Լրահոս
Օրվա լրահոսը

Սպասում եմ իշխանափոխությանը, որ ինձ հասցրած վնասի փոխհատուցման հարցը կրկին բարձրացնեմ

Հունվար 15,2026 12:30

Չէի ուզում իմ անձնական խնդրի մասին խոսել, հաշվի առնելով այն ահավոր անարդարությունները, որ կատարվում են մեր երկրում, երբ իշխանությունդ հայրենիքիդ մի մասը նվիրաբերում է թշնամուն եւ մասնակից դառնում Արցախ աշխարհի հայության ցեղասպանությանը, թշնամին Արցախում ոչնչացնում է հազարավոր տարիների ընթացքում հայ ժողովրդի ստեղծած հոգեւոր եւ նյութական արժեքները, իսկ իշխանությունդ իր լռությամբ նպաստում է դրան, իշխանությունդ,

– ցինիկաբար հայտարարում է մեր հայրենիքի մի մասը որպես թշնամու սեփականություն,

– հայրենիքի համար կյանքը զոհած զինվորին դարձնում է անիմաստ տեղը սպանված,

– հանդգնում է բոլշեւիկների նմանությամբ անարգել Հայոց Եկեղեցին, հալածել հոգեւորականներին, նույնիսկ գործեր սարքել՝ ձերբակալել եւ դատապարտել,

– բացահայտ սատանայական քրքիջով փորձում է անարգել մեր հավատքի տունը,

– քողարկված ձեւով պայքարում է մեր եկեղեցու, մեր ՏԷր Հիսոս Քրիստոսի՝ Աստծու դեմ,

– գործարարի, առավել եւս բարերաի ձեռքից խլում է միլիարդ դոլարների արժողության սեփականությունը եւ նրան ձերբակալում՝ մեր եկեղեցին պաշտպանելու, այսինքն, Աստծուն հավատարիմ մնալու համար,

– լկտիաբար անտեսում է հայ գերիներին վերադարձնելու հարցը,

– տասնյակ քաղաքական եւ ազգային գործիչներ նետվել են եւ նետվում են բանտեր,

– միջազգային ատյաններում գործում է համահունչ թշնամու օրակարգին՝ անտեսելով Հայոց ազգային շահերը,

-աներեւակայելի, անպատկերացնելի ցինիզմով  հարստահարում է մեր ժողովուրդին,

– առանց վախի զգացողության թալանում է պետությունն ու մեր ժողովրդին,

– իր ստախոսությամբ, խաբեությամբ եւ մոլորեցնելու վարպետությամբ՝ հայ ժողովրդի մի հատվածին՝ անգետներին մղում է հուսահատության գիրկը, անվստահություն սերմանում սեփական ուժերի եւ կարողությունների նկատմամբ, նվազեցնում նրա դիմադրողականության ոգին, փորձում ստեղծել անելանելի վիճակի տպավորություն, որպեսզի կարողանա մեր ժողովրդին ուղղորդել թուրքի գիրկը,

– հակապետական եւ հակահայկական գործունեությամբ ծաղրում եւ ոչնչացնում է հայկականը, ազգայինը։

Այս համատեքստում նպատակահարմար չէի համարում, ոչ տարիներ առաջ եւ ոչ էլ վերջին շրջանում, խոսել իմ անձնական խնդիրների մասին։ Սակայն «Առավոտի» արձագանքը`ՍԴ դիմումիս վերաբերյալ, ինձ ստիպում է որոշակի տեղեկություն ներկայացնել, որպեսզի ամբողջական պատկեր լինի, թե ինչից է առաջացել այն խնդիրը, որին անդրադարձել եք Ձեր նախորդ հոդվածներում եւ մարդիկ չմտածեն, որ այս մարդը հանցանք է գործել։

