Լրահոս
Օրվա լրահոսը

«Պարոն Աթաբեկյան, իմ վերաբերյալ երկու անգամ հակասահմանադրական որոշում եք կայացրել, իմ երաշխիքը ո՞րն է, որ հիմա կարծիք կփոխեք»․ Դավիթ Հարությունյան

Հունվար 15,2026 16:29

«Պարոն Աթաբեկյան, իմ վերաբերյալ երկու անգամ հակասահմանադրական որոշում եք կայացրել, իմ երաշխիքը ո՞րն է, որ հիմա կարծիք կփոխեք»,- Բարձրագույն դատական խորհրդի նիստում ԲԴԽ նախագահին դիմեց լիազորությունները դադարեցված դատավոր Դավիթ Հարությունյանը։

Դավիթ Հարությունյանը բացարկի միջնորդություն ներկայացրեց ԲԴԽ նախագահ Արթուր Աթաբեկյանին (լուսանկարում)։ Հիմքն այն է, որ դատավորներ Արշակ Վարդանյանի, Նաիրա Հովսեփյանի դեպքերում 2023-ին ԲԴԽ-ն գտել է, որ ընկերային, գործընկերային հարաբերությունների առկայությունը հիմք է անկողմնակալ չլինելու համար եւ ընդունել էր բացարկի միջնորդությունները։ Հիմա, քանի որ Դավիթ Հարությունյանը եւ Արթուր Աթաբեկյանը միմյանց ճանաչում են ուսանողական տարիներից, նույն համակարգում են աշխատել՝ տարատեսակ շփումներ են ունեցել, ինքը կարծում է, որ այս դեպքում էլ ԲԴԽ-ն պետք է բավարարի իր միջնորդությունը։

Արթուր Աթաբեկյանն իր պատասխան խոսքում հակադարձեց՝ եթե իր անկողմնակալության հետ կապված խնդիր լիներ, ինքն ի սկզբանե ինքնաբացարկ կհայտներ։

Կարեն Անդրեասյանի՝ հիմնական դերակատարի բացակայությունը չեզոքացնո՞ւմ է նախկինում ձեր կատարած գործողությունները՝ Արթուր Աթաբեկյանին նաեւ հարց տվեց Դավիթ Հարությունյանը։ Ինքը չի հասկանում, թե ինչպե՞ս են ԲԴԽ դատավոր անդամները լուռ մասնակիցը դարձել այն անարդարության, որը տեղի է ունեցել իր նկատմամբ։ Վստահ է, եթե ԲԴԽ նախագահ չլիներ Կարեն Անդրեասյանը, այդ ամենը չէր լինի։ Ամեն դեպքում, Դավիթ Հարությունյանի տպավորությունն այն է, որ Արթուր Աթաբեկյանը Կարեն Անդրեասյանի հետ ընդհանուր որեւէ արժեք չի կիսում։

Հիշեցնենք, Երեւանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի՝ լիազորությունները դադարեցված դատավոր Դավիթ Հարությունյանի գործով ԲԴԽ-ում նոր քննություն է իրականացվում։ Հիշեցնենք նաեւ, որ դատավոր Դավիթ Հարությունյանի լիազորությունները ԲԴԽ-ն դադարեցրել է 2023 թվականի հուլիսի 3-ին։ Կարգապահական վարույթը դատավորի նկատմամբ նախաձեռնել էր արդարադատության նախարարությունն` ապրիլի 7-ին հրավիրված Դատավորների ընդհանուր ժողովի օրը լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի պատճառով։ Դավիթ Հարությունյանը հայտարարեց՝ Կարեն Անդրեասյանը փաստել է, որ իր նկատմամբ վարույթի հարուցումը, ԲԴԽ-ի կողմից իր թիրախավորումը ոչ միայն այդ հարցազրույցին է վերաբերել, այլ նաեւ մինչ այդ տրված հարցազրույցներին։

ԲԴԽ-ն մերժեց միջնորդությունը։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031