Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինձ համար պարզ է եւ կանխատեսելի է, որ իմ գործով օրինական, պատշաճ դատարան չի կարող ստեղծվել, քանի որ բացարկի հիմնավորված բոլոր որոշումները մերժվում են»․ Դավիթ Հարությունյան

Հունվար 15,2026 13:41

Ես չեմ բացառում մեր միջեւ բարիդրացիական հարաբերությունների առկայությունը՝ մինչեւ ձեր վերաբերյալ գործի քննությունը, բայց դա ինձ չի խանգարել՝ ձեր վերաբերյալ կանխակալ վերաբերմունք ունենալուն․ Բարձրագույն դատական խորհրդի նիստում հայտարարեց ԲԴԽ անդամ Էդգար Հովհաննիսյանը՝ արձագանքելով Դավիթ Հարությունյանի հայտարարություններին։ Դավիթ Հարությունյանը Էդգար Հովհաննիսյանին բացարկի միջնորդություն էր ներկայացրել։ Հիմքը՝ նախկինում իրենց ունեցած ընկերական հարաբերություններն էին եւ Դավիթ Հարությունյանի մասով ԲԴԽ-ի 2024 թվականի որոշման տակ Էդգար Հովհաննիսյանի ստորագրությունը՝ իր դեմ։

Հիշեցնենք, Երեւանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի՝ լիազորությունները դադարեցված դատավոր Դավիթ Հարությունյանի գործով ԲԴԽ-ում նոր քննություն է իրականացվում։ Հիշեցնենք նաեւ, որ դատավոր Դավիթ Հարությունյանի լիազորությունները ԲԴԽ-ն դադարեցրել է 2023 թվականի հուլիսի 3-ին։ Կարգապահական վարույթը դատավորի նկատմամբ նախաձեռնել էր արդարադատության նախարարությունն` ապրիլի 7-ին հրավիրված Դատավորների ընդհանուր ժողովի օրը լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի պատճառով։

«Մենք նորմալ գործընկերային հարաբերություններ ենք ունեցել, այս պահին դրանք չկան, իհարկե։ Ամենօրյա ընկերներ չենք եղել, բայց նորմալ հարաբերություններ ենք ունեցել, այդ թվում՝ նաեւ միմյանց վերաբերող անձնական տխուր առիթներին ենք մասնակցել, միմյանց ցավակցել։ Ինչ վերաբերում է 2024 թվականի ԲԴԽ որոշումն իմ կողմից ստորագրելուն, ապա, եթե դուք այդ որոշումն ավելի ուշադիր ուսումնասիրած լինեիք, կտեսնեիք, որ այնտեղ նշված է՝ «ԲԴԽ-ն 2023 թվականի որոշմամբ արձանագրել է»․․․ Այսինքն, ես ստորագրել եմ այդ որոշման տակ՝ հղվելով այն որոշմանը եւ վերջում այն հատվածին եմ համաձայն եղել, որ դուք որեւէ նոր բան չեք ասել, որը հիմք լինի վերանայելու այդ որոշումը։ Ինչ վերաբերում է իմ ընտրություններին․ հարգելի պարոն Հարությունյան, Դուք եթե այդքանն ասացիք, նաեւ համոզված եմ, որ քաջատեղյակ եք՝ դրա վերաբերյալ դատական ակտ կա։ Հարցը դատական կարգով լուծվել է եւ այնտեղ հստակ արձանագրվել է, որ գործընթացը օրենքին համապատասխան է եղել։ Այն սահմանված կարգով մտել է ուժի մեջ։ Կարծում եմ, կասկածի տակ չեք դնի դրա օրինականությունը»,- ասաց Էդգար Հովհաննիսյանը։

