Լիդա Գաբրիելյանն Արցախում ապրում էր 1-ին խմբի հաշմանդամ մոր հետ։ Նա նույնպես հաշմանդամություն ունի՝ 3-րդ խումբ։ Տեղահանությունից հետո հաստատվել են Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում։ Մի քանի ամիս առաջ հավաստագրով ձեռք են բերել 1 սենյականոց բնակարան։
-Արցախից միանգամից մեկնել ենք ՌԴ Ստավրոպոլի երկրամաս, որտեղ ապրում են իմ երկու քույրերը, սակայն մի քանի ամիս հետո վերադարձել ենք, քանի որ չենք կարողացել հարմարվել այնտեղ։ Ռուսաստանից եկել ենք Հրազդան ու բնակարան վարձակալել։ Այս քաղաքին ծանոթ էի։ Հետագայում, երբ կառավարության կողմից որոշվեց, որ Հրազդանը նույնպես մտնում է 4 մլն դրամանոց գոտու մեջ, որոշեցինք հենց այստեղ էլ բնակարան ձեռք բերել։ Ինչքա՞ն կարող էինք վարձավճարով ապրել, երկուսս էլ հաշմանդամ։ Հիվանդությունից հետո մայրս բոլորովին չի շարժվում, առանց իմ օգնության մի քայլ անգամ չի կատարում։
Հավաստագրով, իհարկե, չկարողացանք համարժեք տուն գտնել, քանի որ տների գները հանկարծակի աճեցին։ Որպեսզի անտուն չմնանք, ստիպված էինք ոսկու գրավադրմամբ վարկ վերցնել, միաժամանակ մեր բոլոր խնայողությունները ավելացրինք հավաստագրի գումարին։ Կարելի է ասել, մեզ համար բան չի փոխվել, քանի որ ամեն ամիս վարկ ենք փակում, բայց փոխարենը գիտենք, որ տուն ունենք արդեն։
Մեր ընտանիքը հրատապ աջակցություն չի ստանում։ Մայրս, որպես թոշակառու, ստանում է բնակվարձի համար նախատեսված 30 հազար դրամ աջակցությունը։ Թոշակներով ապրում ենք, բոլոր կենցաղային ծախսերը հոգում, միաժամանակ վարկը մարում։ Տաք եղանակներին աշխատում էի Հրազդանի խանութներից մեկում, սակայն ձմեռվա նախաշեմին ազատվեցի աշխատանքից՝ հիվանդությանս սրացման պատճառով։ Բայց գարնանը կրկին կվերադառնամ աշխատանքի, քանի որ առանց դրա անհնար է։
Կարդացեք նաև
Արցախում Գաբրիելյանները թողել են երկհարկանի սեփական տուն՝ տնամերձ հողամասով, պտղատու այգիներով։ Հողի հետ աշխատող մարդիկ էին, ստեղծող ու բարիք արարող։ Արցախ վերադարձի հույսը չեն կտրում, ապրում են հավատով․․․
Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում


















































