Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հունվարի 14-ին հյուրընկալեց մի շարք ռադիոընկերությունների տնօրեններին։
Հանդիպման նպատակն էր քննարկել ոլորտի խնդիրները, լսել հեռարձակողների մտահոգությունները տարբեր հարցերի շուրջ և համատեղ ուժերով գտնել դրանց լուծման ուղիները։
Ռադիոընկերությունների ղեկավարները տեղեկացրին Հանձնաժողովին ռադիոընկերությունները միավորող հասարակական կազմակերպության ստեղծման մասին։
Հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը իր հերթին ողջունելով ՀԿ-ի ստեղծումը՝ նշեց, որ դա նաև կհեշտացնի Հանձնաժողովի աշխատանքը ռադիոընկերությունների հետ, քանի որ նույն խնդրի շուրջ բոլորի հետ առանձին-առանձին աշխատելը ոչ արդյունավետ է, իսկ մեկ միասնական կառույցի առկայության դեպքում բոլոր հարցերը շատ ավելի արագ կհասցեագրվեն։
Կարդացեք նաև
Քննարկման ընթացքում բարձրաձայնեցին մի շարք հարցերի մասին, որոնք վերաբերում են «Գովազդի մասին» օրենքում փոփոխություններին և լրացումներին, ինչը էականորեն կազդի գովազդի շուկայի վրա ու կնպաստի ֆինանսական կայուն հոսքերի ներգրավմանը։
Տիգրան Հակոբյանը կարևորեց նման քննարկումների պարբերական բնույթը՝ ընդգծելով, որ Հանձնաժողովը պատրաստ է շարունակական երկխոսության և մշտապես պատրաստ է աջակցել ոլորտի ներկայացուցիչների բարձրացված հարցերի շուտափույթ լուծմանը։
Հանդիպման ավարտին ռադիոընկերությունների տնօրենների հարցերին նաև պատասխանեցին Հանձնաժողովի ներկայացուցիչները։
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողով















































