Ես նրանց տեղյակ եմ պահել, որ եթե սկսեն մարդկանց սպանել, ինչը նրանք սովորաբար անում են խռովությունների ժամանակ, շատ ուժեղ ենք հարվածելու։
Իրանի Իսլամական Հանրապետությունում ծավալվող հակակառավարական բողոքի ակցիաների առթիվ այս մասին ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ ռադիոհաղորդավար Հյու Հյուիթի հետ զրույցում։
21 րոպե տեւած եւ գլխավորապես արտաքին քաղաքականությանը նվիրված զրույցի առաջին թեման հենց Իրանն էր։
«Նրանց շատ խստորեն ասվել է․․․»
Կարդացեք նաև
Հյուիթի՝ «Իրանի հետ կապված նպատակը 47 տարվա այդ սարսափելի տիրակալության փլուզո՞ւմն է» ուղիղ հարցին նախագահ Թրամփը տվել է ոչ այդքան ուղիղ պատասխան։
«Չեմ ուզում ասել դա, բայց կարող եմ ասել, որ նրանք լավ վիճակում չեն։ Շատ վատ վիճակում են։ Ես նրանց տեղյակ եմ պահել, որ եթե սկսեն մարդկանց սպանել, ինչը նրանք սովորաբար անում են խռովությունների ժամանակ, խռովություններ նրանց մոտ հաճախ են լինում, եթե նման բան անեն, շատ ուժեղ ենք հարվածելու», – ասել է Թրամփը։
Ինչպես հայտնի է, բողոքի ակցիաների ընթացքում մահերի դեպքեր արդեն իսկ արձանագրվել են։ Թրամփը հայտնել է, որ Վաշինգտոնը հետեւում է զարգացումներին։
«Ոմանք մահացել են ամբոխի կառավարման խնդիրների պատճառով, այլ պատճառներով։ Ամբոխներն այնքան մեծ են, որ երեք հրմշտոց է եղել, եւ մարդիկ են մահացել։ Չեմ կարծում, թե վստահորեն կարող եմ որեւէ մեկին պատասխանատու կարգել դրա համար», – ասել է Սպիտակ տան առաջնորդը՝ հավելելով․ «Նրանք գիտեն, եւ նրանց շատ խստորեն ասվել է, ավելի խստորեն, քան հիմա եմ ասում, որ եթե նման բան անեն, դժոխային գին են վճարելու»։
«Ամոթ է այն, ինչ կատարվել է ձեր երկրի հետ». ուղերձ իրանցիներին
Հաղորդավարի խնդրանքով Թրամփը նաեւ ուղերձ է հղել իրանցիներին։
«Միայն կարող եմ ասել, որ ազատության նկատմամբ պետք է ուժեղ զգացողություն ունենալ։ Ազատության նման բան չկա։ Խիզախ ժողովուրդ եք։ Ամոթ է այն, ինչ կատարվել է ձեր երկրի հետ։ Ձեր երկիրը մեծ երկիր էր»։
Շարունակելով՝ Թրամփը պատմել է, որ նախքան 1979 թվականի Իսլամական հեղափոխությունն անշարժ գույքի ոլորտի իր ընկերներն այցելել են Իրան, բնակելի շենքեր կառուցել, աշխատատեղեր ստեղծել, հիացել երկրով ու ժողովրդով։
«Իսկ հիմա տեսեք՝ ինչ է եղել», – տարակուսել է Թրամփը։
Հարցին՝ հանդիպում հնարավո՞ր է Իրանի վերջին շահի որդու՝ Ռեզա Փահլավիի հետ, որը 1980 թվականին տարագրության մեջ հռչակվել է Իրանի շահ, Թրամփը բացասական պատասխան է տվել։
«Հետեւել եմ նրան։ Կարծես թե լավ մարդ է, բայց չեմ կարծում, թե այս պահին պատշաճ կլիներ անել դա որպես նախագահ։ Կարծում եմ՝ պետք է թողնել բոլորին դաշտ դուրս գալ եւ տեսնել, թե ով առաջ կգա», – ասել է նախագահ Թրամփը։
Համատեքստ
Իրանի փողոցներում լարված իրավիճակ է։ Ցուցարարները բողոքում են կենցաղավարության թանկության եւ ազգային արժույթ ռիալի արժեքի գահավիժման պատճառով։
Հինգշաբթի գիշերը երկրում համացանցն անհասանելի է դարձել։
Խոշորագույն ակցիաներն արձանագրվում են մայրաքաղաք Թեհրանում, Սպահանում, Գորգանում, Բաբոլում։
Պետական հեռարձակողի շենքի, նահանգապետի նստավայրի հրդեհումներ․ բողոքի դրսեւորումները ոչ միշտ են խաղաղորեն ընթանում։
«Ուրախ եմ, որ այնտեղ չեմ»․ Aravot.am-ի զրուցակից
Նախկինում Իրանում բնակվող մեր զրուցակիցը, որի անունը չենք հրապարակում իր իսկ խնդրանքով, Aravot.am-ի հետ հակիրճ զրույցում ասաց՝ «Շատ լուրջ է վիճակը, շատ խառն է»։
Նրա դիտարկմամբ՝ իշխանությունները չեն հարգում ցուցարարների իրավունքները։
«Միայն կարող եմ ասել, որ ուրախ եմ, որ այնտեղ չեմ», – ասաց զրուցակիցս։
28 զոհ՝ ըստ իրավապաշտպանների
Թեպետ պաշտոնական աղբյուրները թվեր չեն հայտնում, Human Rights Watch-ի եւ Amnesty International-ի փոխանցմամբ՝ արդեն գրեթե երկու շաբաթ ձգվող ակցիաների ժամանակ 28 մարդ է զոհվել, հարյուրավորներ կամայականորեն բերման են ենթարկվել։ Խոսք է գնում նաեւ բռնի անհետացումների մասին։
Իրանում կատարվողին ԱՄՆ նախագահը դեռ հունվարի 2-ին էր անդրադարձել՝ հայտարարելով, որ «Եթե Իրանը բռնությամբ սպանի խաղաղ ցուցարարներին, որը նրանց մոտ սովորույթ է, մենք փրկության կգնանք։ Մենք զինված ենք եւ կազմ-պատրաստ»։ Թեհրանից ԱԳ նախարար Աբբաս Արաղչին էր արձագանքել Թրամփին՝ վերջինիս հայտարարությունն «անշրջահայաց եւ վտանգավոր» որակելով։
Արսեն ԱՅՎԱԶՅԱՆ
Լուսանկարն՝ արխիվային


















































