-2025 թվականի հոկտեմբերից սկսած՝ Բաքվում պահվող գերիների դատավարությունների մասին տեղեկություններ ստանալու միակ աղբյուրը պաշտոնական լրատվամիջոցներն են,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի» նախագահ, Մարդու իրավունքների Եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) հայ գերիների շահերի ներկայացուցիչ, իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը:
Նա հիշեցրեց, որ դեկտեմբերի 26-ին 15 գերիների գործով դատավարության վերջին նիստն էր, այս գործով դատարանը գնացել է խորհրդակցական սենյակ, այս ամիս ակնկալում են ունենալ դատավճիռ. «Հետաքրքրական զարգացում տեղի ունեցավ Ռուբեն Վարդանյանի գործով, դեկտեմբերի 27-ին նշանակված էր նիստը, որի ընթացքում պետք է վերջին խոսքի իրավունք տրվեր, բայց հանրային պաշտպանի առողջական խնդիրների պատճառաբանությամբ նիստը հետաձգվեց, մեկ այլ նիստ նշանակվեց, այն եւս հետաձգվեց անհեթեթ պատճառաբանությամբ՝ դատարանը գտնվում է խորհրդակցական սենյակում: Այսինքն՝ 15 -ի գործով դատարանը հեռացել էր խորհրդակցական սենյակ, այս հանգամանքը օգտագործվեց գործի հետագա ձգձգումը արդարացնելու նպատակով: Եթե այս հանգամանքը լիներ հետաձգման իրական պատճառ, ապա դեկտեմբերի 27-ի նիստը եւս պետք է հետաձգվեր այս հիմքով: Սա մեզ թույլ է տալիս մտածել, որ Վարդանյանի գործով որոշակի չափով գործընթացի ձգձգման միտումներ կան: Հիմնական պատճառները վերհանելը դժվար է»:
Սիրանուշ Սահակյանը ընդգծեց, որ գերիների գործերը քննվել են ռազմական տրիբունալների կողմից, այդ թվում՝ Ռուբեն Վարդանյանի գործը. «Որտեղ մենք ունենք մեկ ամբաստանյալ քաղաքացիական անձ: Իսկ ռազմական տրիբունալները ընտրվում են սուբյեկտների հիմքով, այսինքն՝ մեղադրյալը պետք է ռազմականացված անձ լինի, որ կոմպետենտ դատարանը լինի ռազմական դատարանը: Հետաքրքրական է՝ կալանքի ձեւական որոշումների ժամանակ սկզբնական փուլում Ադրբեջանի իրավապահ մարմինները միջնորդությունները ուղարկել են հենց քաղաքացիական դատարաններ, ուստի հետագայում է որոշում կայացվել գործը փոխանցել ռազմական դատարանին: Ինչը մենք մեկնաբանում ենք քաղաքական պատվերի շրջանակում»:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ


















































