Լրագրողի հարցին՝ արդյո՞ք ընտրություններին մասնակցելու են «Հայաստան» դաշինքի ձեւաչափով, ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Իշխան Սաղաթելյանը հրավիրված ասուլիսում այսպես արձագանքեց. «Արժեւորելով «Հայաստան» դաշինքի գործունեությունը՝ բնականաբար, առաջին քննարկումներն ունենալու ենք դաշինքի մեր գործընկերների հետ… Մենք տեսնում ենք այդ հնարավորությունը, որ այսօրվա դաշինքի հիման վրա կձեւավորենք նոր, ավելի ազդեցիկ եւ հավակնոտ դաշինք»:
Նա նաեւ հաստատեց, որ այդ թեմայով խոսել են Ռոբերտ Քոչարյանի հետ եւ նախնական երկուստեք ցանկություն կա, բայց դեռեւս որեւէ բանակցություն այդ ուղղությամբ չեն վարել, քանի որ գոյություն ունեն ընթացակարգեր:
Ինչ վերաբերում է լրագրողի՝ ՀՀԿ-ի հետ համագործակցության եւ միմյանց չխանգարելու վերաբերյալ հարցին, այս մասին էլ Իշխան Սաղաթելյանը նշեց. «Արդեն մեկ ամիս է՝ քաղաքական դաշտի միավորների հետ մի շարք կարեւորագույն հարցերի շուրջ Դաշնակցությունն իրականացնում է խորհրդակցություններ եւ քննարկումներ: Հիմնականում 5 կետի շուրջ են տեղի ունենում այդ քննարկումները, որոնցից մեկը միմյանց չթիրախավորելը եւ սլաքները գլխավոր թիրախի ուղղությամբ ուղղելն է:
Կարդացեք նաև
Անկախ նրանից՝ ընդդիմադիր քաղաքական ուժերն ինչ ձեւաչափով կմասնակցեն այս ընտրություններին, գոյություն ունեն օրակարգային կարեւոր հարցեր, որոնց շուրջ համագործակցելը կենսական անհրաժեշտություն է՝ եկեղեցու պաշտպանություն, միմյանց չթիրախավորել, քաղբանտարկյալներ, ընտրությունների վերահսկողություն:
Մեր կարծիքով ընդդիմադիր միավորները նախօրոք պետք է հայտարարություն անեն՝ որ որեւէ պարագայում չեն համագործակցելու այս իշխանությունների հետ, բայց մի շարք կարեւորագույն հարցերի շուրջ պատրաստ են համագործակցել»:
Ասուլիսն ամբողջությամբ՝
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ


















































