Լրահոս
Օրվա լրահոսը

Շանտաժի իշխանությունն ու Հայ Առաքելական եկեղեցին. Նարեկ Սամսոնյան

Հունվար 13,2026 15:35

«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ, AntiFake.am կայքի հիմնադիր, «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակ և վարող, քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի հերթական հոդվածը «Արմավիր» ՔԿՀ-ից

Հացադուլ, օր 5-րդ. Շանտաժի իշխանությունն ու Հայ Առաքելական եկեղեցին. քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյան

Վերջին մի քանի օրվա ընթացքում տարբեր քահանաներ հայտարարում են Նիկոլ Կճոյանի հակաեկեղեցական տիրադավությանը սատարելու մասին, և որքան միացող տիրադավների թիվը շատ փոքր է, այնուամենայնիվ, եղկելի է հետևել սեփական անձի դեմ գնացող քահանաներին։ Այդ քահանաների շարքերում կան որոշները, որոնք ըստ մամուլում շրջանառվող տեղեկությունների, մինչև «ղազագիր» գրելը վերջին հայհոյանքներն են շռայլել ռեժիմի պարագլխի և տիրադավ եպիսկոպոսների հասցեին։

Մամուլում նաև տեղեկություններ էին շրջանառվում, որ վերջին օրերին 3-րդ ռեյխի գեստապոյի վերածված ԱԱԾ-ն ու ոստիկանությունը տարատեսակ այցեր են կատարում տիրադավների թեմերի քահանաներին և շանտաժի միջոցով վերջիններիս ստիպում «ղազագրեր» գրել։ Վստահ եմ, որ անգամ ամենաշարքային նիկոլականի ուղեղին է հասու, որ այս էժանագին դիմակահանդեսն արվում է բացառապես շանտաժի (սպառնալիքի) միջոցով։ Իսկ ռեժիմի ավելի բարձր էշելոնի ներկայացուցիչներն իրենց օրինակով գիտեն, թե ինչ է նշանակում այդ շանտաժը, քանի որ իրենցից յուրաքանչյուրի վրա ռեժիմի գեստապոն տրցակներով կոմպրոմատ ունի և պարբերաբար բանեցնում է նրանց դեմ։

Ընդհանրապես, ռեժիմի պարագլխի ողջ գիտակցական կյանքն անցել է հենց շանտաժով գործերն առաջ գցելով։ Երբ թերթի խմբագիր է եղել, բոլորս կարդացել ենք և գիտենք բազմաթիվ հայտնի պատմություններ, թե ինչպես է գումար վաստակել շանտաժով։ Երբ նոր էր դարձել վարչապետ, նույն ճանապարհն էր ընտրել, իսկ արդեն այսօր ռեժիմի պարագլուխը կատարելության է հասցրել շանտաժի ինստիտուտը։ Շանտաժը դարձել է ռեժիմի բնորոշիչ գծերից մեկը, համակարգային ամենաարդյունավետ և միևնույն ժամանակ ամենահանցավոր գործիքը։ Ռեժիմի գեստապոն շանտաժով դատավորներին հանցագործություն է անել տալիս, կճոյաններին՝ տիրադավություն, նախարար-պատգամավորներին ստիպում է մնալ ու հանցակից դառնալ տեղի ունեցողին և այդպես շարունակ։

Բայց, եթե դատավորների, դատախազների և պետական ապարատի այլ օղակների պարագայում ռեժիմի գեստապոյի շանտաժն արդյունավետ ձևով աշխատում է, Հայ առաքելական եկեղեցու պարագայում այն ուղղակի տապալված կարելի է համարել։ Եկեղեցին միակ կառույցն է, որ Ամենայն Հայոց Հայրապետի առաջնորդությամբ դիմադրում և ուղղակի ջախջախում է շանտաժի գործիքակազմը։ Ռեժիմի շանտաժն աշխատում է միայն եկեղեցական կանոնները դավաճանածների պարագայում, իսկ այդպիսիք, որքան շուտ մաքրվեն եկեղեցուց, այդքան լավ բոլոր հավատավորներիս համար։ Հիմա մենք բոլորս վերոգրյալ փաստին ենք ականատես լինում, և ես անգամ մի տոկոս կասկած չունեմ, որ Վեհափառ Հայրապետի գլխավորությամբ Եկեղեցին վերջնարդյունքում ջախջախելու է գեստապոյի գործիքակազմն ու դրա արդյունքը լինելու է կճոյանազերծ եկեղեցին իր հավերժական առաքելությամբ։

Աստված պահապան Ամենայն Հայոց Հայրապետին և Հայ Առաքելական Սուրբ եկեղեցուն։

Հ.Գ. Հացադուլիս 5-րդ օրն է և իմ նախնական պահանջն է՝ ապօրինի կալանքից անհապաղ ինձ ազատ արձակել։

Քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյան

Կալանքի 61-րդ օր

«Արմավիր» ՔԿՀ, 13.01.2026

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031