Լրահոս
Օրվա լրահոսը

Առաջարկվում է արգելել պլաստիկից կամ փրփրապլաստից պատրաստված մեկանգամյա օգտագործման սպասքի եւ տարաների առկայությունը կամ օտարումը

Հունվար 14,2026 17:42

Նախագծերի փաթեթով առաջարկում ենք 2027 թվականի հունվարի 1-ից առեւտրի, հանրային սննդի օբյեկտներում, առեւտրի իրականացման վայրերում, շրջիկ առեւտրի կետերում, տոնավաճառներում, ցուցահանդես-վաճառքներում, ինչպես նաեւ բացօթյա առեւտրի իրականացման դեպքում արգելել պոլիէթիլենային պարկերի ու տոպրակների, պլաստիկից կամ փրփրապլաստից պատրաստված մեկանգամյա օգտագործման տարաների եւ սպասքի՝ ափսեների, բաժակների, գդալների, պատառաքաղների, դանակների, ըմպելու կամ խառնելու համար նախատեսված ձողիկների առկայությունը կամ օտարումը:

Այս մասին ասել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արա Մկրտչյանը՝ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի՝ հունվարի 14-ի նիստում քննարկման ներկայացնելով «Առեւտրի եւ ծառայությունների մասին», Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում եւ «Շուկայի վերահսկողության մասին» օրենքներում լրացումներ եւ փոփոխություններ նախատեսող օրենսդրական փաթեթը:

Փոխնախարարը տեղեկացրել է, որ բացառություն են կազմում կշռափաթեթավորման համար օգտագործվող եւ երկրորդային հումքից արտադրված աղբի պարկերը: Արգելքը խախտելու համար սահմանվել է նաեւ պատասխանատվություն: Առաջին անգամ խախտում կատարելու դեպքում Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը կհայտարարի նախազգուշացում, իսկ երկրորդ եւ հաջորդ խախտումների դեպքում սահմանվում է տուգանք՝ 100-150 հազար դրամի չափով: Զեկուցողը նշել է, որ իրավախախտումների վերահսկողությունը վերապահվել է ինչպես Շուկայի վերահսկողության տեսչական մարմնին, այնպես էլ տեղական ինքնակառավարման մարմիններին՝ համատեղ: Նախատեսվել է նաեւ դիտարկման ձեւով վերահսկողություն: «Մեկանգամյա պլաստիկի օգտագործման սահմանափակումը Հայաստանում ոչ միայն բնապահպանական, այլեւ քաղաքական եւ տնտեսական կարեւոր քայլ է, որով COP 17-ի նախաշեմին Հայաստանը կներկայանա պատասխանատու եւ կայուն զարգացման սկզբունքներին հավատարիմ պետություն»,- նշել է Արա Մկրտչյանը:

Հանձնաժողովի նախագահ Վահե Ղալումյանը նշել է, որ այդ ապրանքատեսակների արգելքի մասին օրենքի նախագիծ փորձ է արվել ընդունել դեռ 2023-2024 թվականներին: «Ուզում եմ նշել, որ այդ ապրանքատեսակներին շատ արագ փոխարինելու են թղթե պարկերը, որոնց արտադրությունը Հայաստանում կա»,- ասել է հանձնաժողովի նախագահը:

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել օրենսդրական փաթեթին:

ԱԺ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031