Լրահոս
Օրվա լրահոսը

«Որոշ կանայք սիրում են ամուսիններից բողոքել առանց պատճառի, պետտուրքից ազատմամբ՝ հայցադիմումներն են ավելանալու, ի՞նչ ենք մենք ուզում, որ անդադար բողոքե՞ն իրենց ամուսիններից»․ Գեղամ Նազարյան

Հունվար 14,2026 12:20

«Պետական տուրքի մասին օրենքում լրացումներ կատարելու մասին նախագծով առաջարկում եմ դատարաններում պետտուրքի վճարումից ազատելու արտոնություններ նախատեսել ընտանեկան բռնության ենթարկված այն անձանց համար, որոնք հանդես են գալիս նախազգուշացումը կամ անհետաձգելի միջամտության որոշումը վերացնելու վերաբերյալ դատարանի վճիռների դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքներով, ամուսնալուծության վերաբերյալ հայցերով, ծնողական իրավունքի իրականացման՝ ներառյալ երեխաների բնակության վայրը որոշելու, տեսակցությունների կարգ սահմանելու, երեխայի խնամքին, դաստիարակության ու կրթության վերաբերյալ հայցերով, հայրությունը որոշելու վերաբերյալ հայցերով, ծնողական իրավունքները սահմանափակելու կամ ծնողական իրավունքներից զրկելու վերաբերյալ հայցերով»,- ՀՀ ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ տեղեկացրեց ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Զարուհի Բաթոյանը։

Պատգամավոր Գեղամ Նազարյանն այս առիթով հարցրեց․ «Ուզում եմ հասկանալ՝ էս հարցով մենք ո՞ւմ ենք օգնում՝ այն երեխաներին, որոնք բռնությա՞ն են ենթարկվում, թե այն կանանց, որոնք ուղղակի սիրում են բողոքել և անընդհատ ամուսիններից բողոքում են։ Ոստիկանությունում էլ կարող են հաստատել՝ կանայք կան, որ սիրում են անդադար բողոքներ ուղարկել առանց պատճառի։ Եթե անվճար ենք սարքում, հիմա էլ դատարաններ հայցադիմումներն են ահռելի չափերով ավելանալու։ Ոստիկանության հետ քննարկե՞լ եք այս հարցը, որովհետև մենք մի կողմն ենք նայում․ ասում ենք՝ մարդկանց օգնում ենք, որ հեշտ բողոքեն, էն մյուս կողմին նայո՞ւմ եք, որ երբեմն ու շատ հաճախ անհիմն բողոքներ են լինում։ Այս մասին մենք մտածե՞լ ենք, թե՝ ոչ։ Երեկ քննարկման էինք ԲԴԽ-ի հետ և պարզվեց, որ դատարանները դեռ լեփ լեցուն են հայցերով։ Մի դատավոր 1400 գործ է քննում։ Մենք ինչի՞ն ենք նպաստելու։ Այդ գումարն ինչքա՞ն է, որ պետք է վճարի անձը, որ բռնության դեմ բողոքի։ Ինչքա՞ն գումարով ենք օգնում իրենց»։

Զարուհի Բաթոյանն արձագանքեց՝ երբ բռնության է ենթարկվում անձը և բողոք է ներկայացնում, ու դատարանը որոշում է հրապարակում ու նա դրա հետ համաձայն չէ և դիմում է՝ որոշումը վերանայելու համար․ այս դեպքում արդեն անվճար է։

Գեղամ Նազարյանն ասաց․ «Երբեք հաշվի չեք առնում, որ տղամարդիկ հիմնականում ենթարկվում են հոգեբանական բռնության, բայց երբեք դատարան չեն դիմում, և դժվար է ասել՝ անդադար հոգեբանական բռնության ենթարկվե՞լն է ավելի ծանր, թե՞ ֆիզիկական։ Ես կողմ եմ՝ բռնությունը պետք է խիստ պատժվի։ Ես խոսում եմ այն մասին, որ դատարանը որոշեց՝ բողոքն անհիմն է, կինը նորից է բողոքում։ Այսինքն՝ մենք չենք վստահում դատարանի՞ն, կնոջը ևս մեկ անգամ հնարավորություն ենք տալիս, որ ընտանիքը խառնի՞։ Ի՞նչ ենք մենք ուզում, որ անդադար բողոքե՞ն իրենց ամուսիններից։ Մի հատ էլ գուցե ավելի շատ բողոքող կանա՞նց մրցանակ տանք»։

Զարուհի Բաթոյանն էլ նշեց, որ միջազգային փորձը ցույց է տալիս՝ շատ երկրներում դատարաններն անգամ բռնարարների առաջադրած բողոքները չեն էլ հաստատում։

Նշենք, որ հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց նախագծին։ Այն կընդգրկվի առաջիկա լիագումար նիստերի օրակարգում։

Հանձնաժողովի նիստն ամբողջությամբ՝ տեսանյութում.

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031