-Նարեկ Սամսոնյանի հացադուլը առաջին հերթին ի պաշտպանություն ժողովրդավարության է: Եվ այսօր միջազգային կառույցների դուռը գալ ու նամակներ փոխանցելը խոսում է այն մասին, որ հենց ժողովրդավարությունը պաշտպանության կարիք ունի: Կարող է տպավորություն լինի, որ եկել ենք աջակցելու Վազգենին, Նարեկին ու մնացած քաղբանտարկյալներին, բայց մենք եկել ենք աջակցելու այն արժեքներին, որոնք հաստատվել ու խորացել են մեր իշխանության տարիներին, որոնց մեծագույն պաշտպանը եղել են եվրոպական կառույցները,-,-այսօր ի պաշտպանություն «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակներ Նարեկ Սամսոնյանի եւ Վազգեն Սաղաթելյանի բողոքի ցույցի ժամանակ ՄԱԿ գրասենյակի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Կարապետյանը:
Կարապետյանի խոսքով՝ Եվրոպայի խորհուրդն ընդունել է քաղբանտարկյալների չափանիշներին վերաբերող առանձին 19.00 բանաձեւը. «Նարեկի՝ որպես հացադուլի մեջ գտնվող բանտարկյալի տեղափոխումը պատժախուց առաջին խտրականությունն է, որը կոպտագույն խախտումն է 19.00 բանաձեւի: Միջազգային կազմակերպությունների գոնե լուռ աջակցությամբ մեր երկրում իրականացվում են այն բոլոր ապօրինությունները, որոնց ականատեսն ենք:
Ես վստահ եմ, որ ինչ-որ պահի, երբ գա հարցուպատասխանի ժամանակաշրջանը, շատ կառույցներ ասելու են, որ բավականաչափ տեղեկացված չեն եղել դեպքերից, իրադարձություններից: Այս նամակների հանձնումը հենց այդ տեղեկացվելու ակցիաներն են, որ միջազգային որեւէ կառույց հետագայում չկարողանա ասել, որ տեղյակ չի եղել այս կամ այն դեպքից»:
Կարդացեք նաև
Կարապետյանը նկատեց, որ հենց միջազգային կազմակերպությունների լուջ աջակցությամբ բանտարկվեցին 4 սրբազաններ, իսկ Բագրատ սրբազանը որպես ընդդիմության միասնական առաջնորդ խաղադաշտից դուրս հանվելու համար:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ


















































