«Նախկինում ևս հնարավորություն եմ ունեցել հանդիպելու սրբազանի հետ, քննարկելու տարբեր հարցեր։ Հիմա տեսնում ենք՝ 180 աստիճան փոխված սրբազան։ Այժմ հնարավորություն չեմ ունեցել հանդիպելու և պարզելու՝ ինչն է պատճառը»,-հարցին՝ Արցախի թեմի տեղահանությունից հետո Արցախի թեմի առաջնորդ Վրթանես սրբազանն ի՞նչ քայլեր է ձեռնարկել համախմբելու արցախցիներին և բռնի տեղահանումից հետո բազմաթիվ հավաքներին նա ինչպե՞ս էր արձագանքում, Արցախի ներկայացուցչությունում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այսպես պատասխանեց «Արցախն իմ սրտում» սոցիալ-բարեգործական հիմնադրամի հիմնադիր Նժդեհ Իսկանդարյանը։
Հիշեցնենք՝ Արցախի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանն այն եպիսկոպոսներից է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ստորագրել են փաստաթուղթ, որով պահանջում են Կաթողիկոսի հրաժարականը։
Կարդացեք նաև
Ըստ Նժդեհ Իսկանդարյանի՝ սրբազանի այս պահվածքը խորը ցավ է պատճառել 100 հազարից ավելի արցախցիներին․ «Նախկինում որոշ աշխատանքներ կատարվում էին, փորձում էր թեմը պահել, հանդիպումներ էր ունենում, այն, ինչ ունենք այսօր, 180 աստիճան փոխված է։ Իր գլխավորությամբ հանդիպել ենք Վեհափառին, խնդիրներ ենք քննարկել, ես ամեն դեպքում չէի սպասում»։
Նժդեհ Իսկանդարյանն ասաց, որ Կաթողիկոսն ամուր կանգնած է արցախցիների կողքին․ «Մենք պատրաստ ենք ցանկացած իր կոչով լինել այնտեղ, որտեղ պետք է լինենք։ Մենք մեր մտահոգությունները Վրթանես սրբազանի հետ կապված հայտնել ենք Կաթողիկոսին, բայց չենք ցանկանում խառնվել եկեղեցու գործերին․ իրենք ինչպես հարկ համարեն, մեզ համար ընդունելի է»։
Նժդեհ Իսկանդարյանի ասուլիսն ամբողջությամբ՝ տեսանյութում
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


















































