Լրահոս
Օրվա լրահոսը

«Քաղաքային խենթը ես եմ». ներկայացվեցին Ռուսլան Սաղաբալյանի 2 գրքերը

Հունվար 15,2026 21:33

Newmag Book Salon-ում կայացավ արձակագիր, մանկագիր, ֆանտաստ գրող Ռուսլան Սաղաբալյանի հետ հանդիպումը։ Նրա ծննդյան 75-ամյակի առիթով կազմակերպված միջոցառմանը ներկա էին մտերիմները, ընկերները, ստեղծագործությունները գնահատողները։ Newmag & friends ծրագրով ներկայացվեց հեղինակի «Городской сумасшедший». Поучительные истории о ереванцах и других жителях Земли» պատմվածքների ռուսալեզու ժողովածուն։

Newmag-ը «Երազ» մատենաշարով հրատարակել է հեղինակի «7 գալակտիկաների դպրոցը» ֆանտաստիկ վեպը, որի նկարազարդումները կատարել է Սոնա Բաբաջանյանը, թարգմանությունը՝ Հայկ Հարությունյանը։

«Երբ իմ վաղեմի ընկեր Աննա Սաղաբալյանն առաջարկեց հայերեն հրատարակել Ռուսլանի «7 գալակտիկաների դպրոցը», առաջին ռեակցիան հետևյալն էր՝ ինչ լավ գիրք է, ու ամենակարևորը՝ հայկական հրատարակչական շուկայում մանկական գրքեր քիչ կան։ Ուստի մեզ համար հաճելի անակնկալ էր, երբ ծանոթացանք պարոն Սաղաբալյանի հետ։ Հուսով ենք, որ այս ծանոթությունը երկար կտևի»,- շնորհանդեսին ասաց Newmag-ի գլխավոր տնօրեն Արտակ Ալեքսանյանը։ Նա հավելեց, որ ունեն երկարատև համագործակցության ակնկալիք Ռուսլան Սաղաբալյանի հետ։

«Շնորհակալ եմ, որ այս գեղեցիկ գիրքը հրատարակվեց։ Ես հույս չունեի, որ Երևանում նման գիրք կունենամ»,- ասաց գրողը։ «Городской сумасшедший». Поучительные истории о ереванцах и других жителях Земли» ժողովածուի մասին խոսելիս, պատասխանելով այն հարցին, թե ով է քաղաքային խենթը, հեղինակն այսպես արձագանքեց․ «Թեկուզ ես… Բոլոր անսովոր մարդիկ, որոնք մեծամասնությունից տարբերվում են կամ մեծամասնությանը հակառակ են, խենթ են։ Գրողը պետք է հակառակ լինի մեծամասնությանը, գրողի պարտականությունն է փոքրամասնություն լինելը»։

Նրա ձևակերպմամբ՝ գրականությունը ոչ մեկի չի դաստիարակում, այն նման խնդիր չի լուծում․ «Քանի հազարամյակ գոյություն ունի գրականությունը, որևէ մեկը դաստիարակվե՞լ է… Դաստիարակչական գործառույթը խորհրդային գաղափարախոսությունից էր գալիս… Գրողի գործառույթն իրականում հույզեր արթնացնելն է՝ սեր, ատելություն, ուրախություն, լաց, ծիծաղ… Պարզապես ստեղծագործող մարդը դա այլ կերպ է արտահայտում…»։

Ռուսլան Սաղաբալյանը, խոսելով իր ստեղծագործությունների մասին, ասաց, որ իր միջից է «հանում» գլխավոր հերոսներին․ «Պարզապես հանելու ժամանակ հիշում եմ իմ ծանոթներին, օրինակ՝ մեր դպրոցի տնօրենին… Ուղղակի որևէ կոնկրետ մարդու պետք է հիշես, որ այդ մարդը թղթի վրա դառնա կենդանի»։ Գրողն ասում է, որ վերջին տարիներին ոչ միայն գրում է, այլև վերընթերցում դասականներին ու ժամանակակից հեղինակներին․ «Ինձ թվում է՝ այսօրվա գրականությունը անցյալի գրականության ռիմեյքն է, դրա համար այսօր ավելի շատ ընթերցում եմ դասականներին։ Հենց հիմա սեղանիս Պուշկին է, Լերմոնտով, Օրվել…»։

Ռուսլան Սաղաբալյանի ընկերներից մոսկվացի գրող Ելենա Չեռնիկովան հետաքրքիր տեսաուղերձով հանդես եկավ, որտեղ խոսեց նաև «Городской сумасшедший». Поучительные истории о ереванцах и других жителях Земли» ժողովածուի մասին։

Մեկ այլ ընկեր՝ Ազա Բաբայանը, նշեց․ «Ռուսլան, սիրելիս, դու ոչ թե քաղաքային խենթ ես, այլ քաղաքային դինոզավր, և ես պահանջում եմ, որ դինոզավրը սկսի նոր գիրք, և դա պետք է լինի հայկական ուտոպիա։ Որևէ մեկն ավելի լավ չի գրի մեր ուտոպիան, պահանջում եմ, որ գրես այդ ուտոպիան… Դու ոչ միայն տաղանդավոր ես, այլև հետաքրքիր՝ որպես գրող, տղամարդ և ինտելեկտուալ մարդ»։ Նա ընթերցեց նաև էստոնացի գրող, բանաստեղծ, դրամատուրգ և սցենարիստ Կալե Կասպերի շնորհավորանքը՝ ուղղված իր ընկեր Սաղաբալյանին։

Հավելենք, որ Ռուսլան Սաղաբալյանի բազմաժանր ստեղծագործական ժառանգությունը ներառում է գիտաֆանտաստիկ գրականություն, դրամատուրգիա, ֆիլմերի, մուլտֆիլմերի և վավերագրական ֆիլմերի սցենարական աշխատանքներ։ Նա եղել է «Լիտերատուրնայա Արմենիա» ամսագրի հրապարակախոսության և արվեստի բաժնի վարիչը, «Առագաստ» թերթի ռուսական հավելվածի և Մոսկվայում որոշ պարբերականների գլխավոր խմբագիրը։ Արժանացել է Կիևի միջազգային կինոփառատոնի «Գրան պրի» մրցանակին, Մոսկվայի Գրողների միության մեդալին և Մեդիա-միության միջազգային «Ոսկե բառ» մրցանակին։

Ռուսլան Սաղաբալյանը Հայաստանի և Մոսկվայի Գրողների միության անդամ է, ավելի քան 2000 հրապարակումների հեղինակ։ Նրա ստեղծագործությունները թարգմանվել են 15 լեզուներով։

 

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031