Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանն ուշագրավ է համարում այն, որ Հայաստանի ԱԳ նախարարի այցը Միացյալ Նահանգներ տեղի ունեցավ այն պահին, երբ «եռում» է Իրանը։ «Թեպետ հիմա բողոքի ցույցերի ալիքը, կարծես թե, մի փոքր նվազել է, բայց, այնուամենայնիվ, անորոշությունն Իրանի շուրջ մնում է։ Չեմ կարծում, որ այս պահի դրությամբ կարող ենք ասել, որ այսօրվա Իրանի ճակատագիրը որոշակի է, որովհետև արտաքին խաղացողները բավականին ակտիվ են, և, կարծես թե, նրանք են նաև տաքացնում իրավիճակը երկրի ներսում։ Այս պայմաններում բավականին հապճեպ կազմակերպվում է չհայտարարված այց Միացյալ Նահանգներ՝ պետքարտուղար Ռուբիոյի հետ հանդիպման առումով»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Հակոբյանը։ Նա վստահ չէ, որ ԱՄՆ-ում քննարկված հիմնական թեման եղել է «TRIPP»-ը։
«Կարծում եմ, որ Միացյալ Նահանգները Հայաստանի ղեկավարության ներկայացուցչի՝ արտգործնախարարի հետ ավելի շատ քննարկել են նաև Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը, և Միացյալ Նահանգների ակնկալիքները Հայաստանի իշխանություններից: Պաշտոնական օրակարգը եղել է «TRIPP»-ի շուրջ։ Կարծում եմ՝ սրա մասին վկայում է նաև այն, որ տարեվերջին բավականին համառորեն ինֆորմացիա էր տարածվում, որ Հայաստան է ժամանելու Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։ Այդ ժամանակ խոսվում էր այն մասին, որ նա ժամանելու է Հայաստան, և ստորագրվելու է ինչ-որ փաստաթուղթ ճանապարհի պրակտիկ գործարկման մասին։ Մինչդեռ տեսանք, որ այդ գործընթացը տեղի ունեցավ Վաշինգտոնում։ Սա նշանակում է, որ Վենսը չի գալո՞ւ։ Կարելի է ենթադրել, որ այնքան հրատապ խնդիր էր առաջացել «TRIPP»-ի թեմայից դուրս, որ անհրաժեշտություն եղավ Միրզոյանին կանչել Վաշինգտոն։
Անդրադառնալով Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթին՝ քաղտեխնոլոգն ասում է՝ առկա հարցերն իրենց պատասխանները չեն ստացել։ «Նախ՝ փաստաթղթում բազմիցս նշվում է ինքնիշխանություն տերմինը։ Եթե ֆորմալ առումով սուվերեն պետությունների հայտարարությունում մի պետության ինքնիշխանությունն անընդհատ շեշտվում է, ուրեմն հատուկ խնդիր կա այդ թեման կա՛մ փակել, կա՛մ քողարկել։ Տվյալ պարագայում լեգիտիմ իրավունք ունենք մտածելու, որ քողարկվում է թեման։ Այդ հանդիպումից հետո Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել են և քննարկել «TRIPP»-ի շուրջ զարգացումները։ Քննարկման ժամանակ կրկին հնչեցրել են «Զանգեզուրի միջանցք» եզրույթը։ Այստեղ գործ ունենք ավելի շատ քաղաքական փիառի, քողարկումների, քան հարցերի պատասխան ստանալու հետ։ Փաստաթղթում խոսքը «front office»-ի և «back office»-ի մասին է։ Ասվում է, որ, ըստ էության, ադրբեջանցիների հետ շփվելու է այդ «front office»-ը, որն ամերիկյան կազմակերպություն է լինելու, այլ ոչ թե հայ մաքսավորները։ Ակնհայտ է, որ Ադրբեջանի պահանջն այս առումով կատարվում է, Ալիևն ասում էր, որ ադրբեջանցիները չպետք է հայերի տեսնեն։ Բացի դրանից, «TRIPP»-ի մասնաբաժնի 74 տոկոսը կլինի ԱՄՆ-ինը, 26-ը՝ Հայաստանինը։ Կարող ենք ասել, որ առնվազն սուվերենության մասնակի զիջում է տեղի ունեցել Հայաստանի տարածքի այդ հատվածում։ Մյուս կողմից՝ անհասկանալի է՝ այդ «front office» և «back office» գաղափարը վերաբերում է նաև Ադրբեջանի՞ տարածքին։ Օրինակ՝ Նախիջևանում էլ է այդպես լինելո՞ւ, թե ոչ, հայերը տեսնելո՞ւ են ադրբեջանցիներին, եթե որոշեն թե՛ Նախիջևանի, թե՛ Ադրբեջանի հիմնական մասով գործունեություն ծավալել կամ տուրիզմով զբաղվել։ Ինչո՞ւ Ադրբեջանի կողմում չկա այդ «front office»-ը։ Բազմաթիվ հարցեր կան, բայց ամենակարևորն այն է, որ Ադրբեջանը և Թուրքիան «TRIPP» ծրագիրն ընկալում են որպես «Զանգեզուրի միջանցք»։ Այս պահի դրությամբ սա իրենց բավարարում է, որովհետև իրենք, ըստ էության, ճանապարհ են ստանում, որը Հայաստանի վերահսկողությունից դուրս է։ Եվս մեկ նկատառում։ Հայտարարվում է, որ Միացյալ Նահանգները կարող է իր բաժնեմասի վերանայում կատարել, այսինքն՝ կարող են դրա ինչ-որ մի հատված այլ կազմակերպությունների տրամադրել։ Հայաստանը կարո՞ղ է որոշումներ ընդունել, թե իր տարածքում էլ ով կարող է դե յուրե և դե ֆակտո մասնաբաժին ունենալ այդ ծրագրում։ Նույնիսկ, եթե համարենք, որ դե յուրե նման հնարավորություն Հայաստանի Հանրապետությունը կարող է ունենալ, և Հայաստանի Հանրապետության խոսքը կամ կարծիքը որոշիչ կարող է լինել, հարց է առաջանում՝ դե ֆակտո Հայաստանի իշխանությունները, եթե այս իշխանություններն են մնում, կարո՞ղ են Միացյալ Նահանգների ցանկությունների դեմն առնել։ Կարծում եմ, որ, հաշվի առնելով այսօրվա իրողությունները և Հայաստանի այսօրվա իշխանությունների վարքագծային նախադեպերը, պատասխանն ակնհայտ է. որևէ մեկը Հայաստանի իշխանությունների կարծիքն ինչպես հաշվի չի առնում, այնպես էլ հաշվի չի առնելու հետագայում։ Ամերիկյան մասնաբաժնի շուրջ բավականին լուրջ հակամարտություններ են լինելու, որոնք տեղի են ունենալու Հայաստանի տարածքի շուրջ, այսինքն՝ պրոքսի պայքարը տեղի է ունենալու Հայաստանի տարածքի շուրջ»,-հավելում է նա։
Լուսինե ԱՌԱՔԵԼՅԱՆ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում


















































