Լրահոս
Օրվա լրահոսը

«Շատ են քննադատությունները, բայց 2018-ի համեմատ պաշտպանության ոլորտի ծախսերն ավելացել են 1,1 մլրդ դոլարով»․ Սուրեն Պապիկյան

Հունվար 13,2026 12:54

«2018 թվականին պաշտպանության ծախսերը կազմել են 245 մլրդ դրամ։ Շատ կարեւոր է 2025 թվականը համեմատել նախահեղափոխական տարվա՝ 2018 թվականի հետ։ Իսկ 2025 թվականին պաշտպանական ծախսերը կազմել են 664 մլրդ դրամ, այն է՝ 1 մլրդ 741 մլն 604 հազար դոլար։ Այսինքն՝ պաշտպանության ոլորտի ծախսերն ավելացել են 1,1 մլրդ դոլարով։ Ինչո՞ւ եմ սրա մասին խոսում, որովհետեւ շատ կարեւոր եմ համարում 2025 թվականի գործունեությունը համեմատել նախահեղափոխական տարվա հետ, այն առումով, որ շատ են քննադատություններն այն մասին, որ պաշտպանության ոլորտին տրամադրվում են պակաս ծախսեր»,- այսօր հրավիրած ասուլիսում ասաց պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։

Նա նշեց, որ 2025 թվականը պաշտպանական ոլորտի համար համարում են գերարդյունավետ տարի։

Անդրադառնալով սպառազինության գնմանը՝ նախարարն ասաց, որ կարեւորում են սպառազինության, ռազմական տեխնիկայի ձեռքբերման շուկաների դիվերսիֆիկացիան։ Բայց նաեւ կարեւորում են տեղական արտադրության զարգացումը։ Նրա խոսքով՝ եթե 2022 թվականին տեղական ռազմարդյունաբերության հետ կնքված պայմանագրերի ծավալը կազմել էր 9,5 մլրդ դրամ, այսօր գործող պայմանագրերով այն հասել է 170 մլրդ դրամի, որի մեծ մասն արդեն մատակարարված է։ «Բայց նաեւ կարեւորում եմ, որ 2026-2028 թվականների եռամյա ծրագրով կառավարությունը նախատեսում է 150 մլրդ դրամ հատկացնել տեղական ռազմարդյունաբերության ոլորտին»,- ասաց նախարարը։

Ոլորտում իրականացվող կապիտալ ծախսերը, նրա խոսքով, 2018-ին կազմել են շուրջ 17 մլրդ 718 մլն դրամ։ Իսկ 2025 թվականին ՊՆ կապիտալ ծախսերը կազմել են 57 մլրդ 702 մլն դրամ։

Անդրադառնալով զինծառայության ժամկետը կրճատելու օրենքին՝ նախարարն ասաց․ «Պաշտպանության ոլորտի բարեփոխումները, ունենալով հաջողություններ, հնարավորություն են տվել մեզ, որպեսզի կառավարությունըհ հանդես գա այս նախաձեռնությամբ»։

Մանրամասները՝ տեսանյութում.

Սուրեն Պապիկյանն անդրադարձավ նաեւ բանակում նոր համազգեստի անցմանը։ Նա նշեց, որ քննադատությունները շատ են այս հարցի վերաբերյալ։ «Կարծում եմ՝ այս հարցը որոշակի պարզաբանման կարիք ունի, ես դեռեւս 2025 թվականին հնչեցրել եմ, որ տարեվերջին կունենանք նմուշները։ Եվ ըստ էության մենք այդ նմուշներն ունեցել ենք։ Բայց թյուր կարծիք կա հասարակության մեջ, որ մենք հայտարարել ենք ամբողջական գնում։ ՊՆ-ն նոր համազգեստի ամբողջական գնում դեռեւս չի իրականացրել։ Ամերիկյան ընկերության հետ մեր պայմանագիրը ենթադրում է, որ նրանք մեզ պետք է ներկայացնեն որոշակի խմբաքանակ փորձանմուշներ, որն այս փուլում զինված ուժերում անցնում է փորձարկում, որից հետո 2026 թվականի ընթացքում մենք կունենանք գնման գործընթաց, որին կարող են մասնակցել նաեւ տեղական ընկերությունները։ Բայց այն, որ մենք արդեն ունենք ընդհանուր պատկերը, թե ինչպիսին պետք է լինի դաշտային համազգեստը տարբեր զորատեսակների համար, դա արդեն հստակ է։ Առաջիկա մեկ ամսվա ընթացքում մենք կունենանք նաեւ ամենօրյա համազգեստի եւ տոնական համազգեստի նմուշները։ Եվ 2026 թվականին գնման գործընթացի արդյունքում դա կտարածվի ամբողջ զինված ուժերի վրա»,- նշեց նախարարը։

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ.

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031