«Առավոտի» զրուցակիցն է Միջազգային ու համեմատական իրավունքի կենտրոնի ղեկավար Սիրանուշ Սահակյանը։
-Չորս հայ բանտարկյալների ազատ արձակմանը հնարավո՞ր է հետեւեն նաեւ այլ ազատումներ։ Այս պահին ըստ Ձեզ՝ ինչպիսի՞ն է միջազգային իրավական եւ քաղաքական դաշտում տրամադրվածությունը։
– Այլ գերիների ազատ արձակման հնարավորություն, իրականում կա, իհարկե, այսօր նաեւ ադրբեջանական մեդիադաշտում ինտենսիվ քննարկվում էր, որ նախկին ռազմաքաղաքական ղեկավարների վերադարձը պատրանքային է, իրական չէ եւ չի կարող տեղի ունենալ, բայց կարծում եմ՝ սա ընդամենը չորս գերիների վերադարձի ֆոնին էր։ Քանի որ հասարակությունն առանձին դեպքերում թշնամական է վերաբերվում նաեւ մարդասիրական հարցերի լուծմանը։ Իմ գնահատմամբ՝ այս բացասական տեղեկությունը տարածվել էր հասարակության բացասական տրամադրվածությունները մեղմելու համար։ Դժվարություններ ակնհայտորեն լինելու են ռազմաքաղաքական ղեկավարների վերադարձի մասով, սակայն ես դրական կանխատեսում ունեմ այս կարգավիճակից զատ մյուս գերիների վերադարձի առնչությամբ։ Կարծում եմ, որ խաղաղության համատեքստում բանակցային ճանապարհով այս խնդիրը կարող է իր դրական լուծումը ստանալ։ Խաղաղության գործընթացում առանցքային դերակատարում ունի ամերիկյան կողմը, ամերիկյան ջանքերն արդյունավետ են եղել նաեւ գերիների ազատ արձակման հարցում։ Մենք ունենք շատ տպավորիչ ցուցանիշ, երբ ջերմուկյան դեպքերից հետո երեք տասնյակ հայ գերիներ գերեվարվեցին, սակայն ամերիկյան ներգրավվածությամբ երկշաբաթյա ժամկետում նրանք ազատ արձակվեցին։ Նույնական, սկզբունքային, հետեւողական մոտեցում ցուցաբերելու պարագայում խնդիրը ԱՄՆ կողմից ներգրավվածությանբ լուծելի եմ համարում։
– Արդյոք հայ 4 բանտարկյալների ազատ արձակումը կարո՞ղ է թեթեւացնել Ադրբեջանի կողմից խախտումները միջազգային հանրության աչքին։
Կարդացեք նաև
– Եթե դիտարկում ենք իրավաքաղաքական դաշտը, կարծում եմ՝ այս պահին կենսունակ է հենց քաղաքական դիվանագիտական ոլորտը, սակայն իրավականը երաշխավորող, պաշտպանիչ նշանակություն ունի։ Օրինակ՝ նույն իրավական գործընթացներով ադրբեջանական կողմը ՄԻԵԴ-ին օրեր առաջ ներկայացրեց մանրամասն տեղեկություններ այնտեղ գտնվող գերիների առողջական վիճակի, պահման պայմանների եւ այլ հանգամանքների վերաբերյալ։ Դատական ատյանների ներգրավվածությունը մեծ եւ զգոն վիճակում է պահում Ադրբեջանի պատասխանատվությունն այնտեղ գտնվող հայերի կյանքի համար։
– Մտավախություն չկա՞, որ Ադրբեջանն այս 4 անձանց ազատումը կարող է ներկայացնել որպես «վստահության ամրապնդման» փորձ եւ արդյոք այս հարցում մենք գործ ունե՞նք հումանիտար իրավունքի հետ, թե՝ զուտ քաղաքական գործընթաց է։
– Մենք՝ ինքներս կարծում ենք, որ գերիների վերադարձը պետք է դիտարկել՝ որպես երկու պետությունների միջեւ վստահության վերականգնման կարեւոր միջոցառում։ Խաղաղության խոստումները իրական չեն կարող լինել, իրականության տպավորություն չեն կարող թողնել հասարակության շրջանում, եթե մարդասիրական բնույթ ունեցող խնդիրները մնում են չլուծված։ Իսկ մարդասիրական բնույթի առաջնային խնդիրներից է հենց գերիների ազատ արձակման հարցը, եւ որպես երկարաժամկետ կենսունակ խաղաղության նախապայման՝ մենք դիտարկում ենք գերիների վերադարձը։ Սա այն թեստն է, որը հաղթահարելու պարագայում մենք կարող ենք խոսել հայ-ադրբեջանական հասարակությունների խաղաղ համագոյակցման պոտենցիալի մասին։
– Այն, որ ՀՀ վերադարձած գերիների հարազատները տեղյակ չեն եղել վերադարձի մասին, սա ընդունվա՞ծ պրակտիկա է, թե՝ ոչ։
– Հայ- ադրբեջանական հարաբերություններում անկանխատեսելիությունը եղել է։ Սա պրակտիկային լրիվ համահունչ գործելակերպ էր, ավելին, ունեցել ենք դեպքեր, երբ հրապարակվել են հայրենադարձվող գերիների անուններ, սակայն ցուցակում նշված անձը չի հայրենադարձվել։ Մինչեւ վերջին պահն էլ փոփոխություններ եղել են, որոշակի պայմանավորվածություններ վերանայվել են, եւ թերեւս սա էլ կարող է պատճառ լինել, որ ի սկզբանե ընտանիքի անդամները տեղեկացված չեն եղել։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
16.01.2026


















































