Ուզում եմ անդրադառնալ վերջին օրերին հասարակական հնչեղություն ստացած երկու իրադարձությունների։
Մեկը Բաքվից մեր չորս գերիների վերադարձն է, իսկ մյուսը՝ Արամ Զավենի Սարգսյանի հայկական քայլը, որը նա կատարեց իր հանգուցյալ հոր հոգեհանգստյան արարողության ժամանակ։
Նախ` գերիների հարցով։ Միանգամից փաստենք, որ ո՛չ թե զուտ գերիների վերադարձ է տեղի ունեցել, այլ տեղի է ունեցել գերիների փոխանակում հանցագործների հետ։ Հայաստան են վերադարձել շինծու մեղադրանքներով Բաքվում դատապարտված հայորդիներ, իսկ Ադրբեջանին են հանձնվել ռազմական հանցագործներ։ Բաքվի գերությունից Հայաստան վերադարձան քայքայված առողջություն ունեցող մարդիկ, իսկ վերադարձրեցինք առողջ հանցագործների, ովքեր հարկ եղած դեպքում նորից զենք կօգտագործեն հայի դեմ։
Գիտենք, որ գերիների վերադարձ տեղի է ունեցել նաև մինչև 2025 թվականի օգոստոսին 8-ին տեղի ունեցած վաշինգթոնյան բլեֆը, ուստի այս ուրախալի իրադարձությունը ԱՄՆ նախագահի միջնորդությամբ Ադրբեջանի և Հայաստանի միջև տեղի ունեցած վաշինգթոնյան շարունակվող շոուի հետ կապելը կեղծ ու շինծու է։ Սա ընդունված պրակտիկա է աշխարհում բոլոր հակամարտող կողմերի համար։
Կարդացեք նաև
Գերիներին ռազմական հանցագործների հետ փոխանակելը խաղաղության մասին չի վկայում։
Երկրորդ իրադարձությունը, ինչը իսկապես իրադարձություն է, ինչպես նշեցի Արամ Զավենի Սարգսյանի և իր եղբոր կողմից որդիական խոնարհությամբ Վեհափառ Հայրապետի աջը համբուրելն է, ինչը, շատ ցավագին են տարել ՀՀ իշխանություններն ու, թերևս, պարոն Սարգսյանի որոշ թիմակիցներ։
Նախ` ցավակցում եմ Սարգսյան ընտանիքին և իրենց հարազատներին և ներողություն եմ խնդրում իրենց համար այս տխուր օրերին այս թեման արծարծելու համար, սակայն ինչ որ կերպ պետք է արձագանքել այն մարդկանց, ովքեր այդ քայլը անպարկեշտ ձևով քննադատում են։ Իրականում այդտեղ որևէ քննադատելու պատճառ չկա, այլ ճիշտ հակառակը, պարոն Սարգսյանի արածը շատ ճիշտ քայլ էր և ըստ իս, համբուրելով Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսի աջը, պարոն Սարգսյանն ու իր եղբայրը ցույց տվեցին ոչ միայն իրենց հարգանքը Վեհափառ Հայրապետի նկատմամբ, այլ իրենց հանգուցյալ հոր հարգանքը նույնպես Վեհափառի նկատմամբ։
Այդ քայլով Սարգսյան եղբայրները հասկացրեցին, որ իրենց հայրը իր կենդանության օրոք ակնածանք ու հարգանք է ունեցել Վեհափառ հոր նկատմամբ և իրենց հորը դեպի հավերժություն ճանապարհելուց առաջ խոնարհվեցին ու համբուրեցին Քրիստոսի Եկեղեցու առաջնորդի աջը։
Ի դեպ, աջը համբուրելն ու ձեռքը համբուրելը տարբեր հասկացողություններ են։ Ոչ ոք Վեհափառի ձեռքը չի համբուրում, բոլորն էլ համբուրում են Վեհափառի աջը, դրանով ընդունելով Նորին Սրբության հոգևոր բարձրագույն իշխանությունը։
Դա, իմ կարծիքով, գովելի, գնահատելի և շատ ճիշտ քայլ է նախ և առաջ իրենց հոր հիշատակի համար, իսկ թե հետո իրենց ինչպես կպահեն Սարգսյան եղբայրները՝ կյանքը ցույց կտա։ Կարծում եմ, նրանք չեն հիասթափեցնի այն մարդկանց, ովքեր հաճելի անակնկալի գալով հարգեցին ու գնահատեցին իրենց այդ ազնիվ քայլը։
Գենադի ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ



















































