Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄՆ-ն դուրս է գալիս 66 միջազգային կազմակերպություններից, այդ թվում՝ ՄԱԿ-ի հովանու ներքո գործող 31 կազնակերպություններից․ Արտակ Զաքարյան

Հունվար 08,2026 12:50

ՀՀԿ խորհրդի անդամ, ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանի ֆեյսբուքյան գրառումը

Նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր (հուշագիր) է ստորագրել, ըստ որի ԱՄՆ-ն դուրս է գալիս 66 միջազգային կազմակերպություններից, այդ թվում՝ ՄԱԿ-ի հովանու ներքո գործող 31 կազնակերպություններից։ Թրամփի վարչակազմը դրանք համարում է «անարդյունավետ, անիմաստ և վնասակար»։ Համաձայն հրամանագրի՝ պետք է դադարեցվի նաև ԱՄՆ կողմից այդ կազմակերպություններին հատկացվող ֆինանսավորումը:

Կազմակերպությունների ամբողջական ցանկը հասանելի է Սպիտակ տան կայքում (whitehouse.gov)։ Այն ներառում է նաև Եվրոպայի Խորհրդի Վենետիկի հանձնաժողովը, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի երեխաների նկատմամբ բռնության հարցերով հատուկ ներկայացուցչի գրասենյակը, ՄԱԿ-ի ժողովրդավարության հիմնադրամը, ՄԱԿ-ի առևտրի և զարգացման համաժողովը, և այլն։

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն այս հարցի վերաբերյալ հայտարարության մեջ ասել է, որ Թրամփի վարչակազմն այն կազմակերպությունները, որոնց անդամակցությունը դադարեցվում է, համարել է «շռայլ, անարդյունավետ, վնասակար», «վատ կառավարվող» ինչպես նաև «ավելորդ» ԱՄՆ շահերի և ընդհանուր բարգավաճման համար։

Հարկ է նշել, որ նախագահ Թրամփը, այսօր իր Truth Social սոցցանցում գրել է նաև, որ 2027թ. ԱՄՆ ռազմական բյուջեն 1 տրիլիոնի փոխարեն պետք է կազմի 1,5 տրիլիոն դոլար: Ռազմական բյուջեների շարունակական ավելացումներով են զբաղված նաև ՌԴ-ն, ԵՄ առաջատար երկրները, Ճապոնիան, Չինաստանը, Թուրքիան, Պակիստանը և Հնդկաստանը:

Բազմիցս նշել ենք, որ մեր աչքի առջև փոխվում է աշխարհի կառավարման, համատեղ լուծումների որոնման, հավասարակշռումների, հակակշիռների ու առկա աշխարհակարգի կառուցվածքը: ԱՄՆ-ի, ՌԴ-ի, ՉԺՀ-ի ինչպես նաև մի շարք ռեգիոնալ ազդեցիկ երկրների պատկերացումները և տրադիցիոն արտաքին քաղաքականությունները վերանայվում և վերանայվելու են: Իսկ եվրոպական բազմամշակութային քաղաքականությունը, կարծես թե, վերջնական ձախողման է գնում: Հետևաբար, առաջիկա միջպետական հարաբերություններում միջազգային գործող շատ կազմակերպություններ կամ միջազգային հանրությունը, դեռևս տևական ժամանակ, իրական ազդեցություն չեն կարողանալու ունենալ և աստիճանաբար դառնալու են «ավելորդ»:

Խելք, բանականություն, պատասխանատվություն, միասնականություն, ճկունություն և տոկունություն: Սա է այսօրվա հայ հասարակության և նրա քաղաքական համակարգի առջև դրված գլխավոր խնդիրը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031