Հիշեցնենք, որ դատավոր Դավիթ Հարությունյանը դիմել է Բարձրագույն դատական խորհուրդ՝ պահանջելով վերանայել և վերացնել իր լիազորությունները կարգապահական խախտման հիմքով դադարեցնելու ԲԴԽ-ի 2023 թվականի որոշումը, նաեւ այն չվերանայելու վերաբերյալ 2024 թվականի որոշումը եւ իրեն վերականգնել դատավորի պաշտոնում։ Նման միջնորդությամբ ԲԴԽ-ին դիմելու հիմք է առաջացել այն բանից հետո, երբ ՍԴ-ն երկրորդ անգամ կայացրել է Հարությունյանի իրավունքների խախտման վերաբերյալ որոշում։  ԲԴԽ-ն նիստը դռնփակ էր անցկացրել՝ պնդելով, թե դա բխում է արդարադատության շահից։ Բացի այդ՝ նիստի ընթացքում Խորհուրդը որոշել էր Հարությունյանին հեռացնել նիստերի դահլիճից, եւ սա այն դեպքում, երբ դատավորը դեռեւս չէր հասցրել իր կարգապահական գործի վերաբերյալ դիրքորոշում հայտնել՝ չնայած բազմիցս պնդել էր, որ դիրքորոշում ներկայացնելու է։ Այն պահին, երբ դատավորին հեռացրել են նիստերի դահլիճից, այնտեղ ներկա չեն եղել նաեւ դատավորի փաստաբանները։

ԲԴԽ որոշումից հետո Հարությունյանը դիմել էր Սահմանադրական դատարան, և 2024-ի մայիսի 21-ին ՍԴ-ն որոշում էր կայացրել, որ այս գործով խախտվել են հրապարակայնության սկզբունքին, դատական սանկցիա կիրառելուն վերաբերող նորմերը ԲԴԽ-ն Հարությունյանի նկատմամբ այլ մեկնաբանությամբ է կիրառել, գործը ենթակա է վերանայման։ Այս որոշումից հետո դատավորը դիմել էր ԲԴԽ՝ իր գործը վերանայելու համար, սակայն ԲԴԽ-ն գրավոր ընթացակարգով քննել էր դիմումն ու որոշում կայացրել նախկին որոշումը չվերանայելու մասին։

ԲԴԽ-ն մերժեց Էդգար Հովհաննիսյանի բացարկի միջնորդությունը՝ այն հիմքով, որ վերջինիս կողմնակալ լինելու հիմքեր չկան։

«Ինձ համար պարզ է եւ կանխատեսելի է, որ իմ գործով օրինական, պատշաճ դատարան չի կարող ստեղծվել, քանի որ բացարկի հիմնավորված բոլոր որոշումները մերժվում են»,- հայտարարեց Դավիթ Հարությունյանը։ Նա առաջարկեց քննարկել հնարավորությունը՝ կարգապահական վարույթից հետո իր կողմից հրաժարականի դիմում գրելու եւ աշխատանքից ազատվելու։ Սա վարույթը կարճվելուց հետո հնարավորություն է տալիս դատավորին նորից դիմելու եւ վերադառնալու դատական համակարգ, նման նախադեպեր կան՝ ՍԴ որոշումից հետո։ Նա ակնկալում է նաեւ իր նկատմամբ համահավասար իրավունքի կիրառում։

ԲԴԽ նախագահ Արթուր Աթաբեկյանն ասաց՝ հարց եք տալիս, որը դատավարական գործընթացում ձեր իրավունքներից օգտվելու մասին չէ եւ Խորհուրդը չի կարող պատասխանել։ Նա առաջարկեց հարցը ներկայացնել գրավոր միջնորդությամբ, որը կքննարկվի։

«Չի կարող դատարանի որոշումը կանխատեսելի լիներ»,- հայտարարեց Արթուր Աթաբեկյանը՝ պատասխանելով Դավիթ Հարությունյանի տարբեր հարցերին այն մասին, թե ի՞նչ բնույթ, հիմք, կառուցվածք ունենա միջնորդությունը, որ դրական ելք ունենա։

 

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031