ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը հունվարի 14-ին առաջին ընթերցմամբ քննարկել է «ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենսդրական նախաձեռնությունը, որը ներկայացրել է ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը:
Նախարարի տեղեկացմամբ առաջարկվում է ամրագրել երկու առանցքային կարգավորում, որոնք նպատակ ունեն թեթեւացնելու Վարչական վերաքննիչ դատարանի ծանրաբեռնվածությունը եւ կրճատելու գործերի քննության ժամկետները:
«Որպես ընդհանուր կանոն՝ առաջարկում ենք, որ վերաքննիչ բողոքները քննվեն գրավոր ընթացակարգով: Միայն բացառիկ դեպքում, երբ դատարանը պատճառաբանված որոշում կկայացնի, որ բողոքի քննությունն ավելի արդյունավետ կարող է լինել բանավոր ընթացակարգով, ապա գործերը կքննվեն բանավոր նիստով»,- նշել է Սրբուհի Գալյանը:
Նրա խոսքով մյուս կարեւոր փոփոխությամբ առաջարկվում է ամրագրել, որ այն դեպքերում, երբ պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների դեմ վճիռ է կայացվել Վարչական դատարանում եւ այդ վճիռը վերաբերում է երեք հարյուր հազար դրամը չգերազանցող տուգանքներին, վարչական մարմինն այլեւս չկարողանա վերաքննության կարգով բողոքարկել առաջին ատյանի համապատասխան որոշումները:
Կարդացեք նաև
Նշվել է, որ նախագծի ընդունման դեպքում ակնկալվում է վերաքննիչ բողոքների գրավոր ընթացակարգով քննության միջոցով թոթափել դատարանների ծանրաբեռնվածությունը, ապահովել գործերի քննության ողջամիտ՝ առավել կարճ ժամկետներ:
Միաժամանակ, առաջարկվող օրենսդրական փոփոխությունների պայմաններում հնարավոր կլինի թեթեւացնել վերաքննիչ վարչական դատարանի ծանրաբեռնվածությունը՝ փոքր արժեք ունեցող գործերով բողոքարկումների համար բողոքարկման սահմանափակման նախատեսման միջոցով:
Սրբուհի Գալյանը պատասխանել է պատգամավորների հարցերին, տվել պարզաբանումներ:
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել օրենսդրական նախաձեռնությանը: Այն նախատեսվում է քննարկել ԱԺ առաջիկա հերթական նիստերի ընթացքում:
ԱԺ


















































