Լրահոս
Օրվա լրահոսը

«Ձեր գնահատականները եւ կարծիքը բավարար չեն ինձ ինքնաբացարկ հայտնելու համար»․ Արմեն Դանիելյանը՝ Դավիթ Հարությունյանին

Հունվար 15,2026 11:51

«Ես իմ բոլոր գործընկերների, այդ թվում նաեւ պարոն Հարությունյանի նկատմամբ միշտ եղել եմ հարգալից։ Ձեր գնահատականները եւ կարծիքը բավարար չեն ինձ ինքնաբացարկ հայտնելու համար»,- Բարձրագույն դատական խորհրիդ նիստում հայտարարեց ԲԴԽ անդամ Արմեն Դանիելյանը՝ դիմելով Դավիթ Հարությունյանին։ Վերջինս իր վերաբացված գործով նիստում այսօր բացարկի միջնորդություն էր ներկայացրել ԲԴԽ դատավոր անդամ Արմեն Դանիելյանին։

Բացարկին դեմ էր նաեւ ՀՀ արդարադատության նախարարության ներկայացուցիչ Տիգրան Դադունցը։ Նա հայտարարեց, որ ԲԴԽ անդամների բացարկի միջնորդությունները Դավիթ Հարությունյանի կողմից ինքնանպատակ են եւ ներկայացվող հիմքերը վերաբերելի չեն գործին։

Հիշեցնենք, Երեւանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի՝ լիազորությունները դադարեցված դատավոր Դավիթ Հարությունյանի գործով ԲԴԽ-ում նոր քննություն է իրականացնում։ Հիշեցնենք նաեւ, որ դատավոր Դավիթ Հարությունյանի լիազորությունները ԲԴԽ-ն դադարեցրել է 2023 թվականի հուլիսի 3-ին։ Կարգապահական վարույթը դատավորի նկատմամբ նախաձեռնել էր արդարադատության նախարարությունն` ապրիլի 7-ին հրավիրված Դատավորների ընդհանուր ժողովի օրը լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի առնչությամբ:

Արմեն Դանիելյանին բացարկի հիմքերը շարադրելով, Դավիթ Հարությունյանը ներկայացնում էր տարբեր առիթներով նրա կայացրած մեղադրական որոշումները, որոնք իր հիմնավորմամբ՝ չեն ապահովում դատավորի անկողմնակալության սկզբունքը։ Դավիթ Հարությունյանի պնդմամբ՝ այս դատավորի վարքը սպառնալիք է դատական համակարգի եւ ԲԴԽ անկախությանը։

Դավիթ Հարությունյանն իր միջնորդությունը հիմնավորելու համար ներկայացնում էր դեռ 2022 թվականից տեղի ունեցած տարբեր իրադարձություններ, արդարադատության նախկին նախարարներ Կարեն Անդրեասյանի, Գրիգոր Մինասյանի տարբեր հարցազրույցներից մեջբերումներ էր անում։

ԲԴԽ նախագահ Արթուր Աթաբեկյանը պարբերաբար հորդորում էր՝ միջնորդությանը վերաբերելի բաներից խոսել․ ինքը չէր տեսնում նախկինի իրադարձությունների եւ Արմեն Դանիելյանին վերաբերող բացարկի միջնորդության միջեւ կապը։

Դավիթ Հարությունյանը տարակուսեց՝ ասելով՝ արձանագրենք՝ քանի որ անցել են տարիներ, հորդորում եք չներկայացնել։ Արթուր Աթաբեկյանը չհամաձայնեց՝ կրկնելով, որ ինքը փորձում է Արմեն Դանիելյանի բացարկի եւ չորս տարվա վաղեմության իրադարձությունների կապը հասկանալ ու չի հասկանում։ Դավիթ Հարությունյանը հայտարարեց՝ քանի որ վստահ չէ, որ միջնորդությունը բավարարվելու է, ուստի փորձում է հնարավորինս փաստարկներ բերել, այն հույսով, որ դրանք ինչ-որ կերպ կազդեն որոշման վրա։

«Իմ տպավորությունն է, որ ուզում եք այստեղ ներկայացնել, որ ինչ-որ փաստաթուղթ եք տվել, որը խորհուրդը չի վերցրել։ Դուք փաստաթուղթ եք տվել, որը եղել է չհամապատասխանող, ես էլ ասել եմ՝ եթե ուզում եք, որեւէ փաստաթուղթ ներկայացնել, որը կարծում եք կարող է օգնել գործընթացին եւ ձեր իրավունքներն արվելի արդյունավետ պաշտպանելուն, ներկայացրեք օրենքով սահմանված կարգով։ Դուք ներկայացրել եք օտարալեզու փաստաթուղթ, որը չի համապատասխանում կարգին։ Ձեր իրավունքները պաշտպանելու համար դուք սահմանափակված չեք, ներկայացրեք ցանկացած փաստաթուղթ՝ սահմանված կարգով»,- ասաց Արթուր Աթաբեկյանը՝ հակադարձելով Դավիթ Հարությունյանին։

Արմեն Դանիելյանի բացարկի միջնորդությունը ԲԴԽ-ն մերժեց՝ անբավարար հիմքերի պատճառով։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031