Առիթ ունեցել ենք նշելու, որ Հայաստանի օրվա իշխանությունները օգտագործում են ամեն հնարավորություն՝ օրենքների տարբեր վիճահարույց դրույթները որպես մահակ կիրառելու ընդդիմության դեմ: Դրանցից մեկը վերաբերում է ՀՀ Քրեական օրենսգրքի չարաբաստիկ 236 հոդվածի 2րդ մասին, որը քրեական պատասխանատվություն է ենթադրում հանրահավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելու համար:
Հիշեցնենք, որ դեռևս 2024 թվականին ԱԺ պատգամավորների 1/5ը դիմել էր Սահմանադրական դատարան՝ այդ կետը հակասահմանադրական ճանաչելու համար: ՍԴ-ն հայցը վարույթ էր ընդունել, սակայն հետո ՍԴԱՈ156 որոշմամբ կասեցրել էր վարույթն ու խորհրդատվական կարծիքի համար դիմել Վենետիկի հանձնաժողով: Մեկ տարի անց ստացվել էր Հանձնաժողովի կարծիքը, այն է՝ այդ նորմը հակասում է իրավական որոշակիության սկզբունքին, ինչպես նաև ազատ հավաքներ անցկացնելու ԵՄ ուղեցույցին: Տրամաբանորեն դրանից հետո ՍԴ-ն պետք է վերսկսեր հարցի քննությունը, սակայն դա չի անում:
Դեռևս 2025 թ. դեկտեմբերի 15-ին գրավոր հարցում էինք ուղարկել ՍԴ՝ խնդրելով պատասխանել, թե ե՞րբ է նախատեսվում վերսկսել հարցի քննությունը: ՍԴ-ն հինգ աշխատանքային օրվա ընթացքում պետք է որևէ գրություն ուղարկեր՝ կա՛մ հարցին որևէ կերպ պատասխանելու, կա՛մ «լրացուցիչ ուսումնասիրության» համար ևս 30 օրվա անհրաժեշտության մասին ծանուցելու (թեպետ դժվար է պատկերացնել, թե այդ պարզ հարցին պատասխանելու համար ինչ «լրացուցիչ ուսումնասիրություն» կարող է պետք լինել): Անցել է 17 աշխատանքային օր, սակայն ՍԴ-ից այդպես էլ պատասխան չենք ստացել: Բարձրագույն դատարանն ինքն այսպիսով անտեսում է օրենսդրական պահանջը:
Ավելին, ՍԴ կայքում տեղադրված է ՍԴ առաջիկա նիստերի ժամանակացույցը, որտեղ առնվազն մինչև մարտի 3-ը այդ հարցի քննարկում նախատեսված չէ:
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում


















































