Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի «Տրդատ» ցուցասրահում կայացավ «Երկիր կառուցած մարդը…» խորագրով ցուցահանդեսի բացման արարողությունը՝ նվիրված ճարտարապետ Սոս Մանուկյանի ծննդյան 115-ամյակին։
Հայտնի է, որ եթե որևէ երկրի ճարտարապետություն աշխարհին ներկայանում է ազգային դեմքով, ապա այդ գործում իրենց մեծ ավանդն ունեն հատկապես ավագ սերնդի ճարտարապետ-շինարարները։ Մեր երկրի դեպքում անգնահատելի է Ալեքսանդր Թամանյանի և նրա աշակերտ-հետնորդ, վաստակաշատ ճարտարապետ Սոս Մանուկյանի դերը, որը շուրջ կես դար իր մասնակցությունն է բերել հայ ճարտարապետության զարգացման գործին։
Կարդացեք նաև
Նա համարվում է Հայաստանում ամենից շատ կառուցած ճարտարապետը, որի նախագծերը ընդգրկում են ամենաբազմազան ոլորտներ՝ բանավաններ, բնակելի շենքեր, հանրային օբյեկտներ, մշակույթի պալատներ, արտադրամասեր, արդյունաբերական հանգույցներ, բազմաթիվ հուշարձաններ… Ի դեպ, ճարտարապետի հիշատակին հուշաքար է տեղադրվել Երևանի Ավետիք Իսահակյանի փողոցի 18ա շենքին, որտեղ Սոս Մանուկյանը ապրել է գրեթե իր ողջ ստեղծագործական կյանքը, շենք, որի նախագծի հեղինակը հենց ինքն է։
Վերը շարադրվածը Aravot.am-ին հայտնեց անվանի ճարտարապետի դուստրը՝ դաշնակահար, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Համասփյուռ Մանուկյանը, որին խնդրեցինք հակիրճ ներկայացնել «ամենից շատ կառուցած» հոր աշխատանքները Հայաստանի ողջ տարածքով, եթե, իհարկե, հնարավոր է։
Մեր զրուցակիցը նախ ասաց, որ Երևանի շինարարական ինստիտուտի ճարտարապետական բաժինը հայրը ավարտել է 1937 թ., և հաջորդ տարի հրավիրվել «Հայպետնախագիծ» ինստիտուտ, ուր իրեն հանձնարարվում է կազմել պատմական Վաղարշապատ քաղաքի՝ Էջմիածնի գլխավոր հատակագիծը, որը հաստատվում է 1939 թ.։ Անմիջապես հետո իրականացնում է Սևան քաղաքի առաջին գլխավոր հատակագիծը՝ գործընկեր Գ. Մուրզայի հետ։
Տիկին Մանուկյանն ապա կտրուկ՝ մի քանի վայրկյան ընդհատեց խոսքը․ պարզվեց, որ դա կապված է Հայրենական պատերազմի դաժան տարիների հետ, որի մասնակից է եղել հայրը։ «Երբ սկսվեց պատերազմը, հայրս ճարտարապետների որակավորման կուրսերի էր մասնակցում Լենինգրադում, որտեղից էլ մեկնում է հարավային ռազմաճակատ, այնուհետև՝ Վոլխովի ճակատ, մասնակցում Լենինգրադի շրջափակումը ճեղքող մարտերին, ապա՝ հայտնի Курская дуга-ի կատաղի մարտերին… Բազմաթիվ պարգևների արժանացած ավագ ինժեներ-լեյտենանտ հայրս ռազմաճակատից, պատերազմից վերադառնալուց հետո, սկսում է Վաղարշապատի գլխավոր հատակագծի իրականացումը՝ կատարելով քաղաքի գլխավոր ճարտարապետի պարտականությունները»։
Հետո մեր զրուցակիցը դարձյալ մի քանի վայրկյան ընդհատելով խոսքը՝ այս անգամ ասաց, որ հոր աշխատանքների թվարկումը այնքան ծավալուն է, որ դրանք հերթականությամբ, տարեթվերով ներկայացնելուց զերծ կմնա, որից հետո սկսեց թվարկումը, որոնք այսօր էլ ճանաչված ու հայտնի են։ Այսպես՝ Քանաքեռի Ալյումինի գործարանի ու դրա բնակելի թաղամասերի հատակագծումն ու կառուցապատումը, այդ թվում՝ իր բացառիկությամբ առանձնացվող Մշակույթի տունը, Հրազդան քաղաքի նոր գլխավոր հատակագիծը (1978 թ.)՝ կապված «Հրազդանմաշ» գործարանի տեղադրման հետ, 1950-ականներին՝ Երևանի Արշակունյաց պողոտայում, Թբիլիսյան խճուղում, Իսահակյան փողոցում, «Հրազդան» մարզադաշտի շրջակայքում բնակելի տների համալիրներ, Գյումրիի Գորկու փողոցում հանրային օբյեկտներ, Երևանի հին Նորքում՝ նախաբուժարանի շենքը, Կույրերի միության բնակելի տուն-կոմբինատը, մանկապարտեզներ, դպրոցներ, հյուրանոցներ, հանրակացարաններ, մշակույթի պալատներ ու ակումբի շենքեր, հուշարձաններ՝ նաև Էջմիածնում, Մասիսում, Արտաշատում, Չարենցավանում, բազմաթիվ ՀԷԿ-եր…
Տիկին Մանուկյանը հատուկ նշեց, որ Հայաստանի ճարտարապետների պալատի միջնորդությամբ Վաղարշապատի փողոցներից մեկը 2020 թ. անվանակոչվել է հոր անունով։
Զրույցի ավարտին Համասփյուռ Մանուկյանը մի տեսակ հպարտ կեցվածք ընդունեց ու ասաց. «Հայրս Երկիր կառուցած մարդ է, նրա դեմքին Երկիր կառուցած մարդու հպարտություն կար»։
Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ





















































