ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բոլոր ջանքերն ուղղում է քաղաքական դաշտի մաքրմանը՝ 2026 թվականի ընտրություններում իր հաղթանակի երաշխիքներն ապահովելու համար, ասվում է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Համաշխարհային տնտեսության եւ միջազգային հարաբերությունների ինստիտուտի զեկույցում: Դրան անդրադարձել է այդ փաստաթուղթն ունեցող ռուսական «ՌԻԱ նովոստի» լրատվական գործակալությունը:
Ըստ լրատվամիջոցի հաղորդման, փաստաթղթում նշվում է, թե Հայաստանում ներքաղաքական պայքարը շարունակվում է եւ ավելի ու ավելի կատաղի է դառնում հունիսի 7-ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների մոտենալուն զուգընթաց:
«Ակնհայտ է, որ 2026 թվականի առաջին կեսի ընտրարշավի ընթացքում դիմակայությունը միայն կսրվի: Խորհրդարանական եւ արտախորհրդարանական ընդդիմության, սփյուռքի անցանկալի ներկայացուցիչների եւ Հայ Առաքելական եկեղեցու (ՀԱԵ) ղեկավարության վրա ճնշումը 2025 թվականին աննախադեպ էր: Փաշինյանն իրեն թույլ է տվել նույնիսկ անձնական վիրավորանքներ եւ սպառնալիքներ Կաթողիկոսի ու Հայ եկեղեցու մի շարք բարձրաստիճան հոգեւորականների հասցեին: ՀԱԵ-ի վրա ճնշման հետ են մեծապես կապված նաեւ հայտնի գործարար Սամվել Կարապետյանի, նրա անձնական ու գործարար շրջանակի մի մասի նկատմամբ ճնշումները»,- ասվում է զեկույցում: Նաեւ նշվում է, թե շարունակվում են Հայաստանի նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի, նրանց ընտանիքների անդամների ու կողմնակիցների նկատմամբ հետապնդումները:
«Այսպիսով, Փաշինյանի թիմն իր բոլոր ջանքերն ու ռեսուրսները կենտրոնացնում է հանրապետության քաղաքական դաշտի լիակատար մաքրման վրա՝ 2026 թվականի ընտրություններում իր հաղթանակը երաշխավորելու համար: Փաշինյանին անհրաժեշտ է համոզիչ, անվիճելի հաղթանակ՝ խորհրդարանում իր սահմանադրական մեծամասնությունը պահպանելու համար, ինչը նրան թույլ կտա անցնել սահմանադրական բարեփոխումներին եւ շարունակել իր արտաքին քաղաքական կուրսը՝ ուղղված ԱՄՆ-ի հետ մերձեցմանը եւ արագացված եվրոինտեգրմանը»,- կարծում են հայտնի ակադեմիական ինստիտուտում:
Կարդացեք նաև
Ընդսմին նշվում է, թե Փաշինյանի գլխավորած իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, փորձագետների գնահատմամբ, առաջիկա ընտրություններում հաջողության բոլոր հնարավորություններն ունի՝ հաշվի առնելով լուրջ մրցակցության բացակայությունը:
«Քաղաքական ուժերի ներկայիս դասավորության հիմնական պատճառներից մեկը, թվում է, նախկին ղեկավարների լուրջ բացասական վարկանիշն է, որը նրանց խանգարում է ապահովել հանրապետության բնակչության զգալի մասի աջակցությունը: Իշխող կուսակցությունը նաեւ իր վարչական ռեսուրսների ու երկրի տեղեկատվական տարածքի փաստացի մենաշնորհի հաշվին, ինչպես երեւում է, ընտրարշավի ակնհայտ ֆավորիտն է: Կառավարության եւ ընդդիմության միջեւ ավանդական դիմակայությունից բացի հարկ է նշել նաեւ Հայաստանում վաղուց պահանջված երրորդ ուժի եւ նոր, վառ ու միաժամանակ միավորող քաղաքական դեմքերի բացակայությունը»,- ընդգծվում է զեկույցում:
Թարգմանությունը՝ «Ազգ»-ի:


















































