Լրահոս
Օրվա լրահոսը

«Աշխարհը փոթորկում է, բայց Հայաստանը եւ մեր տարածաշրջանը վերածվում է անվտանգային միջավայրի, սա մեծ ձեռքբերում է»․ Նիկոլ Փաշինյան

Հունվար 14,2026 12:32

«Դրական կուլմինացիաները դեռ առջեւում են»,- «Հայաստանը եւ խաղաղությունը․ ռիսկեր եւ հնարավորություններ» թեմայով համաժողովում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ կրկնելով նախկինում արդեն արած իր այն հայտարարությունը, որ Հայաստանի շուրջ իրավիճակն ավելի կայուն, Հայաստանի անվտանգային վիճակն ավելի կայուն չի եղել իր գոյության ողջ ընթացքում, քան այժմ է։

Այդ առիթով նա շնորհավորեց բոլորիս, նաեւ տարածաշրջանին, ՀՀ-ի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության ինստիտուցիոնալացմանը կողմ բոլոր դերակատարներին։ Հատուկ ընդգծեց ԱՄՆ-ին, ԵՄ-ին եւ հատուկ շնորհակալություն հայտնեց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ այս հարցում իր «անձնական շահագրգռության համար»։

Փաշինյանի գնահատմամբ՝ այս իրադարձությունների մեկնարկի կետը 2022-ի հոկտեմբերի 6-ն էր, Եվրոպական քաղաքական համայնքի առաջին համաժողովը, որտեղ Ալմա-Աթիի համաձայնագրի հիման վրա ՀՀ-ն եւ Ադրբեջանի հայտարարեցին միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչելու մասին։ Նա հայտարարեց, որ իրադարձությունները կարող էին տարբեր կերպ զարգանալ, նաեւ «2023-ի ղարաբաղյան իրադարձությունները կարող էին տեղի չունենալ, բայց դա առանձին խոսակցության հարց է, ես դրա մասին խոսել եմ»։

«Մենք հասկացանք, որ մեր հարցերի լուծումը մենք չպետք է որեւէ մեկից սպասենք»,- ասաց նա՝ հավելելով, որ Խրիմյան հայրիկի ժամանակներից գնում էինք տարբեր դռներ ծեծելու․ «Իհարկե, մեծ տերությունները եւ մեր միջազգային գործընկերները ունեն մեծ դերակատարություն, բայց երբ տեսնում են՝ դու իրադրությունը լավ չես հասկանում եւ գնահատում, սովորաբար ասում են բաներ, որ դու ուզում ես լսել, որովհետեւ ավելորդ լեզվակռվի մեջ չեն ուզում մտնել»։

«Ըստ էության՝ աշխարհը փոթորկում է, բայց Հայաստանը եւ մեր տարածաշրջանը վերածվում է անվտանգային միջավայրի, սա մեծ ձեռքբերում է»,- կարծում է Նիկոլ Փաշինյանը։

Նա նաեւ վստահ է՝ Թրիփփ նախագծի բոլոր բաց հարցերը ստացել են պատասխաններ․ «Նախագիծը լիարժեք բավարում է Հայաստանին, ԱՄՆ-ին եւ իմ կարծիքով նաեւ Ադրբեջանին․ իրենք կարձագանքեն՝ կտեսնենք։ Սրանով կանաչ լույս է վառվում տարածաշրջանի առջեւ»։

Մանրամասները՝ տեսանյութում.

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031