Լրահոս
Օրվա լրահոսը

Ստացվում է՝ Հայաստանը բարեկամության ժեստ է անում միջազգային ահաբեկիչների ուղղությամբ․ «Հրապարակ»

Հունվար 17,2026 11:20

Հայ գերիների վերադարձն ավետել է վարչապետը, իսկ Հայաստանում ցմահ ազատազրկման դատապարտված սիրիացիներ Յուսեֆ Ալաաբեթ ալ-Հաջինի եւ Մուհհռաբ Մուհամմադ ալ-Շխերինի՝ Թուրքիայի միջոցով փոխանցման մասին հայտնեց արդարադատության նախարարությունը՝ հաղորդելով նաեւ, որ այն իրականացվել է համապատասխան իրավասու մարմինների միջեւ համագործակցության եւ կիրառվող իրավական մեխանիզմների ներքո, եւ սիրիացիները Սիրիայի Հանրապետությունում շարունակելու են կրել իրենց պատիժը:

Ինչպե՞ս կարող էր այսպիսի զուգադիպություն լինել: Վարչապետը ճեպազրույցի ժամանակ չի պատասխանել այս հարցին:

Սիրիայի քաղաքացի, ազգությամբ արաբ Յուսեֆ Ալաաբեթ ալ-Հաջինը դատապարտվել է ՀՀ քրեական օրենսգրքի 389-րդ հոդվածով (միջազգային ահաբեկչություն), 34-390-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 3-րդ մասի 1-ին կետով (միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի լուրջ խախտումները՝ զինված ընդհարումների ժամանակ) եւ 395-րդ հոդվածի 3-րդ մասով (վարձկանություն)։

Մուհհռաբ Մուհամմադ ալ-Շխերինը, ըստ դատախազության տվյալների, անձամբ իրականացրել է 23 վարձկանների հավաքագրում: Ըստ նրա ցուցմունքների, նա եղել է Արցախ տեղափոխված 250 հոգանոց խմբավորման կազմում, որին հրաման էր տրված հարձակվել հայկական կոնկրետ գյուղի վրա, սպանել բոլոր բնակիչներին, պայթեցումներ, հրկիզումներ իրականացնել:

Արդյո՞ք սա զուտ բարեկամական ժեստ է, որքանո՞վ է այն հաջողված եւ ի՞նչ կապ ունի Սիրիայի հետ բարեկամությունը Թուրքիայի միջոցով Հայաստան վարձկաններ ուղարկելու հետ:

Ադրբեջանի հարցերով փորձագետ Արմինե Ադիբեկյանը, որը նախկին իշխանության օրոք, խաղաղ պայմաններում ներգրավված է եղել գերիների վերադարձի համար տարվող աշխատանքներում, վստահեցնում է, որ Նիկոլ Փաշինյանը ստում է՝ ասելով, թե մեր գերիների վերադարձն ու վարձկանների հանձնումն իրար հետ կապ չունեն: Եվ ինչո՞ւ է խաբում, ի՞նչ կա խաբելու, ի վերջո, փոխանակումն ընդունված պրակտիկա է: Մեր հարցին փորձագետը պատասխանում է. «Իսկ եղե՞լ է այնպիսի դեպք, որ Նիկոլը չի խաբել: Նա փորձելու է սա մեզ վրա ծախել՝ համոզելու համար, որ իր հեղինակության ու քաշի շնորհիվ է սա տեղի ունեցել, որ ինքը ստիպել է, պարտադրել է՝ գերիներին ազատել, ներքին լսարանին էր խոստացել, ու հիմա՝ հոպ, իր խոստումը կատարել է»:

Հիշեցնեմ․ 44-օրյա պատերազմի օրերին Հայաստանի այն ժամանակվա օմբուդսմեն Արման Թաթոյանը միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել էր «ծայրաստիճան վտանգավոր եւ հանցավոր» երեւույթի վրա՝ որ Ադրբեջանի տարածքից հայկական բնակչության դեմ զինված հարձակումներին մասնակցող վարձկաններ, ԻԳԻԼ-ի, այլ ահաբեկչական խմբավորումների անդամներ են:

Ստացվում է, որ այսօր Հայաստանը հետ է կանգնում իր այս դիրքորոշումներից եւ բարեկամության ժեստ է անում միջազգային ահաբեկիչների ուղղությամբ:

Նկարում Սիրիայի քաղաքացի, ազգությամբ արաբ Յուսեֆ Ալաաբեթ ալ-Հաջին է

Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031