Անկանխիկ եղանակով վճարումներից, կենսաթոշակառուների հետվճարի համակարգից օգտվում է 378.000 քաղաքացի: Այս մասին այսօր «Արմենպրես» մամուլի ակումբում ասաց Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը:
-Սա խիստ զանգվածային միջոցառում է, որից կարող են օգտվել բոլորը: Այդ համակարգի ներդրումը երկու նպատակ ունի՝ մեր քաղաքացիներին թույլ տալ ավել ստանալ իրենց նպաստներն ու թոշակները եւ տնտեսության՝ ստվերից դուրս գալու նպատակ: Հավելյալ հարկեր հավաքագրել, որ կարողանանք բարձրացնել պետական բոլոր ծախսերը,- շարունակեց Թորոսյանը:
Նա չհամաձայնեց, թե թոշակների ուղիղ բարձրացումներ չեն եղել. «Ուղիղ բարձրացումներ եղել են, բայց այս նորարարական լուծումները շատ արդյունավետ են, դրանց շնորհիվ ենք ունենում պետբյուջեի կատարում»:
Հարցին՝ ինչո՞ւ թոշակառուները չեն կարողանում օգտվել հետվճարի համակարգից կոմունալ վճարումների պարագայում, նախարարը բացատրեց. «Կոմունալները ի սկզբանե եղել են, հետո են հանվել, որովհետեւ կոմունալները տասնյակ տարիներ չեն եղել ստվերում, խիստ հաշվառված են եղել: Դրանով հավելյալ հարկային մուտքեր գեներացնելու խնդիր չէինք կարող լուծել»:
Կարդացեք նաև
Անդրադառնալով վարչապետի սկանդալային հայտարարությանը, թե 10.000 դրամը ինչու տան թաշակառուներին, որ չիմանա՞ն՝ ինչպես արդյունավետ ծախսել, Թորոսյանն ասաց. «Քանի որ մեր 65 տարեկանից բարձր ներկայացուցիչները իրենց շատ ծախսեր իրականացնում են առողջապահության վրա, որոշել ենք այդ ծախսը վերցնել մեզ վրա: Քանի որ առողջության ապահովագրության ամսական վճարը 10.800 դրամ է 200.000-ից բարձր ստացողների համար, մնացած բոլոր քաղաքացիների համար պետբյուջեից է փոխանցվում այդ գումարը, ստացվում է՝ մեր բոլոր կենսաթոշակառուների թոշակը բարձրացրել ենք 10.800 դրամով: Սա ամենաէական բարելավումներից մեկն է մեր թոշակառու քաղաքացիների համար»:
Անդրադառնալով ՀՀ կառավարության՝ արցախցիների համար նախատեսված բնակապահովման ծրագրի շրջանակներում հավաստագրերով բնակարաններ ձեռքբերելուն՝ Թորոսյանը շարունակեց. «Ցուցանիշը գոհացնող չէ, որովհետեւ ուզում ենք՝ բոլորը ստանան, բայց բոլորը չէ, որ ստացել են հավաստագրեր: Ամենակարեւոր հանգամանքն այն է, որ մեր հայրենակիցները պետք ստանան ՀՀ քաղաքացիություն, շատերը չէ, որ ուզում են ստանալ քաղաքացիություն տարբեր պատճառներով: Տարբեր շրջանակներ դրդում են մեր հայրենակիցներին չստանալ քաղաքացիություն, որ դրանով ապագայում կկարողանան անձնական ու աշխարհաքաղաքական հարցեր լուծել: Չստանալ քաղաքացիություն, որովհետեւ քաղաքացիություն նշանակում է ոչ միայն իրավունք, այլեւ պարտավորություն, օրինակ՝ ծառայել Զինված ուժերում»: Թորոսյանը վստահեցրեց, որ հաստատված խաղաղությունն էլ է նպաստելու, որ ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմող արցախցիների թիվը մեծանա. «Արդեն բանակից խուսափելու հանգամանքը իմ տպավորությամբ պետք է թուլանա»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ


















































