Լրահոս
Օրվա լրահոսը

Սուտ 47. «Մենք ավանդապաշտ ընտանիքն ենք»

Հունվար 15,2026 09:00

Սկիզբը՝ այստեղ:

Նիկոլ Փաշինյանի ստերին այս անգամ գումարվում են իր զուգընկերուհու՝ Աննա Հակոբյանի ստերը։ Աննա Հակոբյանի ամենահնչեղ հայտարարություններից մեկը դարձավ այս արտահայտությունը․ «Մենք ամենաավանդապաշտ ընտանիքն ենք»։ Այս խոսքը պետք է վստահություն ներշնչեր, ցույց տար բարոյականություն, համեստություն, հայկական ընտանիքի արժեհամակարգին հավատարմություն։ Բայց հենց այս հայտարարությունն էլ ամենաարագը բախվեց իրականությանը։

Ավանդապաշտ ընտանիքը հանրային շոու չի դարձնում սեփական բոլոր անդամներին։ Հայկական ավանդական ընտանիքում ընտանիքը պաշտպանված տարածք է։ Այն չի դառնում քաղաքական քարոզչության հարթակ, չի վերածվում սոցցանցային ներկայացման, չի ծառայում իշխանական օրակարգերին։

Իսկ Փաշինյանների ընտանիքի պարագայում, ընտանիքի բոլոր անդամները դարձան հանրային քննարկման առարկա՝ ստատուսներով, ուղերձներով, լուսանկարներով, հրապարակային հայտարարություններով։

Սա ավանդապաշտություն չէ։ Սա ընտանիքի քաղաքականացում է։

Հայաստանի պատմության մեջ երբեք ղեկավարի կինը այսքան չի խառնվել երկրի կառավարման գործերին։ ՀՀ ոչ մի ղեկավարի կին երբեք չի ունեցել քաղաքական դերակատարում, չի ուղղորդել օրակարգ, չի դիմել ժողովրդին իշխանական դիրքից, պատերազմական օրերին չի հայտնվել բունկերներում և «բարոյական աջակցություն» ցուցաբերել հրամանատարներին։ Սա չգրված օրենք է եղել ՀՀ-ում։ Այս օրենքը խախտվեց։ Եվ խախտվեց բացահայտ։

Աննա Հակոբյանը դարձավ ամենաչընդունված առաջին տիկինը  ՀՀ պատմության մեջ։ Նրա վարքի, խոսքի, տոնայնության պատճառով նա պարզապես չընդունվեց հասարակության կողմից․ գռեհիկ ձևակերպումներ, բաժանարար խոսք, հեգնանք, սադրիչ հրապարակումներ, հասարակության մի մասի արժանապատվությունը վիրավորող մոտեցումներ։ Ավանդապաշտ ընտանիքը հասարակությանը չի բաժանում։ Այն միավորում է։

Երբ հրապարակայնորեն հնչեց Ալիևի կնոջը Շուշիում «թեյ խմելու» հրավերը, դա ընկալվեց ոչ թե որպես խաղաղության ժեստ, այլ որպես ազգային հիշողության անտեսում։ Շուշին սոսկ քաղաք չէ։ Այն խորհրդանիշ է։ Եվ այդ խորհրդանիշի հետ նման թեթև վերաբերմունքը չի կարող տեղավորվել ավանդական արժեհամակարգում։

Երջանկահիշատակ Ռիտա Սարգսյանը երբեք չի միջամտել քաղաքականությանը, հանդես չի  եկել հրապարակային դիրքորոշումներով, չի դարձել իշխանության խոսնակ։ Տիկին Ռիտան պատմում էր, որ անգամ հրաժարվել է պաշտոնական այցով ամուսնու հետ մեկնել Թուրքիա։ Նա ընտրել էր այլ ճանապարհ․ բարեգործություն, լռություն, արժանապատվություն։ Սա էր հայկական ավանդական առաջին տիկնոջ կերպարը։ Ավանդապաշտությունը խոսքերով չէ, այլ վարքով է։

Եթե նոր Հայաստանում ունես բիզնես, ցանկանում ես զարգանալ, հարկերից հնարավորինս հեռու մնալ և դառնալ Փաշինյանների ընտանիքի սիրելին, ապա պարտավորված ես մասնակցելու Աննա Հակոբյանի կողմից կազմակերպված ընթրիքներին, որի մասնակցության վճարը կազմում է 1000000 դրամ։ Պետք է ժամանակ առ ժամանակ հետևողական վճարումներ կատարես Աննա Հակոբյանի հիմնադրամին։

Ավանդապաշտ ընտանիքը չի հայտարարում, որ ավանդապաշտ է։ Այն պարզապես այդպիսին է։ Երբ ընտանիքը դառնում է քաղաքական գործիք, երբ անձնականը մշտապես հանրայնացվում է, երբ առաջին տիկնոջ խոսքը քաղաքական հետևանքներ է ունենում, այդտեղ ավանդույթը կորցնում է իր բովանդակությունը։

«Մենք ամենաավանդապաշտ ընտանիքն ենք» արտահայտությունը դարձավ հերթական գեղեցիկ, բայց դատարկ խոսք։

Ավանդապաշտությունը չի համատեղվում՝ գռեհիկ հրապարակայնության, քաղաքական ներգրավվածության, ազգային զգայուն թեմաների թեթևացման և հասարակության բաժանման հետ։ Ավանդույթը արժանապատվություն է։ Եվ արժանապատվությունը չի գոռում իր մասին։

Շարունակելի

Տաթև ԹԱԴԵՎՈՍՅԱՆ
ՀՀԿ
 խորհրդի անդամ

«Առավոտ» օրաթերթ
14.01.2026

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031