Լրահոս
Օրվա լրահոսը

Զանգվածային ցույցեր «պատարագի» տեսքով չեն ստացվում

Հունվար 13,2026 10:00

Այսօրվա իշխանության խնդիրներից մեկը հետեւյալն է։ Փաշինյանը, որն արդեն 7,5 տարի իշխանության է, ինքն իրեն որպես պետության ներկայացուցիչ չի ընկալում, ինչ-որ առումով շարունակում է ընդդիմություն զգալ ու պարտադրում է իր թիմին եւ կողմնակիցներին դրսեւորել ընդդիմադիրներին հատուկ վարք։ Ամեն օր «մերժողական» գրառումներ անել կամ մասնակցել զանգվածային բողոքի ցույցերի, այս շրջանում՝ ընդդեմ կաթողիկոսի։ Բայց ցույցերին «պատարագի» կամ «ուղտերթի» տեսք տալը կոգնիտիվ դիսոնանս է առաջացնում ներկա իշխանությունների նույնիսկ ամենաջերմ երկրպագուների մոտ։

Ցանկացած ադեկվատ մարդու մոտ հարցեր են առաջնում: Փորձեմ վերարտադրել շարքային նիկոլականի տրամաբանությունը: «Եթե խնդիրը բարեվարքության մեջ է, ապա ինչո՞վ են Կճոյանը կամ մյուսները Գարեգին Երկրորդից լավը։ Եթե խնդիրն այն է, որ կաթողիկոսը ФСБ գործակալ է կամ ինչ-որ բան «թալանել է», ապա, – մտածում է Փաշինյանի երկրպագուն, – դու, իմ սիրելի վարչապետ, իշխանություն ես, դու ժողովրդական տրիբուն չես, որ դրա մասին ամեն օր խոսես: Ձեռնարկիր այն միջոցները, որոնք վերապահված են քեզ՝ որպես իշխանություն։ Դա բարեվարքության եւ եկեղեցու բարենորոգման հետ կապ չունի, եւ իմ ներկայությունը որպես «մասովկա» չի պահանջվում։ Այնպես որ՝ ավելի լավ է՝ ինձնից վազն անցի: Խաղաղությո՞ւն ես հաստատել՝ ապրես, Դումիկյանը եւ Ջենիֆեր Լոպեսը երգո՞ւմ են՝ հրաշալի է, գինու փառատոնին 10 հազար մա՞րդ է մասնակցում՝ մեծ երջանկություն է։ Թող մեզ հանգիստ, որ մենք վայելենք քո նվիրած պայծառ ներկան»։ Մոտավորապես այդպես է մտածում շարքային նիկոլականը՝ նա, ով շատ մեծ շահագրգռվածություն՝ պաշտոնի, մանդատի, պարգեւավճարի կամ բիզնեսի տեսքով, չունի:

2020 թվականի սկզբին դեռ կարելի էր կազմակերպել «մերժենք Հրայր Թովմասյանին» թեմայով համազգային հանրաքվե։ Մթնոլորտն այսօր այլ է, եւ, եթե Փաշինյանն, իր ֆանտաստիկ ինքնահավանության պատճառով, դա գուցե չի նկատում, ապա ՔՊ-ականների սթափ մասը դա հաստատ տեսնում է։ Գայթակղել որոշ եպիսկոպոսների՝ դժվար չէ՝ նրանք «նաչալնիկներ» են եւ հաճույք են ստանում բարձրագույն իշխանությանը քսմսվելուց։ Ստիպել մի շարք քահանաների, որ նրանք ենթարկվեն այդ եպիսկոպոսներին, նույնպես հնարավոր է՝ եթե չստորագրեն Փաշինյանին հավատարմություն հայտնելու գրությունը, սոցիալական եւ աշխատանքային դժվարություններ կունենան։ Իսկ ահա կազմակերպել զանգվածային շարժում «պատարագների միջոցով մերժենք Կտրիճ Ներսիսյանին» կարգախոսով՝ չի ստացվում։

Մնում են «հին եւ փորձված» մեթոդները՝ վարչական ճնշմամբ մարդկանց զոռով «բերման ենթարկելը», ԱԱԾ-ի եւ ոստիկանության սպառնալիքներն ու ճնշումները, ինչպես նաեւ բացահայտ ռեպրեսիաները այլախոհների նկատմամբ։ Դա նաեւ դաս է առաջիկա ընտրությունների համատեքստում։ Այդ մեթոդներով վերարտադրվել գուցեեւ ստացվի։ Բայց «ժողովրդական» այն աջակցությունը, որի հետ հույսեր է կապում Փաշինյանը, այլեւս երբեք չի լինի։ Իսկ վերոհիշյալ միջոցներով վերարտադրվող իշխանությունը, ինչպես հայտնի է, շատ փխրուն է:

 

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Ծաղրանկարը՝ MediaLab- Newsroom Laboratory

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031