ խոստումներ տալու, դարակազմիկ ծրագրեր կազմելու կարողությունը՝ ոչ։ Ուղղակի վերջում պարզվում է, որ խոստումներն էլ են փուչ, ծրագրերն էլ։

Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաները ջանասիրաբար միայն բարձր աշխատավարձ և պարգևավճար ստանալու իրենց իրավունքն են պաշտպանում։ Ուրիշ ոչ մի գործի համար էներգիա այլևս չի մնում։

ԵՄ ինտեգրումն էլ լինելու է։ Որքան էլ որ գործող կառավարությունը ձևական դարձնի այդ գործընթացը, կառավարությունների կյանքն ավելի կարճ է, քան պետության։ Ուղղակի Հայաստանի հերթական կառավարությունը, հերթական անգամ, մի քանի տարով հետ է գցում դրա իրականացումը։

Ահավասիկ, SIGMA-ի զեկույցի համապատասխան աղյուսակը։ Աղյուսակի ներքևում ասում է, որ տվյալները հասանելի չեն կամ չեն տրամադրվել։ Է, գործ արե՞լ են, որ մի հատ էլ տվյալ տրամադրեն։

Արտակ Քյուրումյանը մեկ այլ գրառմամբ հավելում է

SIGMA-ի համար «Ավելի լուրջ խնդիր է այն, որ 2024թ ընդունված օրենքների նախագծերի 83%-ը մշակվել է կառավարության օրենսդրական ծրագրից դուրս»։

An even more serious issue is that 83% of draft laws approved in 2024 were developed outside the Government’s legislative plan.

Ի՞նչ է սա նշանակում։ ՀՀ կառավարությունը ծրագիր ունի, որի իրականացման համար որոշ օրենքներ պետք է ընդունել, մի խումբ օրենքներում էլ փոփոխություններ և լրացումներ կատարել։

Սակայն, ՀՀ կառավարության ղեկավարն արթնանում է և որոշում, որ այս օրենքը պետք է փոխել։ ՀՀ-ում այդպիսի որոշումներ կայացնելու լիազորություն ունեցող այլ բարձրաստիճան պաշտոնյա չկա։ Ինքն է ասել, որ կառավարությունն ինքն է, ինչից հետևում է, որ իշխանության բոլոր որոշումներն ինքն է կայացնում։ Ազգային ժողովն էլ ընդունում է անհրաժեշտ օրենքը։ Որ այդպիսի օրենքի ընդունում ՀՀ կառավարության ծրագրերում չի եղել, կարևոր չէ։ Իրավիճակները դինամիկ զարգանում են, իրավիճակներ են փոխվում։ ՀՀ իշխանությունն էլ արձագանքում է։

Համենային դեպս, որոշեցի, որ կարևոր է, որպեսզի հանրությունն իմանա, որ SIGMA-ն սա «ավելի լուրջ խնդիր է» համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031