Անվանի կինոռեժիսոր, «Ոսկե Ծիրան» կինոփառատոնի համահիմնադիր Հարություն Խաչատրյանն իր յուրօրինակ ֆիլմերում մարդուն դնում մանրադիտակի տակ ու հետազոտում տասնամյակներով։ Նրա կինոձեռագիրը վաղուց այլոց ուսումնասիրության առարկան է դարձել, ինչի մասին են խոսում նրա ֆիլմերի աշխարհով մեկ կայացած հետահայաց ցուցադրությունները։ Վարպետի՝ «Վերադարձ ավետյաց երկիր» ֆիլմն էլ վերջերս ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Համաշխարհային հիշողության ռեգիստրում»:
Օրերս Կինոյի տան մեծ դահլիճում ցուցադրվեց Արսեն Աղաջանյանի «Կենաց պար» ֆիլմը, որտեղ հեղինակը «հետազոտել» էր իր ընկերոջը՝ Հարություն Խաչատրյանին, կերտելով նրա կինոդիմանկարը։ Դա յուրօրինակ նվեր էր վարպետի ծննդյան օրվա առիթով։
«Սա իմ առաջին փորձն է վավերագրական կինոյի․․․ Իմ ֆիլմերը չեն խոսում, այլ երգում են։ Այսօր Ջիվանու «Բարի, գեղեցիկը» չենք երգում, իսկ հերոսի՝ Հարություն Խաչատրյանի «Պոետի վերադարձը» ֆիլմը մեզ առաջնորդում է ամբողջ ընթացքում եւ մենք գնում ենք պոետի անցած ճանապարհով»,- ասաց Արսեն Աղաջանյանը։ Նա Հարություն Խաչատրյանին բնորոշեց որպես մի մարդու, որը նուրբ ու զգայուն թելերով է կապված իր ծննդավայրի հետ։ Ֆիլմի 7 նովելներից յուրաքանչյուրում Արսեն Աղաջանյանը նոր գույն է ավելացնում իր «վրձնած» դիմանկարին։ Ֆիլմում հերոսի կերպարն ամբողջացնում են նրա ստեղծած ֆիլմերը, ծննդավայրը, կինը՝ Մարին եւ գեղեցիկ պարը։
Կարդացեք նաև
«Կարծում եմ՝ գեղեցիկ ֆիլմ է ստացվել, ափսոս միայն գլխավոր հերոսը լավը չէր․․․»,-իրեն բնորոշ ինքնահեգնանքով նշեց Հարություն Խաչատրյանը, որը երբեք ներկա չի լինում իր ֆիլմերի ցուցադրություններին, բայց ընկերոջ նկարած ֆիլմին մնացել էր մինչեւ վերջ՝ նրան խոսք էր տվել մնալ։ «Ես ֆիլմ նայել չեմ սիրում, որովհետեւ կինոյից բան չեմ հասկանում, ես սիրում եմ նկարել․․․ Ինչ վերաբերվում է Արսեն Աղաջանյանին, նա նուրբ մարդու նման խորացել, գիտնականի նման ուսումնասիրել է ամեն մի անկյունը՝ իմ հոգու, իմ մտքերի եւ կինոյի պատմության»,-հավելեց վարպետը։
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ






















































