ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ կիրակի օրը Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ պատարագին համայնքային աշխատակիցների մասնակցությանը եւ ահազանգին, որ մարդկանց հրահանգել են գալ ու մասնակցել այդ պատարագին։ «Դա ունի համապատասխան ընթացակարգ՝ եթե անձին ապօրինի եղանակով հրահանգել են մասնակցել կամ չմասնակցել որեւիցե գործընթացի, սա հիմք է, որպեսզի դատախազությունը, որն իրավասու է զբաղվել այս հարցերով, համապատասխան ընթացակարգեր ձեռնարկի»։
Վլադիմիր Վարդանյանն ասաց, որ այս դեպքերին քաղաքական որեւէ գնահատական չի կարող տալ։ Նրա խոսքով՝ ցանկացած հավաքի մասնակցություն պետք է հիմնված լինի կամավորության սկզբունքի վրա։
Դիտարկմանը, որ իրավաբաններն ասում են՝ Նիկոլ Փաշինյանի գործողությունները եկեղեցու նկատմամբ Սահմանադրության խախտում են ենթադրում, եւ Նիկոլ Փաշինյանին ընդհուպ ազատազրկում է սպառնում,Վլադիմիր Վարդանյանն ասաց․ «Իրավաբանն արտահայտել է կարծիք, դա մի բան է։ Իրավաբանի արտահայտած կարծիքը կարծիք է, այն կարող է լինել հիմնավոր եւ ոչ հիմնավոր, եւ կա դատական մարմնի որոշում։ Մենք խոսում ենք կարծիքի մասին, իսկ ես կարծիքը չեմ մեկնաբանում»։
Ըստ նրա՝ արդարադատություն պետք է իրականացվի բոլոր ոլորտներում, արդարադատություն իրականացնելը պետության գործառույթներից մեկն է։ ՀՀ իրավազորության ներքո գտնվող որեւիցե մեկը չի կարող գտնվել ՀՀ Սահմանադրությունից կամ օրենսդրական դաշտից դուրս։
Կարդացեք նաև
Հարցին, որ Սահմանադրությամբ է ամրագրված, որ պետությունը չպետք է խառնվի եկեղեցու գործերին, Նիկոլ Փաշինյանն իր գործողություններով չի խախտո՞ւմ Սահմանադրության կետերը, Վարդանյանը պատասխանեց․ «Դուք ուզում եք, որպեսզի ես տամ պատասխան կամ դատախազության կամ ՍԴ փոխարե՞ն։ Եթե դուք գտնում եք, որ նման խախտում կա, ձեզ որեւիցե մեկը չի սահմանափակում կատարել ձեր սահմանադրական իրավունքը։ Եթե դուք գտնում եք, որ տեղի է ունեցել Սահմանադրության խախտում, ոչ իրավաչափ արարք, դրա համար կան համապատասխան ընթացակարգեր»։
Հարցին՝ Նիկոլ Փաշինյանը գործողությունները Սահմանադրության խախտում ենթադրում են, թե՞ ոչ, ՔՊ-ական պատգամավորը պատասխանեց․ «Ես խախտում չեմ տեսնում գործողությունների մեջ, յոթ անգամ էլ նույն հարցը տաք, յոթ անգամ էլ լինելու է նույն պատասխանը»։
Հարցին, թե այդ դեպքում ի՞նչ է նշանակում, երբ Սահմանադրության մեջ ասվում է, որ պետությունն իրավունք չունի միջամտել եկեղեցու ներքին գործերին, Վարդանյանը պատասխանեց․ «Դա նշանակում է, որ պետությունը պետք է հարգի խղճի եւ դավանանքի ազատությունը։ Սահմանադրությունը նախատեսում է նաեւ կարգավորումներ Հայաստանյայց առաքելական եկեղեցու հետ կապված։ Այդ կանոնակարգումներն, ըստ էության, նաև որոշակի կարգավիճակ են տալիս Հայ առաքելական եկեղեցուն։ Եվ այդ գործընթացների շրջանակներում տեղի են ունենում զարգացումներ, որոնց մասին ցանկացած քաղաքական գործիչ իր դրական կամ իր բացասական դիրքորոշումն է արտահայտում»։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


















































