Լրահոս
Օրվա լրահոսը

Դեսպան Խալիլ Շիրղոլամիի հրապարակային դժգոհությունից հետո Հայաստանում Իրանի դեսպանատան մոտ հակակառավարական ցույցերը շարունակվում են

Հունվար 15,2026 21:44

Հայաստանում Իրանի դեսպանատան մոտ հակակառավարական ցույցերը շարունակվում են։

«47 տարի առաջ այս կառավարությունը եկել է և գրավել է մեր երկիրը։ Այս կառավարությունը մեր կառավարությունը չէ։ Իրենք ДШК-ով սպանում են մարդկանց»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց ցուցարարներից մեկը՝ վստահեցնելով, որ Իրանում զոհերի թիվը հասել է 42 հազարի։

Ցուցարարներին վրդովեցնում է այն փաստը, որ իրանցի պաշտոնյաները հայտարարում են՝ թե թիվը կարող է մեծանալ, և դա նորմալ է, քանի որ իրենց նպատակներին հասնելու համար ցանկացած մեթոդ արդարացված են համարում։

«Իրենք եկել են, տեռորիստներ են, մեզ են հայտարարում տեռորիստ։ Մենք արդեն տասներորդ օրն է եկել ենք, այստեղ ենք հավաքվել, ոչ մի խնդիր չենք սարքում, օրենքով այստեղ կանգնած ենք և մեր ուզածն ենք ասում, բայց իրենք Իրանում մեր ժողովրդին են սպանում․ հիմա դուք ասեք՝ մե՞նք ենք տեռորիստ, թե իրենք են տեռորիստ։ Մենք ուզում ենք, որ մեր թագավորը հետ գա՝ նորմալ երկիր սարքենք։ Էսպիսի երկիր, էսպիսի կառավարություն մենք երբեք չենք ուզել»,- ասաց մեր զրուցակիցը՝ հավաստիացնելով, որ հավաքները շարունակելու են այնքան, մինչև Իրանի գործող կառավարությունը հրաժարական տա։

Մանրամասները՝ տեսանյութում

Հիշեցնենք, տարբեր երկրներում Իրանի դիվանագիտական ներկայացուցչությունների մոտ հավաքները և կառավարության հրաժարականի պահանջը խրախուսում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Օրերս նա նման հերթական հայտարարությունն էր արել՝ դիմելով այլ երկրներում բնակվող իրանցի հայրենասերներին։

Հիշեցնենք նաև, որ օրերս Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին իր դժգոհությունն էր արտահայտել ՀՀ կառավարությունից՝ Հայաստանում Իրանի դեսպանատան մոտ ցույցերի թույլտվության առիթով։

Դեսպանն ասել էր՝ Թեհրանում ձևավորվում է պատկերացում, որ Հայաստանը դառնում է Իրանի դեմ թշնամաբար տրամադրված ուժերի համար կենտրոն։ Դեսպան Խալիլ Շիրղոլամին դժգոհել էր իր երկրում հակակառավարական ցույցերի օրերին Երևանում Իրանի դեսպանատան դեմ մի խումբ իրանցիների բողոքի ակցիաներից։

Ըստ դեսպանի՝ եթե «թշնամական ուժերին հաջողվի մասնատել Իրանը, Հայաստանը ևս պարտվողների թվում է լինելու»։

«Մի խումբ մարդկանց կանաչ լույս է տրվում գալ Իրանի դեսպանատան դիմաց, նրանք շատ անհարգալից ու վիրավորական արտահայտություններով են հանդես գալիս։ Եվ, ի հեճուկս մեր բողոքի, այդ գործընթացը շարունակվում է»,- ասել էր դեսպանը՝ նշելով, որ իրենք բողոքել են Հայաստանի պատկան մարմիններին, սակայն դա արդյունք չի տվել, ցույցերը շարունակվել են։

Բողոքի հրապարակային արտահայտությունից հետո ցույցերը նույնպես շարունակվում են։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031