The Washington times պարբերականի իր հոդվածում «Միասնության թեւեր» քաղաքական նախաձեռնության հիմնադիր ղեկավար, Իրավունքի եւ արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն, ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը գրել էր, որ Հայաստանի ինքնիշխան տարածքներն օկուպացիայից ազատելը չպետք է թողնել հետագային եւ մոռացության մատնել, բանակցությունների ժամանակ ձևացնել, թե բռնությամբ տարածքների զավթումը գոյություն չունի: Նաեւ նշել էր, որ խաղաղություն հաստատելու հարցում ԱՄՆ-ի դերը կարեւոր է, ԱՄՆ-ն ունի կարևոր լծակներ այս գործընթացում, սակայն չօգտագործվող լծակները արագորեն քայքայվում են։
Aravot.am-ի հետ թեմայի վերաբերյալ զրույցում քաղտեխնոլոգ, վերլուծաբան Վիգեն Հակոբյանը նշեց․ «Կարծում եմ՝ Արման Թաթոյանն իր այդ հարցազրույցում շեշտում է, որ եթե խոսքը գնում է Խաղաղության պայմանագրի կամ իրական խաղաղություն հաստատելու մասին, ապա առանց դնելու այն հարցերը, որ Արման Թաթոյանն է բարձրացրել, հնարավոր չէ։ Խոսքը Հայաստանի այն տարածքների մասին է, որոնք նշում է Նիկոլ Փաշինյանը՝ թղթի կտորը թափահարելով։
Հայաստանի տարածքում կան ադրբեջանական զորքեր, հայկական տարածքների մի հատվածը ադրբեջանական վերահսկողության ներքո է, Ադրբեջանը զավթել է դրանք եւ մտադրություն էլ չունի դուրս գալու։ Խաղաղություն կարող է հաստատվել միայն ճանաչված տարածքներում, եւ հասկանալի չէ, թե այդ դեպքում քո զորքերն ի՞նչ գործ ունեն իմ տարածքում։ Արման Թաթոյանի ասածն այն է, որ բանակցային գործընթացում, եթե խոսք է գնում խաղաղության մասին, ապա այդ թեման պետք է դառնա հայկական գլխավոր փաստարկներից մեկը, որ մենք խաղաղություն կարող ենք ունենալ այն դեպքում, երբ մեր տարածքը լրիվ ազատագրված կլինի ադրբեջանական օկուպացիայից։ Իսկ եթե այդ հարցը լուծված չէ, ուրեմն խաղաղության մասին խոսելն անիմաստ է։ Դա պետք է լինի հայ-ադրբեջանական փաստաթղթի նախապայմաններից մեկը»։
Ինչ վերաբերում է Արման Թաթոյանի այն դիտարկմանը, որ խաղաղություն հաստատելու հարցում ԱՄՆ-ի դերը կարեւոր է, այս մասին էլ Վիգեն Հակոբյանը նշեց․ «Եթե ԱՄՆ նախագահը համարում է, որ խաղաղություն է հաստատվել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, եւ նույնիսկ հավակնություններ ունի խաղաղություն հաստատելու միջոցով Նոբելյան մրցանակ ստանալու, կարծում եմ՝ ուղղակիորեն շեշտվում է, որ քանի դեռ նախանշված հարցերը լուծված չեն, իրական խաղաղություն գոյություն չունի, այն ընդամենը հրադադարի մակարդակի է, բայց ԱՄՆ-ը ունի այդ հնարավորությունն ազդելու Ադրբեջանի վրա։
Կարդացեք նաև
Եթե իրենք ուզենան իրական խաղաղություն հաստատել, այդ մեխանիզմով էլ կարող են հաստատել։ Իսկ եթե չեն օգտագործում այդ մեխանիզմը, եւ ԱՄՆ-ի նախագահը բավարարվում է զուտ շոուով, խաղաղության պատրանքով, որը ցանկացած պահի կարող է խախտվել, արդեն գալիս է ԱՄՆ-ի եւ ԱՄՆ նախագահի հեղինակության հարցը, որովհետեւ եթե հրադադարը, որը հաստատվել է Ադրբեջանի ցանկությամբ բարենպաստ պայմաններ ստեղծելու Նիկոլ Փաշինյանի վերարտադրության համար, ապա ցանկացած պահի կարող է խախտվել, որովհետեւ դա հրադադար է՝ ինչ-որ հարցեր լուծելու համար։ Եվ այն պահից, երբ կսկսեն կրակել,ԱՄՆ-ի եւ ԱՄՆ նախագահի հեղինակությունը կասկածի տակ կառնվի»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ



















































