Ադրբեջանական գերությունից վերադարձած Վագիֆ Խաչատրյանի առողջական վիճակը լավ է, բայց պետք է հավելյալ հետազոտություններ անցնի։ Այս մասին լրագրողներին տեղեկացրեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ Նախարարը հանդիպել ու զրուցել է «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնում բուժզննում անցնող Վագիֆ Խաչատրյանի հետ։
«Տեսակցեցի, պինդ է, լավ տրամադրությամբ, որովհետև հայրենիքում է՝ Հայաստանում է, սպասում է հարազատների հետ հանդիպմանը։ Այս պահին գտնվում է հետազոտման ընթացքում։ Գիտենք, որ Վագիֆն ուներ նաև սրտային քրոնիկ վիճակ, և մենք պետք է հավելյալ հետազոտություններ իրականացնենք։ Եվ արդեն մեր մասնագիտական թիմը որոշումներ կկայացնի հետագա բուժման ընթացքի մասով։ Վստահ եղեք, որ լավագույն հսկողության տակ է»,- ասաց նախարարը։
Նշենք, որ Վագիֆ Խաչատրյանի առողջական վիճակը Բաքվի բանտում սրվել էր, նա հոսպիտալացվել էր։
Կարդացեք նաև
Անդրադառնալով այս հարցին՝ նախարարը ասաց․ «Մենք չենք պատրաստվում ամբողջ բժշկական տեղեկատվությունը հրապարակել։ Այս պահին կբավարարվենք այսքանով։ Ամենակարևորը, որ հիմա մեր մասնագետների հսկողության տակ է։ Կրկնում եմ՝ իր քրոնիկ վիճակի հետ կապված նորմալ վիճակ ունենք։ Խոսեցինք, շփվեցինք, տրամադրությունը լավ է, վիճակը լավ է։ Իր խոսքերն են՝ եթե Հայաստանում եմ, լավ եմ»։
Ավանեսյանը նաև ասաց, որ գերությունից վերադարձած մյուս երեք անձանց՝ Գևորգ Սուջյանի, Դավիթ Դավթյանի և Վիգեն Էուլջեքջյանի առողջական վիճակը ևս բավարար է։ Հարցին, որ Ադրբեջանում Վիգեն Էուլջեքջյանի առողջական վիճակը վատացել էր, անգամ նա քայլելու հետ կապված խնդիր ուներ, Ավանեսյանը պատասխանեց․ «Բոլոր անհրաժեշտ հետազոտությունները, մասնագիտական խորհրդատվությունը կստանան։ Եվ եթե կարիք լինի հետագա որևէ բուժման գործընթաց կազմակերպելու, արդեն ընթացիկ կկազմակերպենք»։
«Նորք-Մարաշ» բժշկական կենտրոն ՓԲԸ-ի տնօրեն Միքայել Ադամյանն էլ ասաց, որ Վագիֆ Խաչատրյանի մոտ վերջին 15 տարիների ընթացքում առկա է քրոնիկ հիվանդություն։ «Պարբերաբար ստուգվել է Ստեփանակերտում, հետազոտությունների արդյունքով է հայտնաբերվել այդ խնդիրը։ Այս պահի դրությամբ ունենք տվյալ իրավիճակի թեթև սրացում, այդ իսկ պատճառով կգտնվի կլինիկայում, կիրականացվեն համապատասխան հետազոտություններ, և հետագայում արդեն ըստ վիճակի կհասկանանք»,- նշեց Միքայել Ադամյանը։
Ռոզա Հովհաննիսյան





















