2018 թվականի հուլիս։ Դիմում եմ ներկայացնում ՀՀ ազգային անվտանգության ծառայություն ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի կողմից կատարված հանցագործության մասին (այդպիսի դիմում ԱԱԾ ներկայացրել էի նաեւ 2013 թվականին, որը անարձագանք էր մնացել), իմ ընկերության՝ «Գոլդեն Ֆիլդ» ՍՊԸ-ի նկատմամբ։ Ազգային անվտանգության ծառայությունը 02.08.2018 թվականին քրեական գործ է հարուցում եւ շուրջ երեք տարի քննելուց հետո, Գագիկ Խաչատրյանին չներգրավելով քրեական գործում, գործը 30.04.2021 թվականին կարճում է։

05.04.2023 թվականին դիմում եմ ՀՀ գլխավոր դատախազին կարճված գործի առումով եւ ներկայացնում, թե ինչպիսի անօրինակություն են կատարել քննիչը եւ հսկող դատախազը։ Բնականաբար, ստանում եմ պատասխան, որ հսկող դատախազը գործել է օրենքի սահմաններում։

2020 թվականի սեպտերմբեր։ Միացյալ Նահանգներում իմ ներկայացուցիչը իմ լիազորագրով հայց է ներկայացնում ամերիկյան դատարան Գագիկ Խաչատրյանի եւ իր որդու դեմ 25 միլիոն դոլարի ստանձնած պարտավորությունները չկատարելու պահանջով (Այդ պարտավորությունը նրանք ստանձնել էին, որպեսզի ես հետ վերցնեմ իմ դիմումը՝ 64 միլիոն դոլարի պահանջը՝՝ինձ հասցրած վնասի չափով): Դատարանը գործը ընդունում է վարույթ։ Ինչո՞ւ ԱՄՆ-ում, որովհետեւ ստանձնած պարտավորությունում որպես երաշխիք նշել էին իրենց ամերիկյան առանձնատունը։

Ազգային անվտանգության ծառայությունը իմ հայցադիմումի հիման վրա հարուցված վարույթը 30.04.2021 թվականին կարճելուց հետո 2022 թվականին քրեական գործ է հարուցում (թիվ ԵԴ/1833/01/22 քրեական գործ) իմ նկատմամբ, իբր թե Գագիկ Խաչատրյանի դեմ ԱՄՆ գործով ցուցմունք չեմ տալիս։

Դատարանը թիվ ԵԴ/1833/01/22 քրեական գործով ինձ մեղավոր է ճանաչում եւ նշանակում՝ 680 հազար դրամի տուգանք։

Այս գործով ներկայացրել եմ եւ վերաքննիչ, եւ վճռաբեկ բողոքներ, վճիռը մնացել է անփոփոխ։ Դիմել եմ Սահմանադրական դատարան, Սահմանադրական դատարանը գործը ընդունել է վարույթ եւ մերժել, պատճառաբանելով, որ իր քննությանը ենթակա չէ։  ՍԴ-ին հայտնել էի` «Դատարաններն անտեսել են այն հանգամանքը, որ Մեխակ Գաբրիելյանը Գագիկ Խաչատրյանի կոռուպցիոն գործերի հետ որեւէ առնչություն չի ունեցել, եւ նրա նկատմամբ հարուցված որեւէ գործով որպես վկա չի հարցաքննվել, ընդհակառակը, իր հայտարարության հիման վրա հարուցված թիվ 58216518 քրեական գործի շրջանակներում մի շարք հայտարարություններ է ներկայացրել քննչական մարմնին՝ Գագիկ Խաչատրյանի կատարած հանցագործությունների վերաբերյալ» (Դիմողը գտնում էր, որ հակասություն կա ՀՀ քրեական օրենսգրքի 503-րդ հոդվածի 1-ին մասի` վկայի կամ տուժողի կողմից ցուցմունք տալուց ապօրինի հրաժարվելը, համարվում է հանցագործություն, եւ նույն հոդվածի 3-րդ մասի (անձը ենթակա չէ քրեական պատասխանատվության իր, ամուսնու կամ մերձավոր ազգականի վերաբերյալ ցուցմունք տալուց հրաժարվելու համար, եթե ողջամտորեն ենթադրելի է, որ այն հետագայում կարող է օգտագործվել իր կամ նրանց դեմ) միջեւ, քանի որ որոշակիորեն չի նշված, թե ո՞ր դեպքերում է, որ ցուցմունք չտալը համարվում է հանցագործություն-Խմբ):

