Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀՀ-ի ապաշրջափակման հարց այս փաստաթղթով չի լուծվում»․ Արթուր Խաչատրյանը՝ ԹՐԻՓՓ-ի վերաբերյալ ՀՀ-ԱՄՆ հայտարարության առիթով

Հունվար 14,2026 15:44

«Համատեղ հայտարարությունը կարդալով՝ մեր մտահոգությունները ոչ միայն չեն փարատվել, այլ ավելի խորացել են»,- լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (ԹՐԻՓՓ) նախագծի` Հայաստան-ԱՄՆ իրականացման շրջանակի հրապարակման վերաբերյալ համատեղ հայտարարությանը՝ կարծիք հայտնեց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

Ըստ նրա՝ այս փաստաթղթում որևէ ակնարկ չկա այն մասին, որ ՀՀ-ի ապաշրջափակումը վերացվում է․ «Կար հստակ որոշակիություն, որ Ադրբեջանը ստանում է անխոչընդոտ անցման իրավունք, ՀՀ-ն ստանում է անորոշ ինչ-որ առավելություններ։ Երբ ՀՀ-ն Ադրբեջանի միջոցով սկսեց ստանալ մի բուռ ցորեն և բենզին՝ մասնավորապես տրանզիտի իրավունքով, քանի որ ՀՀ-ն միայն ներմուծում է, ոչինչ չի արտահանում, ՀՀ-ն Ադրբեջանին փաստացի տրամադրում է միջանցք, փոխարենը Ադրբեջանը ՀՀ-ին թույլ է տալիս իր տարածքով ինչ-որ մի բան ներմուծել։ Եթե ուզում ենք կապուղիների ապաշրջափակում, ՀՀ-ն էլ պետք է նախ անխոչընդոտ անցում ստանա, միանա Արարատի մարզի հետ, ՀՀ հյուսիսային ճանապարհը պետք է բացվի․ Իջևան-Ղազախ ճանապարհի մասին եմ խոսում, նաև դեպի արևմուտք ճանապարհների բացում պիտի լինի․ Գյումրի-Կարս երկաթուղին առնվազն պետք է ապահովվի․ այստեղ դա չկա»։

Պատգամավորը հուսով է, որ ամերիկյան քննարկումների ժամանակ իրանական հարցը չի արծարծվել․ «Դա մեզ համար բավականին ծանր անվտանգային մարտահրավեր կարող է ստեղծել։ Ստեղծման օրվանից ՀՀ իշխանությունները կարողացել են աշխատել բարեկամական հարաբերություններ ապահովել ԱՄՆ-ի, ԵՄ-ի, ՌԴ-ի և Իրանի հետ։ Մեր ամենածանր զգուշացումը կամ մտահոգությունն այն է, որ ՀՀ-ն կարող է ինչ-որ պահի դրվել հստակ երկընտրանքի առաջ՝ կամ-կամ։ Այս դեպքում մենք շատ լուրջ անվտանգային մարտահրավերների առաջ ենք կանգնելու»։

Ճեպազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031