-Իրավական տեսանկյունից գործի անջատման հիմքեր չկան, քանի որ վերագրվող արարքները նույնական են, դեպքերը փողկապակցված են, ապացույցները նույնական են: Անձով պայմանավորված ոչ իրավական առումով օբյեկտիվ առանձնացում ենք տեսնում, բայց դատավարությունները ընթացել են այս տրամաբանությամբ,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի» նախագահ, Մարդու իրավունքների Եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) հայ գերիների շահերի ներկայացուցիչ, իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը՝ անդրադառնալով Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանի գործը մյուս 15 գերիների գործից առանձնացնելու ու առանձին դատավարությամբ Բաքվում քննելու գործընթացին:
Նա հիշեցրեց՝ հունվարին Վարդանյանի հայտարարությունը, որ ինքնախոստովանական ցուցմունքներ չեն տրվել, կան ստորագրված արձանագրություններ նախաքննության փուլում, որոնք կեղծ են, այն փաստաբաններն ու թարգմանիչները, որոնք ստորագրել են այդ փաստաթղթի տակ, արել են պարտադրված. «Թեեւ Ադրբեջանի իշխանությունները իմիտացրին բաց դատավարություններ, բայց այդ դատավարություններն իրենց բնույթով փակ էին, փակ են եղել անկախ մասնագետների, անկախ լրագրողների համար, դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպությունների ու լրատվամիջոցների համար: Թերեւս ադրբեջանական պետական լրատվական գործակալությունն է հանձնառել պաշտոնական լուսաբանումը, իսկ լուսաբանումը եղել է միակողմանի: Այն բոլոր դեպքերում, երբ հնարավորություն ենք ունեցել ստանալ այլընտրանքային տեղեկատվություն, եղել են անհամապատասխանություն կամ առնվազն ոչ ամբողջական տեղեկությունների հրապարակում»:
Սահակյանի խոսքով՝ մոտ մեկ տարի ընթացող դատավարություններում չտեսանք կոնկրետ փաստեր, կոնկրետ ապացույցներ ու արարքները այդպես էլ մնացին չապացուցված. «Մենք կարող ենք նկատել, որ հիմնական մեղադրանքները քաղաքական թեզերի էին վերածվում, ամբողջ դատավարության նպատակը Արցախի քաղաքական միավորի ապալեգիտիմացումն էր ու ցուցադրական պատիժը բոլոր այն հայերի նկատմամբ, որոնք ի նպաստ Արցախի գործունեություն էին իրականացրել»:
Փորձագետը, անդրադառնալով հայ գերիների պահման վայրերին, նկատեց, որ «Կարմիր խաչի» աշխատանքի արդյունքում որոշ դատապարտված գերիների տեղափոխել են նոր կառուցված քրեակատարողական հիմնարկներ, որտեղ պահման պայմաններն անհամեմատ ավելի լավն են եղել, քան սկզբնական վայրերը. «Բայց մի վերապահում անեմ, որ երբեմն ադրբեջանական մամուլը լուսանկարներ տարածում, որտեղ իբր հիմնական հիմունքներով պահվում են հայերը, դրանք իրականում լուսանկարչական նկատառումներով առանձնացված սենյակներ են, որտեղ հայ բանտարկյալներին այցելում են ադրբեջանցի պաշտոնյաներ ու ներքին լսարանին ցուցադրում, որ մարդասիրական նորմերը Ադրբեջանում պահպանվում են: Դրանով փորձ է արվում բարձրացնել իրենց օմբուդսմենի դերը: Մենք նաեւ այս գործընթացի ու «Կարմիր խաչի» գործունեության դադարեցման միջեւ կապեր ենք տեսնում: Մի կողմից փակվում է «Կարմիր խաչը», մյուս կողմից կադրեր են հրապարակվում, որտեղ օմբուդսմենի այցելությունները դիտարկվում են որպես փոխարինող արդյունավետ միջոցներ: Մենք այս մոտեցումը չենք կիսում ու մեր միջազգային գործընկերներին էլ տեղեկացրել ենք, որ օմբուդսմենական ինստիտուտն անկախ չէ Ադրբեջանում ու որեւէ աջակցություն այս ինստիտուտի կողմից չի կարող բավարար լինել»:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ


















