2025 թ. հունիսի  4-ին դիմել եմ Մարդու իրավունքների եվրոպական դատարան:

Համառոտ, այսպիսին է այն գործի պատմությունը, որը կարճելուց հետո, չհանգստանալով այն հանգամանքով, որ ինձ զրկեցին ստանալ ինձ պատճառած վնասի փոխհատուցումը, կազմեցին երկրորդ գործը, որպեսզի ցույց տան, որ այլեւս չհամարձակվեմ իրենց մարդկանց դեմ պահանջ ներկայացնել։ Ես չեմ զարմանում, քանի որ այս իշխանությունը ազգային անվտանգության ծառայությանը վերածել է իր անձնական սպասարկման մարմնի, որի առաջ մեկ խնդիր է դրված՝ ապահովել իշխանության ղեկին իրենց մնալը։ ԵԴ/1833/01/22 քրեական գործով ինձ մեղավոր են ճանաչել եւ նշանակել տուգանք:

Գլխավոր դատախազին ուղղված իմ նամակում ես հայտնել էի հետեւյալը.

«Գոլդեն Ֆիլդ» ՍՊ ընկերությունը հիմնադրվել է 2007 թվականին: Գիտաարտադրական ընկերություն էր, 2009 թվականից զբաղվում էր ավտոմեքենայի բարձր ճնշման բալոնների արտադրությամբ եւ այդ բնագավառի համար սարքավորումների եւ գործիքների նախագծմամբ եւ պատրաստմամբ: Գլոցածռման նոր տեխնոլոգիայով մեքենայի՝ հաստոցի համար ընկերությունը ստացել է հեղինակային իրավունք, որը գրանցված է հեղինակային իրավունքի միջազգային բյուրոյում՝ Ժնեւ, Շվեյցարիա: Ընկերությունում աշխատում էր 150 հոգի՝ ինժեներներ, բարձր մասնագիտությամբ հաստոցավարներ, մասնագետներ եւ բանվորներ: Բալոնների արտադրության համար հումքը՝ անկար, լեգիրացված բարձր որակի պողպատյա խողովակներ, ներմուծում էր Չինաստանից, Ռուսաստանից եւ Ուկրաինայից: Ներմուծված հումքը ընկերության կողմից հիմնականում ձեւակերպվում էր «ժամանակավոր ներմուծում՝ վերամշակման համար» մաքսային ռեժիմով, քանի որ արտադրանքի հիմնական մասը՝ մոտ 95 տոկոսը արտահանվում էր: Ընկերությունում անկար խողովակներից արտադրվում էր ավտոմեքենայի բարձր ճնշման բնական գազի բալոններ եւ արտահանվում՝ 2011 թվականից՝ մեծի մասամբ Ռուսաստան: Ընկերությունը ամսական արտադրում եւ իրացնում էր 1500-2000 բալոն:

Ընկերությունը, որպես վարկառու՝ վարկային պարտավորությունները կատարում էր ըստ պատշաճի՝ ամսական վճարելով 100-150 հազար դոլարի գումար: Ընկերությունը հարկային պարտավորությունները կատարում էր պատշաճորեն: Ընկերության հիմնական միջոցները՝ անշարժ գույքը եւ սարքավորումները միասին 2012 թվականին գնահատվել է 4,560,000,000 (4 միլիարդ 560 միլիոն) դրամի չափով՝ գնահատումը 26.03.2012թ. «Դեմարկո» ՍՊԸ-ի կողմից, իսկ բիզնեսը՝ 18,436,000,000 (18 միլիարդ 436 միլիոն) դրամի չափով՝ գնահատումը՝ 12 մայիսի 2010թ. «Տիգրիս» ՍՊԸ-ի կողմից:

