Լրահոս
Օրվա լրահոսը

«Սա ամբողջական լուծում չէ, տարբեր երկրներում գտնվող հայ երիտասարդները չեն կարողանալու վճարել այդպիսի խոշոր գումարներ ու վերադառնալ հայրենիք»․ Գեղամ Մանուկյան

Հունվար 16,2026 12:53

ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու նախագծի քննարկման ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը հարցրեց նախագծի հեղինակ Հայկ Սարգսյանին․ «Ես հիմա ապրում եմ ՀՀ-ում, կարո՞ղ եմ այս օրենքի շրջանակներում վճարել 15 մլն դրամ ու ազատվել զինվորական ծառայությունից»։

Հայկ Սարգսյանն ասաց, որ նախագիծը վերաբերում է բանակից խուսափած 27-37 տարեկան քաղաքացիներին՝ թե արտերկրում գտնվող, թե Հայաստանում։ «Խոսքը վերաբերում է չհաշվառված անձանց, ովքեր հաշվառման չեն կանգնել։ Ունենք ՀՀ-ում ծնված քաղաքացիներ, ովքեր չեն գնացել զինկոմիսարիատներ եւ չեն հաշվառվել, նրանց չեն տանում պարտադիր զինվորական ծառայության, քանի որ հաշվառված չեն։ Այս օրենքի ընդունումից հետո բոլոր այն անձինք, ովքեր հաշվառված չեն եւ 27 տարեկանը լրանալուց հետո կներկայանան, կհաշվառվեն, պարտավոր կլինեն վճարել 15 մլն դրամ։ Այսինքն՝ մենք կոտրում ենք մոտիվացիան, որպեսզի 18-20 տարեկանում հաշվառում չանցած անձը շարունակի մինչեւ 27 տարեկան մնալ չհաշվառված, քանի որ գիտի՝ մեկ է, 27 տարեկանում պարտավոր է կամ ծառայել, կամ գումար վճարել։ Այսինքն՝ այդ բացը, որն ունենք չհաշվառված անձանց մասով, այս օրենքի ընդունմամբ մեկընդմիշտ կփակենք»,- ասաց նա։

Հայկ Սարգսյանը նաեւ նշեց, որ այս պահին կա բանակում չծառայելու համար հետախուզվող 18-27 տարեկան 4384 անձ, ովքեր կարող են վերադառնալ եւ անցնել պարտադիր զինվորական ծառայության։ Կա հետախուզվող 27-37 տարեկան 4076 քաղաքացի եւ հետախուզման մեջ գտնվող շուրջ 2000 անձինք, ովքեր 37-57 տարեկան հասակում են։ Անգամ 57 տարեկան տղամարդ կա, ով հետախուզվում է այսօր, սակայն 37-57 տարեկան անձանց վերադարձի դեպքում քրեական գործերը կկարճվեն՝ վաղեմության հիմքով։

Մանրամասները՝ տեսանյութում

Գեղամ Մանուկյանն իր ելույթում ասաց, որ այս նախագիծը հարցին ամբողջական լուծում չի տալիս։ «Տարբեր երկրներում գտնվող հայ երիտասարդներ գտնվում են քրեական հետապնդման տակ, բայց զրկված են նման ծավալի գումարներ ունենալու հնարավորությունից եւ չեն կարողանալու վճարել այդպիսի խոշոր գումարներ ու վերադառնալ հայրենիք»,- ասաց Մանուկյանը։

Ի պատասխան՝ Հայկ Սարգսյանն ասաց, որ այս նախագիծը հարցը լուծում է մեկընդմիշտ։ «Քաղաքացիներ ունենք, ովքեր նշում են, որ 15 մլն-ը մեծ գումար է եւ չեն կարող վճարել։ Մենք այդ քաղաքացիներին ասում ենք՝ եթե չունես 15 մլն, վճարիր 8 մլն, ծառայիր 1 ամիս ժամկետով։ Եթե 8 մլն էլ չունես, արի 6 ամսվա ծառայության, 5 մլն տուր, եթե 5 մլն էլ չունես, արի 1 տարվա ծառայության, ընդամենը 2,5 մլն դրամ տուր։ Կամ եթե ընդհանրապես գումար չունես, մեր մյուս տղաների նման գնա ծառայության»,- նշեց Հայկ Սարգսյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031