Լրահոս
Օրվա լրահոսը

«Դանիան նախ կկրակի, հետո հարցեր կտա՝ Գրենլանդիային սպառնացող վտանգի դեպքում»

Հունվար 08,2026 13:55

Դանիան Գրենլանդիային սպառնացող վտանգի դեպքում կգործի «նախ կրակիր, հետո հարցեր տուր» սկզբունքով: Ինչպես նշում է The Telegraph-ը , այս կանոնն ամրագրված է Դանիայի թագավորության պաշտպանական մարտավարությունում:

Դանիայի պաշտպանության նախարարությունը հիշեցրել է 1952 թվականի թագավորական հրամանագիրը, ըստ որի Գրենլանդիայի զինծառայողներից պահանջվում է «անմիջապես» կրակ բացել թշնամու ներխուժման դեպքում՝ առանց հրամանների սպասելու: Այս կանոնակարգը գործում է ցանկացած հնարավոր սպառնալիքին արագ արձագանքելու համար:

Ավելի վաղ եվրոպացի դիվանագետները զգուշացրել էին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ բախման պատրաստ լինելու անհրաժեշտության մասին՝ հաշվի առնելով Գրենլանդիայի վերաբերյալ նրա հայտարարությունները։ Հիշեցնենք՝ Թրամփն ասել էր. «Գրենլանդիան մեզ իսկապես պետք է, անկասկած։ Այն մեզ պետք է պաշտպանության համար»:

Ինչպես հաղորդում է «Վզգլյադ» թերթը, Նիդեռլանդների վարչապետ Դիկ Շոֆը մտահոգություն է հայտնել Եվրոպայի և ՆԱՏՕ-ի անվտանգության վերաբերյալ՝ ԱՄՆ-ի կողմից Գրենլանդիայի գրավման դեպքում։

Գրենլանդիան բաց է կղզում լրացուցիչ ամերիկյան զորքեր տեղակայելու քննարկումների համար՝ կղզու ռազմավարական նշանակության վերաբերյալ Վաշինգտոնի պնդումների և  սպառնալիքների ֆոնին։

Եվրոպացի դաշնակիցները շտապ խորհրդակցություններ են վարում, թե ինչպես արձագանքել Գրենլանդիայի նկատմամբ ԱՄՆ հնարավոր հարձակմանը, որն, ըստ փորձագետների, կարող է նշանակել ՆԱՏՕ դաշինքի ավարտը։

«Ցանկանում ենք քայլեր ձեռնարկել, բայց դա անել մեր եվրոպացի գործընկերների հետ միասին»,— խոսելով ԱՄՆ-ի կողմից Գրենլանդիայի վրա վերահսկողություն հաստատելու դեպքում Եվրոպայի հնարավոր արձագանքի մասին՝ ասել է Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Նոել Բարրոն։

Նա  նաև նշել է, թե ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյից հավաստիացումներ է ստացել, ըստ որոնց Վաշինգտոնը «ներխուժում» չի ծրագրում։

«Ես հեռախոսազրույց եմ ունեցել ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ, որը հաստատեց, որ դա կիրառվող մոտեցումը չէ… նա բացառեց Գրենլանդիա ներխուժման հնարավորությունը»,— ասել է Ֆրանսիայի արտգործնախարարը։

Reuters-ի փոխանցմամբ՝գործակալությանը գերմանական կառավարության աղբյուրը հայտնել է, թե «Գրենլանդիայի հարցով հաջորդ քայլերի շուրջ Գերմանիան սերտորեն աշխատում է եվրոպական այլ երկրների և Դանիայի հետ»։

Wall Street Journal-ի աղբյուրների համաձայն՝ պարոն Ռուբիոն նաև ԱՄՆ քաղաքական գործիչներին տեղեկացրել է, որ Գրենլանդիայի հասցեին հնչող սպառնալիքները մոտալուտ ներխուժում չեն նշանակում, և նպատակը կղզին գնելն է։

Սակայն WSJ-ի հրապարակումը և Ռուբիոյի հավաստիացումները հակասում են Թրամփի մամուլի խոսնակ Կարոլին Լևիթի հայտարարությանը, որն ասել էր, թե ռազմական գործողությունը «միշտ տարբերակ է»։

Միևնույն ժամանակ Washington Post-ը հայտնել է, թե ԱՄՆ պաշտոնյաները եվրոպացի գործընկերների հետ քննարկում են Գրենլանդիայի վերահսկողության հարցը որպես «կոնկրետ» հնարավորություն։

Ֆրանսիայի նախկին վարչապետ Դոմինիկ դը Վիլպենը զգուշացրել է, որ եթե ԱՄՆ-ն  Գրենլանդիա ներխուժի, Եվրոպայի ՆԱՏՕ անդամների «թշնամին» կդառնա։

«Ոչ մի դեպքում Եվրոպան չպետք է ընդունի որևէ վնաս եվրոպական ինքնիշխանությանը»,— ասել է դը Վիլպենը Bloomberg TV-ին՝ շեշտելով, որ ՆԱՏՕ-ի մեկ անդամի կողմից մյուսի վրա հարձակումը նախադեպ չունի։

«Եվ եթե Դոնալդ Թրամփն առաջ գնա, ԱՄՆ-ի կարգավիճակը հակառակորդից կամ մրցակցից կփոխվի թշնամու»,— ասել է նա։ «Դա կլինի հսկայական պատմական փոփոխություն»։

Հիշեցնենք՝ 2025 թվականի դեկտեմբերին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց Լուիզիանայի նահանգապետ Ջեֆ Լենդրիին Գրենլանդիայի հարցերով հատուկ դեսպան նշանակելու մասին: Նահանգապետը հետագայում հաստատեց կղզին բռնակցելու ԱՄՆ մտադրությունը:

Դանիայի արտաքին գործերի նախարար Լարս Ռասմուսենն այդ ժամանակ հայտարարեց, որ ինքը խիստ վրդովված է ԱՄՆ նոր հատուկ դեսպանորդի հայտարարություններից և կկանչի Կոպենհագենում ԱՄՆ դեսպանին՝ բացատրություն պահանջելու համար:

Ապա Դանիայի և Գրենլանդիայի վարչապետներ Մետտե Ֆրեդերիկսենը և Յենս-Ֆրեդերիկ Նիլսենը հայտարարեցին, որ ԱՄՆ-ից հարգանք են ակնկալում իրենց ընդհանուր տարածքային ամբողջականության նկատմամբ:

Գրենլանդիան Դանիական թագավորության կազմի մեջ մտնող ինքնավար տարածք է, Թագավորության 3 բաղկացուցիչ տարածքներից ամենամեծը, մյուս երկուսը Դանիան և Ֆարերյան կղզիներն են։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031