2013թ. սեպտեմբերի 13-ին ՊԵԿ հետաքննչության վարչության պետը վարչական տույժ է նշանակել «Գոլդեն Ֆիլդ» ընկերության նախկին եւ տվյալ պահի տնօրենների՝ Հուսիկ Մարգարյանի եւ իմ՝ Մեխակ Գաբրիելյանիս նկատմամբ, ընդհանուր առմամբ 550 միլիոն դրամ գումարի չափով:

Վարչական տույժ նշանակելու որոշումներին հետեւել է «Գոլդեն Ֆիլդ» ընկերության մաքսային գործարքները արգելափակելու որոշումը՝ 2013թ. հոկտեմբերի 2-ից, որի հետեւանքով ընկերությունը զրկվել է հումք ստանալու եւ պատրաստի արտադրանք արտահանելու հնարավորությունից: Այս գործընթացը տեւել է շուրջ յոթ ամիս՝ 2013թ. հոկտեմբերի 2-ից մինչեւ 2014թ. ապրիլի 10-ը, որի հետեւանքով ընկերությունը 2013թ. հոկտեմբերից այլեւս հումք չունենալու պատճառով փաստացի դադարեցրել է գործունեությունը, այն դեպքում, երբ ընկերության հումքը հոկտեմբերից գտնվում էր մաքսային պահեստում, իսկ պատրաստի արտադրանքը գործարանի պահեստում, որոշ ժամանակ՝ 2013 թվականի նոյեմբերից 20-ից մինչեւ դեկտեմբերի 10-ը մաքսային պահեստում: Արտահանում չթույլատրելու պատճառով բեռնված ավտոմեքենան վերադարձել է գործարան եւ բեռնաթափվել: Ընկերությունը 2013թ. դեկտեմբերից արդեն չի կարողացել կատարել իր վարկային պարտավորությունները, որի հետեւանքով վարկատու բանկը՝ Առեկսիմբանկը 2014 թվականի հունվարից սկսել է բռնագանձել ընկերության անշարժ գույքը եւ հիմնական միջոցները՝ ընկերությունը դադարեցրել է իր գործունեությունը եւ ՊԵԿ պահանջով՝ 1,5 մլն դրամի պարտքի պահանջով սնանկացել՝ 2020թ., իսկ ես որպես ընկերության միակ մասնակից՝ ունեզրկվել: Եթե ՊԵԿ-ը ցանկանար, ապա կարող էր ընկերության ազատ միջոցներից՝ յոթ ավտոմեքենա, հարկադիր ծառայության միջոցով ստանալ այդ գումարը:

Տույժ նշակելու որոշումը բողոքարկել էինք վերադասության կարգով: Պետական եկամուտների կոմիտեն առանց վարչական վարույթ հարուցելու եւ նիստ անցկացնելու, վարչական պատասխանատվության ենթարկելու մասին որոշումը թողել էր անփոփոխ՝ կայացնելով բողոքն առանց բավարարման թողնելու որոշում:

15.11.2013թ. տույժի ենթարկվածներս դիմել էինք վարչական դատարան ՊԵԿ հետաքննության վարչության պետ Գ. Ներսիսյանի կողմից 13.09.2013թ. «Վարչական տույժ նշանակելու մասին» որոշումները վերացնելու պահանջով: Դատարանը 2013 թ. նոյեմբերի 18-ի՝ գործ թիվ ՎԴ/10555/05/13 եւ 22-ի՝ գործ թիվ ՎԴ/10561/05/13 որոշմամբ հայցադիմումներն ընդունել էր վարույթ:

Թիվ ՎԴ/10555/05/13 եւ թիվ ՎԴ/10561/05/13 վարչական գործերով հայցերը բավարարվել էին: Վճիռներն օրինական ուժի մեջ են մտել՝ թիվ ՎԴ/10555/05/13-ը՝ 26.12.2016թ. եւ թիվ ՎԴ/10561/05/13-ը՝ 16.11.2018թ.:

