Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի պետական համալսարան, շրջայցի ընթացքում ծանոթացել նոր գերհամակարգչային կենտրոնի գործունեությանը:
Վարչապետին ուղեկցել են Ազգային ժողովի փոխնախագահ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, Հակոբ Արշակյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը։
Կարդացեք նաև
ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը ներկայացրել է կենտրոնի ստեղծման ուղղությամբ իրականացված աշխատանքները: Նշվել է, որ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի՝ գիտահետազոտական կազմակերպությունները ժամանակակից արժեքավոր սարքավորումներով վերազինման և համատեղ օգտագործման գիտական սարքավորումների կենտրոնների ստեղծման կապիտալ միջոցառման շրջանակում դեռևս 2024 թ – ին 3,4 մլրդ դրամ է ուղղվել Երևանի պետական համալսարանում նոր գերհամակարգչային կենտրոնի ստեղծմանը:

Ընդգծվել է, որ բացառիկ հաշվարկային հզորություն ունեցող, համատեղ օգտագործման համար նախատեսված այս գիտական ենթակառուցվածքն առանցքային նշանակություն ունի ՀՀ-ի արհեստական բանականության և բարձրարտադրողական հաշվարկների ոլորտներում կարողությունների ձևավորման համար՝ խթանելով գիտական հետազոտությունների զարգացումը, նորարարական ծրագրերի իրականացումը և կրթական գործընթացների արդիականացումը։
Վարչապետ Փաշինյանին ներկայացվել է, որ գերհամակարգչի թիրախային օգտագործողները լինելու են մեքենայական ուսուցմամբ և արհեստական բանականությամբ զբաղվող հետազոտական խմբերը։ Այն հասանելի կլինի նաև հարակից ոլորտների գիտական խմբերին, ինչպես, օրինակ՝ հաշվարկային ֆիզիկայի, նյութագիտության, հաշվարկային քիմիայի, առողջապահության և կենսաբժշկական հետազոտությունների, կլիմայի մոդելավորման, ռոբոտատեխնիկայի և ինքնավար համակարգերի ոլորտներում գործող հետազոտողներին՝ գիտական կոնկրետ խնդիրների լուծման, ինչպես նաև կրթական նպատակով։
Գիտության ոլորտում ՀՀ Կառավարության լայնածավալ բարեփոխումների համատեքստում ոլորտի պետական ֆինանսավորումը 2018թ.-ից սկսած շուրջ եռակի աճ է գրանցել:
Վարչապետին են ներկայացվել նաև ԵՊՀ Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարանի նախասրահի վերանորոգման աշխատանքները, մասնավորապես, հիմնանորոգվում են գրադարանի առաջին հարկի նախասրահը, արդիականացվում է լուսավորության համակարգը և տեղադրվում ապակեպատ տանիք՝ ստեղծելով նորարարական միջավայր:
ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
























