2013թ. հոկտեմբերից մինչեւ 2014թ ապրիլին՝ նախագահին, վարչապետին, էկոնոմիկայի նախարարին, ՊԵԿ նախագահին՝ ընկերության մաքսային գործարքները արգելափակելու ապօրինությունը վերացնելու խնդրանքով: Այդ նամակների պատասխանները ստացել եմ ՊԵԿ հետաքննչական եւ իրավաբանական վարչություններից՝ նույնաբովանդակ պատասխաններ. գումարը վճարիր, մաքսային արգելանքը վերացնենք:

2018 թ. օգոստոսի 2-ին հարուցված քրեական վարույթը՝ քր. գործ թիվ 58216518 պետական եկամուտների կոմիտեի՝ ՊԵԿ-ի հետաքննության վարչության պետ Գեւորգ Ներսիսյանի նկատմամբ երեք տարի ձգձգելուց հետո (այդպես էլ ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանի նկատմամբ քր. գործ չհարուցվեց, չնայած որ քննության ընթացքում դիմել եմ եւ վարչապետին, եւ գլխավոր դատախազին), ԱԱԾ քննչական մարմինը 2021 թ. ապրիլի 30-ին գործը կարճել է հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ եւ միեւնույն ժամանակ իմ դեմ փորձել է նույնիսկ մեղադրանք առաջադրել քրեական օրենսգրքի 312, 333-րդ հոդվածներով, իբր թե սուտ մատնություն եմ կատարել, սակայն հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ նույնպես կարճել է:

Որպեսզի ավելի պատկերավոր եւ հասկանալի լինի խնդիրը, մեջբերում եմ ԱԱԾ քննչական դեպարտամենտի ավագ քննիչ Վ. Բալյանի թիվ 58216518 քրեական գործով 30-ը ապրիլի, 2021թ. «Քրեական հետապնդում չիրականացնելու եւ քրեական գործով վարույթը կարճելու մասին» որոշումից.  «Հատկանշական է, որ Գեւորգ Ներսիսյանի գործողությունների արդյունքում վնաս չի պատճառվել Մեխակ Գաբրիելյանին, Հուսիկ Մարգարյանին, ինչպես նաեւ «Գոլդեն Ֆիլդ» ՍՊ ընկերության բնականոն գործունեությանը, որը ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածով նախատեսված հանցակազմի պարտադիր հատկանիշ է»: Մաքսային գործարքները արգելափակելը` հումք չստանալը (հումքը մաքսային պահեստում է մնացել յոթ ամիս, առկա են փաստաթղթերը) եւ արտադրանք չկարողանալ արտահանելը (փորձ է արվել 2013թ. նոյեմբերին արտահանել, ավտոմեքենան մաքսային պահեստում է մնացել քսան օր եւ վերադարձել գործարան եւ բեռնաթափվել, առկա են փաստաթղթերը), որի հետեւանքով շուրջ յոթ ամիս ընկերությունը զրկվել է գործունեություն իրականացնելուց: Առանց հիմնավորումների քննիչը ամրագրում է, որ ընկերության բնականոն գործունեությանը վնաս չի պատճառվել: Իսկ ընկերության 150 աշխատակիցները, այդ թվում ես, որպես տնօրեն, Հուսիկ Մարգարյանը, որպես փոխտնօրեն զրկված լինելով աշխատելու հնարավորությունից «վնաս չենք կրել»: Այդ անօրինականության հետեւանքով Ընկերությունը զրկվել է իր հիմնական միջոցներից, բանկը դրանք բռնագանձել է, քանի որ ընկերությունը վարկային պարտավորությունները՝ ամսական վճարումները չաշխատելու պատճառով չի կարողացել կատարել: Ինչպե՞ս կարելի է այսպիսի սուտ գրել: Քննչական մարմնի եւ հսկող դատախազի ինչպիսի ցինիզմ: Իրականում քննիչը եւ հսկող դատախազը հանդես են եկել Գագիկ Խաչատրյանի եւ Գեւորգ Ներսիսյանի փաստաբանի դերում…

Մեխակ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

1990-1995 թթ. Գերագույն խորհրդի պատգամավոր

«Առավոտ» օրաթերթ
14.01.2026

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031